Դիֆթերիայի մտահոգիչ ռիսկեր կան. ԱՆ-ն հորդորում է պատվաստվել

26-09-2018 18:47:41   | Հայաստան  |  Հասարակություն
 


 
Երկարատև հանգիստ համաճարակային վիճակից հետո դիֆթերիա հիվանդությունը աշխարհում վերադառնում է (աղբյուր` http://outbreaknewstoday.com/diphtheria-death-toll-delhi-hospital-rises-18-87256/ կայք): Շատ կարճ ժամանակում նորանոր երկրներ են ընդգրկվել՝ Վենեսուելա, Ուկրաինա, Հնդկաստան, Հարավային Աֆրիկա, Եմեն և այլն:
Հնդկաստանի լրատվամիջոցների հաղորդագրության համաձայն` վերջին երկու շաբաթվա ընթացքում (սեպտեմբերի 6-23) երկրում արձանագրվել է դիֆթերիայի 147 դեպք, որոնցից 18-ը` մահվան ելքով:
 Դիֆթերիան վտանգավոր օդակաթիլային վարակ է, որը տարածվում է հիվանդի փռշտալու և հազալու ժամանակ: Վարակվելու ռիսկի գործոններն են՝ փակ տարածքներում շատ մարդկանց առկայությունը, վատ հիգիենիկ պայմանները, պատվաստումներից հրաժարումները:
Հիվանդությանը բնորոշ է՝ ցավ կոկորդում, հազ, ջերմության բարձրացում, քթից արտադրություն, դժվարաշնչություն, բկանցքում հաստ, գորշ փառի առաջացում: Փառը կարող է տարածվել դեպի կոկորդ, շնչափող, ձայնաճեղք, առաջացնելով կոկորդի, ձայնաճեղքի այտուց և շնչառության կանգ: Միկրոբի արտադրած թույները արյան միջոցով տարածվում են բոլոր օրգան համակարգերը, հատկապես սիրտ, նյարդային համակարգ, առաջացնելով մի շարք բարդություններ՝ սրտամկանի բորբոքում (միոկարդիտ), կաթված (պարալիչ): 
 
Դիֆթերիայի նույնիսկ վաղ բուժման պարագայում բարդություններն անխուսափելի են և հիվանդությունը 10% դեպքերում բերում է մահվան: 
Չի բացառվում Հնդկաստանից հիվանդության տարածումն այլ երկրներ, այդ թվում Հայաստան, հաշվի առնելով բնակչության ակտիվ տեղաշարժերը: 
Չնայած մանկական բնակչության շրջանում դիֆթերիայի պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշները բարձր են, նույնը չենք կարող ասել մեծահասակների համար: Հարուցիչը երկիր ներբերելու դեպքում մեծ է տարածման հավանականությունը, հատկապես մեծահասակ բնակչության շրջանում, խոցելի կլինեն նաև պատվաստումից հրաժարված երեխաները: Դիֆթերիայի կանխարգելման միակ միջոցը պատվաստումներն են: 
Եվս մեկ անգամ հորդորում ենք, լինել ավելի զգոն, դիֆթերիայի պատվաստում ստանալու համար ներկայանալ տարածքային պոլիկլինիկա, եթե վերջին 10 տարվա ընթացքում չեք պատվաստվել:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 508 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար