Գյումրու թիվ 1 արհեստագործական ուսումնարանում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստեր են բացահայտվել. հարուցվել է քրեական գործ

26-09-2018 15:58:32   | Շիրակի մարզ  |  Իրավունք
ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքի թիվ 1 արհեստագործական ուսումնարանի ղեկավարության կողմից թույլ տրված մի շարք առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ: 
 
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հակազդման վարչությունում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ Գյումրի քաղաքի թիվ 1 արհեստագործական ուսումնարանում  2012-2015թթ. ընթացքում մի շարք ուսանողներ դասերի և քննությունների չեն հաճախել, սակայն ստացել են գնահատականներ և ավարտական դիպլոմներ: Որոշ ուսանողներին հասանելիք կրթաթոշակը՝ ընդհանուր 1.250.000 ՀՀ դրամի չափով, յուրացվել է, ուսումնարանում որպես աշխատակիցներ ձևակերպվել են տնօրենի մի շարք ազգականներ, ովքեր աշխատանքի չներկայանալով՝ աշխատավարձեր են ստացել, յուրացվել են նաև պարգևավճարների և գործուղումների գումարներ:
Այս կապակցությամբ ՀՀ ոստիկանության Մուշի բաժնում  նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մոտ 2 տասնյակ ուսանողների՝ ուսումնառության ընթացքում ՀՀ-ից դուրս գտնվելու պայմաններում ուսումնարանի առանձին դասախոսներ, տնօրենի հրահանգով և ուսմասվարի, փոխտնօրենի ցուցումներով բացակայությունների ընթացքում նրանց գնահատականեր են նշանակել՝ գրավոր աշխատանքներն ուրիշ ուսանողների գրել տալով: Մի շարք ուսանողներ էլ չեն ստացել իրենց հասանելիք կրթաթոշակների գումարները: Բացի այդ՝ ըստ ձեռք բերված փաստական տվյալների, 2013 թվականի մայիսին ուսումնարանի տնօրինական խորհրդի կողմից որոշվել է աշխատակիցներին տրամադրել դրամական պարգևավճար, սակայն առանձին աշխատակիցներ այն չեն ստացել:  
Առկա են տվյալներ նաև, որ ուսումնարանն ընդգրկված է ներառական կրթության համակարգում, և տնօրենի կողմից 2015-2016թթ ուս. տարվա համար ներկայացվել են ներառական կրթության համակարգում ընդգրկված թվով 11 ուսանողների անուններ, որոնցից, սակայն, միայն մեկն է եղել իրական, մյուսները՝ մտացածին: Վերջիններիս համար  պետության կողմից հատկացված ողջ հասույթը ևս ստացվել և յուրացվել է:
Ըստ նախապատրաստված նյութերում առկա տվյալների՝ 2012-2015 թթ. ընթացքում  ուսումնարանում որպես պահակ գրանցված է եղել տնօրենի եղբոր տղան,  որը չի ներկայացել աշխատանքի, տնօրենի աղջկա ամուսնու եղբայրը ձևակերպված է եղել որպես տնտեսական գծով փոխտնօրեն, սակայն երբեք չի մասնակցել ուսումնարանի որևէ գործառույթի իրականացմանը, տնօրենի փեսան ձևակերպված է եղել որպես ուսումնարանի կառավարման խորհրդի նախագահ, տնօրենի փեսայի եղբայրը՝ 2012-2015թթ ընթացքում գրանցված է եղել որպես բանվոր-բակապահ, սակայն երբևէ չի հաճախել աշխատանքի, տնօրենի որդին շուրջ 11 տարի՝ 2007-2018 թթ., գրանցված է եղել որպես աշխարհագրության դասախոս, սակայն երբևէ նման դասաժամ ուսանողների հետ չի պարապել:
Նկատի ունենալով, որ առկա են Գյումրի քաղաքի թիվ 1 արհեստագործական ուսումնարանում պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կամ վատնում կատարելու,  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու ենթադրյալ հանցագործության հատկանիշների առկայության մասին վկայող բավարար փաստական տվյալներ՝ նշված հանգամանքները լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու անհրաժեշտությունից ելնելով՝ Շիրակի մարզի դատախազի տեղակալի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 308-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
 Քրեական գործը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:
 
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 443 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար