ԷԵԲՊ-ի Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր կոնֆերանսին

20-09-2018 18:29:56   | Ավստրիա  |  Տնտեսություն
 


 
 
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Գարեգին Բաղրամյանի գլխավորությամբ՝ Հայաստանի պատվիրակությունը Վիեննայում էր՝ մասնակցելու ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր կոնֆերանսի 62- րդ նստաշրջանին։
 
Համաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավարն իր ելույթում անդրադարձել է ԱԷՄԳ-ի հետ սերտ համագործակցությանը: Նախարարի տեղակալը վերահաստատել է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է ստանձնած պարտավորությունների կատարումը, բաց է կառուցողական երկխոսության և համագործակցության համար: Գարեգին Բաղրամյանը նշել է, որ ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացումը երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում է, և որ հայկական կողմը պատրաստ է ԱԷՄԳ-ի տեխնիկական համագործակցության շրջանակում Հայաստանում կազմակերպել տարածաշրջանային և միջազգային հանդիպումներ: 
Այցի շրջանակում տեղի են ունեցել նաև աշխատանքային մի շարք հանդիպում-քննարկումներ:
ԱԷՄԳ-ի տեխնիկական համագործակցության բաժանմունքի ղեկավարության հետ քննարկվել են հետագա համագործակցության ծրագրերը: ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի կողմից ստորագրվել է Երկրի համագործակցության շրջանակային փաթեթը: 
ԱԷՄԳ-ի սեյսմիկ ու հրաբխային անվտանգության ռիսկերի գնահատման բաժանմունքի հետ հանդիպմանը քննարկվել է Հայաստանի մասով ծրագրի իրականացման ընթացքը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել անցկացնել ԱԷՄԳ-ի նախնական առաքելություն ՀԱԷԿ-ի սեյսմիկ և հրաբխային ռիսկերի ծրագրի գնահատման նպատակով: 
ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են ՀԱԷԿ-ի սթրես թեսթի արդյունքները և առաջարկությունների իրականացման նպատակով մշակված պլան-ժամանակացույցը: ԵՄ-ի ներկայացուցիչները ցանկություն են հայտնել այցելելու Հայաստան և տեղում ծանոթանալու կատարված աշխատանքներին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել վերջնական հաշվետվություն ներկայացնել 2019 թվականի սեպտեմբերին: ԵՄ-ի առաքելությունը կմեկնարկի 2019 թվականի նոյեմբերից: 
ԱՄՆ Տեխասի նահանգի Միջուկային էներգետիկայի ինստիտուտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վերջիններս ներկայացրել են ինստիտուտի հնարավորությունները, ինչպես նաև՝ ուսումնական վարժանք իրականացնելու մեծ փորձառությունը: Միջուկային էներգետիկայի ինստիտուտի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել Հայաստանից ևս մասնակիցներ ներգրավել վարժանքներին: 
ՀՀ պատվիրակությունը Վիեննայում հանդիպել է նաև ՉԺՀ պատվիրակության ներկայացուցիչների հետ: Քննարկվել է Ատոմային էներգիայի՝ խաղաղ նպատակով օգտագործման մասին միջկառավարական համաձայնագրի նախագիծը: 
Այցի շրջանակում պատվիրակները մասնակցել են նաև Ղազախստանի պատվիրակության կազմակերպած միջոցառմանը՝ նվիրված Ղազախստանի անդամակցությանն  ԱԷՄԳ-ի Արևելյան եվրոպական խմբին, այնուհետև այցելել են Ֆրանսիայի Հանրապետության ցուցահանդեսին՝ նվիրված ատոմային մոդուլյար էներգաբլոկներին: 
Նշենք, որ ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր կոնֆերանսի 62- րդ նստաշրջանն անցկացվում է  սեպտեմբերի 17-ից 21-ը:
 
Տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի   բաժին
 
Նոյյան տապան   -   Տնտեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 747 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար