Հանգուցյալներն այս անգամ չեկան ընտրություններին, երևի դժգոհ էին հեղափոխությունից

24-09-2018 14:19:39   | Հայաստան  |  Քաղաքական
«Ականատես» դիտորդական խմբի անդամ Լևոն Բարսեղյանը կարծում է, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության ցուցանիշը բավական բարձր ցուցանիշ է: Այսօր հրավիրած ասուլիսում Լևոն Բարսեղյանն ասաց, որ այս թիվը դիտարկելիս պետք է մի շարք գործոններ հաշվի առնել:
 


«Ընդդիմախոսներն ասում են՝ իբր 43.65 տոկոսն էդ ինչ մի ցուցանիշ է, որ ուզում եք ասել՝ որակյալ մասնակցություն էր: Անցած տարվա համեմատ այդ մասնակցության ցուցանիշը 2.5 տոկոսով ավելի է: Բայց երբ խորանում ենք, թե տեսնես ինչ կա դրա հետևում կանգնած, պիտի նկատենք, որ այս անգամ չկային Հանրապետականների, այսպես կոչված, տասովչիկների բրիգադները, քրեական խավը ներգրավված չէր ընտրությունների մեջ, որոնք ծանր հիվանդ տատիկ-պապիկներին գրկած բերում էին տեղամաս, որպեսզի անհրաժեշտ քվեն ապահովեին: Չկային ճնշումները ազատ ընտրողների նկատմամբ: Դժվար է գնահատել, թե դա քվեների ինչ կշիռ է: Իմ մասնավոր գնահատականով՝ մոտավորապես 150 հազար քվեի կշիռ է: Եթե դա ավելացնենք այս մասնակցության ցուցանիշներին՝ 370 հազարին, մասնակցության տոկոսը կարող էր նույնիսկ ձևակերպվել մինչև 63-65 տոկոս: Սրան պետք է ավելացնել այն հանգամանքը, որ հանգուցյալներն անհասկանալի պատճառներով այս անգամ չեկան ընտրություններին, երևի մեծ դժգոհություն ունեին հեղափոխությունից»,- ասաց Լևոն Բարսեղյանը:
 
Նա հավելեց, որ իրենց գնահատականով՝ ընտրելու իրավունք ունեցող երևանցիների մոտ 15-20 տոկոսը գտնվում էին քաղաքից դուրս, սա ևս ազդել է մասնակցության ցուցանիշի վրա: «Այս առումով, ես ինքնս համարում եմ, որ 43.65 տոկոսը բավական բարձր մասնակցության ցուցանիշ է»,- հավելեց Բարսեղյանը:
 
Դիտորդական խմբի անդամ Սոնա Այվազյանն էլ ասաց, որ ընտրություններն անցան ազատ, մրցակցային մթնոլորտում, առանց լարվածության:
 
Դիտորդներն արդեն միջանկյալ զեկույց են հրապարակել, որտեղ արձանագրված է, որ առաջին տեղում հետևյալ խախտումն է՝ 59 տոկոս դեպքերում ընտրական տեղամասերում թեքահարթակները բացակայել են: Երկրորդ տեղում այն խախտումն է, որ սենյակներում կահավորումը չի ապահովվել:
 
 
  
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1064 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար