«Երևանի ընտրություններում Փաշինյանի ֆենոմենն անցավ, իսկ մարզերում նա մեծ պրոբլեմներ ունի»․ քաղաքագետ.Aravot.am

24-09-2018 17:42:12   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծիք հայտնեց, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններն ամենաուշը պետք է տեղի ունենան գալիք տարվա սկզբին, այլապես քաղաքական ճգնաժամը երկրում ավելի կխորանա։
 


Ըստ նրա, որքան էլ Նիկոլ Փաշինյանը հորդորի գալ ու ներդրումներ անել մեր երկրում, որևէ մի գործարար ռիսկ չի անի գալու, քանի դեռ վերջնական ձևավորված իշխանություն չկա։ Բացի այդ, ըստ մեր զրուցակցի, այս վիճակը բացասաբար է անդրադառնում արտաքին քաղաքականության վրա, շատ երկրներ սկսում են լուրջ չընդունել վարչապետ Փաշինյանին։ Գագիկ Համբարյանի համոզմամբ, կսրվի նաև ներքաղաքական իրավիճակը, հաճախակի ականատես կդառնանք նյարդային պոռթկումների, երբ հասարակության կողմից մերժված քաղաքական ուժը, ունենալով մեծամասնություն ԱԺ-ում, թելադրում է նույն հասարակության կողմից ընդունված վարչապետին։ «Հետհեղափոխական Հայաստանում ձևավորված իշխանությունը չի կարող իրեն ամուր զգալ, պառլամենտական երկրում աբսուրդ է, երբ որ գործադիր իշխանությունը չունի հենարան օրենսդիր իշխանությունում։ Եվ այդ քաղաքական ճգնաժամի հետևանքները մենք նկատում ենք գրեթե ամեն օր, մերթընդմերթ դա պոռթկումներ է տալիս՝ նույն այդ հականիկոլական թևի ակտիվացմամբ և նրա նյարդային արձագանքմամբ։ Այդ նյարդային արձագանքը գիտեք ինչից է, նա վտանգը տեսնում է հենց Ազգային ժողովից․ պառլամենտական երկրում թիվ մեկ իշխանությունը օրենսդիր մարմինն է, օրենսդիր մարմինն է ձևավորում իշխանությունը, բայց Հայաստանում աբսուրդային վիճակ է, գործադիր իշխանությունը չունի հենարան օրենսդիր իշխանությունում։ Նիկոլ Փաշինյանը բացահայտ հայտարարում է՝ Հայաստանում չկա կոալիցիոն կառավարություն, դա ինքը հայտարարում է դե ֆակտո, բայց դե յուրե այդ կոալիցիան կա։ Ոչ ոք չի կարող հերքել, որ ՀՅԴ-ն կամ ԲՀԿ-ն, որոնք նախարարներ և մարզպետներ ունեն, իշխանության մաս են։ Նիկոլ Փաշինյանի խնդիրը հենց սա է, հաջող ստուգարք հանձնելով Երևանի ավագանու ընտրություններում՝ հիմա նույն իշխանությունը փորձում է նույն շռնդալից հաջողությունն ապահովել նաև Ազգային ժողովի ընտրություններում։ Եվ եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանը շատ քիչ ձայներ հավաքեր, դա շատ մեծ խնդիր կլիներ գործող իշխանությունների համար։ Եվ այս դեպքում Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն ավելի ուշ պետք է տեղի ունենային, կամ նույնիսկ տեղի չունենային էլ, եթե նախորդ իշխանություններին հաջողվեր իրենց ծրագիրն առաջ տանել։ Այսինքն՝ իրենք վարչապետին հետագայում կհեռացնեին պաշտոնից։ Դա նախորդ իշխանությունների ծրագիրն է, և ոչ ոք չի կարող հերքել։ Իսկ այս պարագայում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններից հետո, որը կարելի է համարել հաջող հանձնած ստուգարք, պետք է պատրաստվի քննությանը, որը պետք է լինի արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Մեր երկրի շահերից է բխում, որ այդ ընտրությունները հնարավորինս արագ տեղի ունենան, երկիրը դուրս բերվի քաղաքական ճգնաժամից։ Քաղաքական ճգնաժամը ծանր հետևանքներ ունի տնտեսական ոլորտում և արտաքին քաղաքականության ոլորտում։ Ոչ ոք ներդրում չի անի մի երկրում, որտեղ վերջնականապես իշխանությունները ձևավորված չեն։ Իսկ հիմա որքան էլ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, ինքն իրեն չի զգում ամուր, և դա ներդրողն էլ գիտի, իսկ ներդրողը երբևիցե ներդրում չի կատարի մի երկրում, որտեղ իշխանությունը թույլ է, որտեղ անկանխատեսելի քաղաքական զարգացումներ կարող են տեղի ունենալ։ Երկրորդը՝ արտաքին քաղաքականության ոլորտում նույն Նիկոլ Փաշինյանին ոչ բոլորն են լուրջ ընդունում․ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Եվրամիությունը, Եվրամիության երկրները, կարևորագույն քաղաքական դերակատարները միջազգային ասպարեզում։ Նույն Արցախի հարցով Նիկոլ Փաշինյանի հետ ոչ ոք լուրջ չի բանակցի, որովհետև Նիկոլ Փաշինյանը չունի հենարան օրենսդիր մարմնում, և բոլորը սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Եվ լավագույն տարբերակն է, որ ընտրությունները գոնե տեղի ունենան հաջորդ տարվա սկզբին, մինչև վերջնականապես փոփոխություններ մտցվեն «Ընտրական օրենսգրքում», որոնք պետք է հաստատվեն Վենետիկի հանձնաժողովի կողմից։ Եվ բոլոր քաղաքական ուժերը գան կոնսենսուսի, Ազգային ժողովը ցրվի և անցկացվեն նոր արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որովհետև այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, նորմալ չէ, իսկ այդ աննորմալությունը իր բացասական հետևանքն ունի թե՛ տնտեսության, թե՛ արտաքին քաղաքականության ոլորտում, թե՛ նաև ներքաղաքական զարգացումների մեջ։ Ինձ՝ որպես ՀՀ քաղաքացու, բացարձակ դուր չի գալիս անընդհատ գզվռտոցը․ հասարակության կողմից մերժված որոշ քաղաքական ուժեր, մեծամասնություն ունենալով ԱԺ-ում, թելադրում են հասարակության կողմից ընդունված վարչապետին, թե ինչպես ինքը պետք է վարվի։ Միևնույն ժամանակ նշեմ հետևյալը․ վարչապետը ունի շատ մեծ խնդիրներ․Երևանի ավագանու ընտրություններում վարչապետի ֆենոմենն անցավ, որովհետև վարչապետը բնակվում է Երևանում և շատ բաներ է տեսնում, թե այդ քաղաքում ինչեր են տեղի ունենում, բայց այն կադրերը, որ ինքն ունի մարզերում, շատ դեպքերում ուղղակիորեն չեն ընդունվում մարզային էլիտայի կողմից։ Եվ ընդհանրապես կառավարության անդամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կադրերը շատ-շատ թույլ են, և մեծ խնդիրներ կարող են ստեղծել վարչապետի համար։ Այո, այս ստուգարքն ինքն անցավ, բայց քննությունը կարող է մեծ խնդիրներ առաջացնել»,-ասում է Գագիկ Համբարյանը։ 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1467 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար