Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Դամասկոսում

26-09-2018 18:45:08   | Սիրիա  |  Հասարակություն
Սեպտեմբերի 24-ին Սիրիայում ՀՀ դեսպանությունը Դամասկոսի «Շամ Փելաս» հյուրանոցում կազմակերպեց Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին նվիրված դիվանագիտական ընդունելություն: Միջոցառմանը ներկա էր Սիրիայի նախագահի հատուկ ներկայացուցիչ՝ պալատի հարցերով նախարար Մանսուր Ազամը, որը նախագահ Բաշար ալ-Ասադի անունից ջերմ շնորհավորանքներ փոխանցեց Հայաստանի կառավարությանը և հայ ժողովրդին:
 

Ընդունելության պատվավոր հյուրերն էին ՍԱՀ կառավարության անդամները, Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահի ներկայացուցիչ Խալեդ ալ-Այուբը, Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Նորա Արիսյանը, խորհրդարանի բազմաթիվ պատգամավորներ, Դամասկոսում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, Դամասկոսի Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Արմաշ եպ. Նալբանդյանը, Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ Հովսեփ եպ. Արնաությանը, դամասկահայ համայնքի ականավոր անդամներ և հոգևորականներ, լրագրողներ, մտավորականներ, մշակութային և կուսակցական գործիչներ:
 
Դիմելով ներկաներին՝ Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը նշեց, որ չնայած բազում դժվարությունների, որոնցով անցավ մեր երկիրն անկախության ճանապարհին, այնուամենայնիվ Հայաստանը կարողացավ դրական առաջընթաց գրանցել քաղաքական, տնտեսական, հասարակական և այլ ոլորտներում, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների կերտման, մարդու իրավունքների ու մտքի, խղճի և ազատ արտահայտվելու իրավունքի պաշտպանության ասպարեզներում:
 
Անդրադառնալով հայ-սիրիական հարաբերություններին՝ դեսպան Փոլադյանը գոհունակությամբ նշեց, որ դրանք կառուցված են ամուր հիմքի վրա:
 
Իր խոսքում Սիրիայի արտգործնախարարի տեղակալ Այման Սուսանը մատնանշեց երկու երկրների ժողովուրդների միջև պատմական, քաղաքական և հասարակական կապերը, նշելով, որ սիրիացի ժողովուրդն իր սիրտը բացեց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի առջև:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 456 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար