Հին համակարգի մնացորդները մոբիլիզացվել են ներկայիս կառավարության քաղաքականության դեմ

21-09-2018 16:10:18   | Հայաստան  |  Հոդվածներ
Հայտնի է դարձել, որ Հայաստանի երեք նախագահները չեն մասնակցելու Անկախության օրվա տոնակատարությանը: Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակը պատճառը չի նշել, իսկ մյուս երկուսի դեպքում ամեն ինչ պարզ է: Նրանք էլ պատճառ չեն նշել, բայց Շարմազանովն ասել է, որ Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին անվանել է քաղաքական դիակներ:
 


Մյուս կողմից, երեք նախագահների չմասնակցությունը խիստ հատկանշական է: Նրանց գործունեության շրջանում Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակվել է ոչ միայն քաղաքական ու տնտեսական որոշումներով, այլեւ արժեքային-հոգեբանական: Երեքին էլ բնորոշ է եղել մեր ժողովրդի ուժերն ու կարողություններն անտեսելու, արտաքին հովանավոր ունենալու, ոտքերը վերմակի չափով մեկնելու կենսափիլիսոփայությունը:
 
Նրանց օրոք հետեւողականորեն ոչնչացվեցին իշխանության ձեւավորման Սահմանադրական մեխանիզմները, Սահմանադրական պետականությունը նենգափոխվեց նախ ռազմական օլիգարխիայի, ապա քրեական օլիգարխիայի իշխանությամբ, որի բազան համակարգային կոռուպցիան էր, իսկ «գաղափարաբանությունը»՝ կոլաբորացիոնիզմը:
 
Երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունն արդեն իսկ ենթարկված էր այս տրամաբանությանը: Զուր չէ, որ երեք նախագահներն էլ կողմ էին արտահայտվում Ղարաբաղը «խաղաղ հանձնելուն»: Ղարաբաղը պարզապես Հայաստանի մի մասը չէ, Ղարաբաղը Հայաստանի անկախության երաշխավորն է, եւ Հայաստանը անկախ պետություն է, քանի դեռ Ղարաբաղում կանգնած է հայկական բանակը:
 
Ղարաբաղը Ադրբեջանից չէ, որ անկախացել է՝ դա շատ մանր խնդիր է ահռելի աշխարհքաղաքական զարգացումներում: Ղարաբաղն անկախացել էր կայսրությունից, եւ Ղարաբաղում հայկական հաղթանակը Հայաստանի անկախության ու աշխարհքաղաքական դերի ամրագրումն էր, առանց որի անիմաստ է որեւէ պետության գոյությունը:
 
Ի դեպ, ապրիլյան հեղափոխությունն էլ միայն Սերժ Սարգսյանին հեռացնելու համար չէր՝ դա շատ մանր խնդիր էր հարյուր հազարավոր մարդկանց՝ փողոցները հեղեղելու համեմատ՝ հայ ժողովուրդը լուծում էր շատ ավելի խորքային խնդիր:
 
Երեք տասնամյակ Ղարաբաղի հաղթանակը պարզապես մսխվել էր, դարձել ալիբի ու մոնիպուլյացիաների առարկա քրեական խմբավորումների համար, նսեմացնելով ու պարզունականացնելով նրա իրական արժեքը:
 
Անկախությունը ազատություն է, արժանապատվություն ու պատասխանատվություն: Դրան հակացուցված է ողջ այն արժեքային համակարգը, որը խրախուսվում էր նախորդ ռեժիմների օրոք եւ որը հանգում էր համայնքային-ծիսական գոյակերպին, որտեղ արդեն արդարացվում էր գողությունը, երկրի շահերը, տարածքներն ու ինքնիշխան որոշումների իրավունքը արտաքին հովանավորին հանձնելը:
 
Զուր չէ, որ հին համակարգի մնացորդները մոբիլիզացվել են անկախության ու ինքնիշխան որոշումներին ուղղված ներկայիս կառավարության քաղաքականության դեմ: Ընդ որում, արտաքին հովանավորների միջամտության հույսով:
 
Նոր Հայաստանը խնդիր ունի վերականգնել արժեքներն ու իմաստները, կերտել ու խրախուսել իրավունքի ու պատասխանատվության գիտակցությամբ քաղաքացուն: Ապրիլյան հեղափոխությունը դրա մեկնարկն է, ու դրա պատասխանատվությունը կրում են բոլորը:
 
 
 
Նոյյան տապան   -   Հոդվածներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 911 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար