Հայաստանի Հանրապետության ապագան այլևս մեր ձեռքերում է.Արա Բաբլոյան

21-09-2018 11:29:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
  
Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի հայրենակիցներ, 
 


այսօր Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում մենք տոնում ենք Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձը: 
Անցած քսանյոթ տարիները մեզ համար եղան պետականաշինության, ժողովրդավարության հաստատման ու քաղաքացիական հասարակության ձևավորման տարիներ: Եղան պետական ու հասարակական կյանքի բոլոր ասպարեզների վերափոխման և ազգային օրենսդրության մշակման տարիներ:
Միաժամանակ, Հայաստանը դարձավ միջազգային հանրության լիիրավ անդամ, գործուն մասնակցություն ունեցավ միջպետական տարբեր դաշինքների ստեղծմանը՝ դրանով իսկ ընդլայնելով ու ամրապնդելով իր տնտեսության զարգացման հնարավորությունները և անվտանգային միջավայրը:
1991 թվականի այս օրը կանգնած լինելով կանխատեսելի ու անկանխատեսելի մարտահրավերների, բազմաթիվ փորձությունների և հարցականների առջև՝ մենք անբեկանելի վճռով ուրվագծեցինք մեր հայրենիքի ազատ ապագան: Անկախ պետականություն կառուցելու ճանապարհը մեզ համար անցավ պատերազմի արահետներով: Եվ այսօր տոնելով Հայաստանի Հանրապետության ծննդյան հերթական տարեդարձը՝ առաջին հերթին պիտի ոգեկոչենք հայրենիքը, հայությանն ու սեպտեմբերի 21-ի խորհուրդը պաշտպանելիս ընկածների պայծառ հիշատակը: Հավերժ փառք նրանց: 
Սիրելի բարեկամներ,
սեպտեմբերի 21-ը խորհրդանշում է անկախության համար հայ ժողովրդի մղած դարավոր պայքարի փառավոր էջերն ու փորձություններով լի պահերը և դարձել է ազատ ապագա կերտելու մեր ձգտման իրավական վավերացումը: Դրա շնորհիվ այսօր պահպանում ու զարգացնում ենք մեր քաղաքակրթական ինքնատիպ ու հարուստ ժառանգությունը, ունենք ժողովրդավարական հասարակություն, պաշտպանված հայրենիք և խելակորույս արագությամբ փոխվող աշխարհի կարևորագույն գործընթացներին ինտեգրված պետություն: 
Մենք համաժողովրդական պայքարով ենք հասել այս նվաճումներին, որոնք պահպանելու և ամրապնդելու համար այսօր և միշտ անհրաժեշտ է ըմբռնումն այն պարզ իրողության, որ Հայաստանի Հանրապետության ապագան այլևս մեր ձեռքերում է: 
Սիրելի հայրենակիցներ,
սեպտեմբերի 21-ը մեր պետական տոնացույցում անջնջելի  տառերով գրվեց առաջին հերթին հայ ժողովրդի միասնության շնորհիվ: 
Վերջին շրջանում մենք ներքաղաքական պայքարի լարված ամիսներ ենք ապրում: 
Սակայն, անցած քսանյոթ տարիների անգամ ամենադրամատիկ պահերն ապացուցել են, որ մենք ժողովրդի հավաքական իմաստությամբ հաղթահարում ենք բոլոր փորձությունները, հավատում ենք մեր ուժերին և իրականություն ենք դարձնում ապագային նայող ծրագրերը: Վստահ եմ, որ հիմա էլ այդպես կլինի և կսկսվի լուծումներ գտնելուն միտված կառուցողական քննարկումների ժամանակը:
Յուրաքանչյուրս հստակ գիտակցենք մեր տեղը, դերը և պատասխանատվությունը Հայաստանի ու հայության հանդեպ և ամենատարբեր ասպարեզներում հնարավորին չափով մեր ավանդը բերենք բոլորիս երազած հայրենիքը կառուցելու գործին: 
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի և Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ: Մաղթում եմ առողջություն, խաղաղություն եւ բարեկեցություն: 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1790 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար