Նախարարն ընդունել է իսպանական «Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն»-ի ներկայացուցիչներին

26-09-2018 16:23:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է իսպանական «Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության շինարարության գծով տնօրեն Խոսե Ալբերտո Կառասկոյին և ծրագրի ղեկավար Սանտիագո Զուբիյագա Ռոդրիգեսին:
 
Կողմերը քննարկել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 2-ում իրականացվող աշխատանքների մանրամասները: Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ չնայած իրենց ընկերության որոշ ֆինանսական խնդիրներին, այս նախագծի իրականացման նպատակով բանկերը շարունակում են իրենց միջոցներ տրամադրել: Սակայն ներկայում կան որոշակի տեխնիկական խնդիրներ՝ կապված ոռոգման ջրի խողովակների տեղափոխման և դրա հետևանքով հողերի օտարման գործընթացի հետ:
 
Նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցելու բոլոր նմանատիպ խնդիրների շուտափույթ լուծմանը և առաջարկել նախարարության մասնագետների հետ քննարկել խնդրահարույց կետերը:
 
Աշոտ Հակոբյանն անդրադարձել է աշխատանքի ներկա տեմպին, որն, ըստ նրա, գոհացուցիչ չէ: Նախարարը նշել է, որ ի տարբերություն 3 ամիս առաջվա պատկերի, Տրանշ 3-ում չինական ընկերության կողմից իրականացվող աշխատանքները ծավալային առումով մի քանի անգամ գերազանցում են Տրանշ 2-ում կատարվող աշխատանքներին: Տրանշ 2-ի աշխատանքների տեմպը վերականգնելու նպատակով նախարարը խոստացավ ձեռնարկել գործուն միջոցառումներ: 
 
Աշոտ Հակոբյանի խոսքով՝ այս ծրագրի իրականացման ընթացքում հապաղել չի կարելի. ժամկետը բավական սուղ է, իսկ հետաձգումները՝ անցանկալի: Ընդ որում՝ տեմպի բարձրացումը չպիտի լինի որակի հաշվին:
 
Նախարարը խոստացավ առաջիկա օրերին այցելել շինհրապարակ՝ բոլոր խնդիրներին տեղում ծանոթանալու և հույս հայտնեց, որ աշխատանքները կընկնեն նախկին հունի մեջ:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 406 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար