«Մեծ պատիվ է, որ այս գագաթաժողովի կազմակերպումը վստահվել է Հայաստանին». Նիկոլ Փաշինյանի.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի բացման ժամանակ

11-10-2018 13:00:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
 
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի հանդիսավոր բացման արարողությանը:
 
Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. 
 
«Ձերդ Գերազանցություններ, 
Տիկնայք և պարոնայք, 
Պետությունների և կառավարությունների ղեկավարներ,
Տիկնայք և պարոնայք պատվիրակությունների ղեկավարներ,
Տիկին գլխավոր քարտուղար,
Տիկին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն,
Ձերդ գերազանցություններ,
Հարգարժան հյուրեր,
Տիկնայք և պարոնայք,
 
Կցանկանայի նախ արտահայտել այն անսահման ցավը, որն ինձ համակում է այս պահին, երբ մտածում եմ Շառլ Ազնավուրի մասին, այնքան թանկ մի անձնավորության, ով մեզնից հեռացավ հոկտեմբերի 1-ին։ 
 
Այդ Մեծ անձնավորությունը, ֆրանսերենի դեսպանը, 100 տոկոսով ֆրանսիացի, բայց միևնույն ժամանակ 100 տոկոսով հայ, ինչպես ինքն էր սիրում ասել, այնքան կցանկանար լինել մեր կողքին այսօր՝ ցույց տալու համար իր նվիրվածությունն իր սիրելի երկու երկրներին՝ Ֆրանսիային և Հայաստանին, նաև Ֆրանկոֆոնիայի տոնը նշանավորելու համար, որին ամբողջ
կյանքում ծառայել է։ Ֆրանսիական շանսոնի նրա գլուխգործոցները, որոնք արդեն բազմաթիվ սերունդների են ուղեկցել և կուղեկցեն դեռ երկար, կմնան մեր հիշողություններում։
 
Մենք սգում ենք, որովհետև սիրում էինք։ Լինելով Հայաստանի եռանդուն պաշտպան, մեր երկրի դեսպանը միջազգային կազմակերպություններում՝ նա բարձր է պահել Հայաստանի անունն աշխարհում, և մենք հավերժ երախտապարտ կլինենք նրան դրա համար։
 
Նա հեռացավ մեզնից, բայց այսօր ներկա է մեր մտքերում։
 
Ձերդ գերազանցություններ, 
Տիկնայք և պարոնայք,
 
Նրա հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելու փոխարեն, խնդրում եմ նրա հիշատակը տոնելու համար ջերմ ծափահարություններով ողջունել ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ հավերժական ներկայությունը։ 
 
Շնորհակալ եմ:
 
Ձերդ գերազանցություններ,
Հարգարժան հյուրեր,
Տիկնայք և պարոնայք,
 
Ես և ողջ հայ ժողովուրդն ուրախ ենք Երևանում հյուրընկալել ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովը։
 
Մաղթում եմ բարի գալուստ Հայաստան։
 
Քրիստոնեության բնօրրան, հազարամյակների պատմություն և մշակույթ ունեցող հավերժական Հայաստան, որն այս ամիս նշում է իր մայրաքաղաք Երևանի հիմնադրման 2800-ամյակը։ 
 
Իրական, ամուր ինքնություն, ստեղծարար էներգիա, դինամիկություն ունեցող Հայաստան, որն ապրել է 1915 թվականի Ցեղասպանության ողբերգությունը և այսօր առաջ է շարժվում՝ վստահ լինելով իր ապագայի համար։
 
Այս նոր Հայաստանը, որն առաջնորդվում է «Թավշյա հեղափոխության» գաղափարներով, այս քաղաքացիական և ժողովրդավարական շարժմամբ, որը առաջ է տարվել հայ երիտասարդների և կանանց կողմից, որոնց հաջողվել է ողջ բնակչության հետ կիսել իրենց «Միասին ապրելու» կամքը ազատ, արդար և համերաշխ հասարակության մեջ:
 
Ձերդ գերազանցություններ,
Տիկնայք և պարոնայք,
 
Այսօր ցանկանում եմ վերստին ասել, որ Հայաստանի համար մեծ պատիվ է, որ այս գագաթնաժողովի կազմակերպումը վստահվել է Հայաստանին։
 
Այդ առնչությամբ մենք լիովին գիտակցում ենք մեզ վրա դրված պատասխանատվությունը և ցանկանում ենք, որ այս իրադարձությունը բոլորի հիշողություններում մնա որպես Կազմակերպության ինստիտուցիոնալ կյանքի բացառիկ պահերից մեկը, ինչպես նաև ֆրանկոֆոն համակեցության և համերաշխության կարևոր դրսևորում։
 
Հայաստանը Ֆրանկոֆոնիայի երիտասարդ անդամ է, դիտորդի կարգավիճակով անդամակցությունից ի վեր ընդամենը 15 տարի է անցել, մինչդեռ մշակութային և լեզվական բազմազանության, ֆրանսերենի և Ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեքների խթանման նրա հանձնառության ապացույցի կարիք չկա։ 
 
Հայաստանը հպարտ է Ֆրանկոֆոնիային անդամակցությամբ, որը համագործակցության, երկխոսության և փոխանակումների մի ընդարձակ տարածք է, և բազմազանության և համերաշխության նկատմամբ հարգանքի մթնոլորտում Կազմակերպության անդամ պետություններին և կառավարություններին համախմբում է խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի շուրջ։
 
Մենք իրապես հավատարիմ ենք մեզ միավորող այդ կապերի բնույթին, որոնք այնքան լավ բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ։ Նրանք միասին կազմում են այդ համընդհանուր բարիքը, այդ հարստությունը, որ մեզ համար կարևոր է պահպանել ամեն գնով, այդ մեծ հնարավորությունը ֆրանկոֆոն ողջ տարածքի համար։ 
 
 «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում». սա է Հայաստանի կողմից առաջարկված թեմայի նշանակությունը, որը կարտացոլվի նաև մեր աշխատանքներում։
 
«Ապրել միասինի» ընդգծումը կարևոր է նաև պոպուլիզմի և ծայրահեղականության աճի համատեքստում։
 
Ատելության խոսքի և անհանդուրժողականության դրսևորումների դեմ մենք ունենք բարոյական պարտավորություն, ունենք դրանց հակադրելու «Ապրել միասինի» արժեքներն ու սկզբունքները և համախմբվելու՝ դրանք կյանքի կոչելու համար։ 
 
Անկասկած, մենք պետք է շարունակենք ամեն ջանք գործադրել բոլորիս կայուն մարդկային զարգացման ձգտումն ի կատար ածելու համար։
 
Այսպիսին է մեր կողմից առաջարկվող Կոչը, որն իրենից ներկայացնում է հզոր ուղերձ հանուն Ֆրանկոֆոնիայի հիմնադիր հայրերի կողմից ժառանգված խաղաղության, համերաշխության և մարդասիրության։ 
 
Ձերդ Գերազանցություններ,
Տիկնայք և պարոնայք,
 
Երևանի գագաթնաժողովն անդրադարձ կկատարի նաև մեզ սպառնացող մի շարք մարտահրավերներին, ինչպիսիք են խաղաղությանը, ժողովրդավարությանն ու կայունությանը վերաբերող հարցերը, ահաբեկչության և կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը կամ միգրացիայի հիմնախնդիրը, որոնք այդքան մեծ մարտահրավերներ են մեր մոլորակի համար։ Մենք վստահ ենք, որ համամարդկային նշանակության այս մարտահրավերների դեմ լուծումները պետք է գտնվեն բազմակողմ հարթակում, քանի որ միասնական և համաձայնեցված գործունեությամբ, միջազգային համագործակցության միջոցով կարելի է գրանցել հաջողություններ նշված ոլորտներում։
 
Կցանկանայի հատկապես ընդգծել ֆրանկոֆոն տարածքի հակամարտությունները և ճգնաժամերը, որոնց հանգուցալուծման համար Ֆրանկոֆոնիան զգալի ջանքեր է գործադրում։ Դրանք ամենից հաճախ ուղեկցվում են մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտումներով։ Այն ժամանակ, երբ մենք պատրաստվում ենք նշել Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակը, մեր պարտքն է կրկնապատկել մեր ջանքերը` կանխելու նոր ցեղասպանությունները, պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները:
 
Այս հակամարտությունների հետևողական գոյությունը նաև պարտավորեցնում է մեզ վերահաստատել ճանաչված միջազգային բանակցային ձևաչափերի շրջանակում հակամարտությունների խաղաղ կարգավորման մեր հանձնառությունը:
 
Դա նաև վերաբերում է Լեռնային
Ղարաբաղի հակամարտությանը, որի շուրջ բանակցային գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի համանախագահության ձևաչափում։ Խոսքը գնում է արդեն տասնամյակներ տևող և բազմաթիվ տառապանքներ պատճառած հակամարտության մասին։ 
 
Հակամարտությունը հակադրության մեջ է դրել արդեն ավելի քան 25 տարի իր ինքնորոշման իրավունքն իրականացնող Լեռնային Ղարաբաղին և Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների հետ երկխոսությունը մերժող Ադրբեջանին։ 
 
Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում, և իր կարգավիճակը պետք է որոշվի՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման իրավունքը։
 
Միևնույն ժամանակ Լեռնային Ղարաբաղի համար առանցքային նշանակություն ունի անվտանգության հարցը։ Վերջինս այնքան հաճախ է դարձել իր իրավունքների ոտնահարման, խտրականությունների և վայրագությունների զոհ, որ երկխոսության մերժման և ուժի կիրառման կրկնվող փորձերը լուրջ վտանգի տակ են դնում Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական գոյությունն իսկ։
 
Մենք հավատում ենք, որ խաղաղությանը միտված մթնոլորտի ստեղծումն առանցքային է կարգավորման գործընթացի առաջմղման համար, և մեր ողջ ջանքներն ուղղված են փոխվստահության միջոցների շուրջ արագ և համապարփակ համաձայնությունների ձեռքբերման խրախուսմանը, որոնք կենսական նշանակություն ունեն հակամարտության բոլոր կողմերի բնակչություններին խաղաղությանը պատրաստելու համար։
 
Ձերդ գերազանցություններ,  
Տիկնայք և պարոնայք, 
 
Խոսքս եզրափակելու համար կցանկանայի դիմել ֆրանկոֆոն տարածության երիտասարդներին, ովքեր մեր հասարակությունների փոփոխությունների հիմնական դերակատարներն ու մեր երկրների ապագան են։
 
Ես ցանկանում եմ ձեզ ասել, որ մենք կարևորում ենք այն նպաստը, որը դուք ունեք գագաթնաժողովի թեմայում, և ձեզ կոչ անել համախմբվել մեզ միավորող «Ապրել միասին» գաղափարի արժեքների առաջմղման համար՝ մեզ հետ միասին նպաստելով ավելի արդար ու հանդուրժող աշխարհի կերտմանը։
 
Ձերդ գերազանցություն, 
Տիկնայք և պարոնայք,
 
Մաղթում եմ բոլորիդ հիանալի ժամանց Հայաստանում և հաջողություն՝ մեր աշխատանքներին։
 
Շնորհակալ եմ»:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 622 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար


Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողով թեմայով կարդացեք նաեւ.

12-10-2018 Ֆրանկոֆոնիայի ընտանիքը զարգանալու մեծ հնարավորություններ պետք է ունենա. ՖՄԿ գլխավոր քարտուղար12-10-2018 Նիկոլ Փաշինյանը գնահատել է Էդվարդ Նալբանդյանի մեծ ջանքերը ՖՄԿ գագաթնաժողովի գործում. ՏԵՍԱՆՅՈՒԹ12-10-2018 Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահի հետ.ՏԵՍԱՆՅՈՒԹ12-10-2018 ԱՄԷ-ի համար մեծ պատիվ է դառնալ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ․ ԱՄԷ պետնախարար Զաքի Նուսեյբա12-10-2018 Թունիսն արդեն պատրաստվում է Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովին12-10-2018 Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախագահության ընթացքում Հայաստանը հանդես կգա մի շարք նախաձեռնություններով. Զոհրաբ Մնացականյան12-10-2018 Ինչպես են Աննա Հակոբյանը, Բրիջիթ Մակրոնն ու Ֆրանկոֆոնիայի կին հյուրերը լուսանկարվում և ողջունում երևանցիներին.Armlur.am (ՏԵՍԱՆՅՈՒԹ ) 12-10-2018 Լուիզ Միշիկիվաբոն ընտրվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ12-10-2018 Աննա Հակոբյանը` Ֆրանկոֆոնիայից իր տպավորությունների մասին. ինչ հրավեր է ստացել.ArmLur.am (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 12-10-2018 Արմեն Սարգսյանը հանդիպել է Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչիի հետ12-10-2018 Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Տոգոյի ԱԳ նախարարի հետ.ՏԵՍԱՆՅՈՒԹ12-10-2018 Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետը հանդիպումներ է ունեցել Շվեյցարիայի, Էստոնիայի նախագահների, Քվեբեկի ընտրված վարչապետի և Վիետնամի փոխվարչապետի հետ.Լուսանկարներ12-10-2018 Աննա Հակոբյանն ու Բրիջիթ Մակրոնը շրջում են Երևանի թանգարաններում12-10-2018 Ջասթին Թրյուդոն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կարևորագույն հարցերի շուրջ աշխատելու հնարավորություն է համարում12-10-2018 Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահի հետ12-10-2018 Վարչապետի անունից՝ ի պատիվ ՖՄԿ գագաթնաժողովի մասնակիցների, տրվել է պետական ընթրիք11-10-2018 Ֆրանսիայի Արվեստի և գրականության շքանշանակիր Սերգեյ Սմբատյանը կղեկավարի ֆրանկոֆոնիայի գալա-համերգի հայկական երաժշտության հատվածը11-10-2018 Պետք է համախմբենք ոչ միայն մեր ճառերի, այլև այն ապագայի շուրջ, որը ցանկանում ենք կառուցել. Կանադայի վարչապետ11-10-2018 Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության նախագահն իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանին հյուրընկալության համար11-10-2018 Հայաստանը ստանձնել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունը11-10-2018 ՀՀ և Ֆրանսիայի նախագահները ժամանեցին «Ազնավուր» կենտրոն. նրանց դիմավորեց Շառլ Ազնավուրի որդին.tert.am 11-10-2018 Մենք բոլորս անհամբեր սպասում էինք այն պահին, թե երբ Շառլ Ազնավուրը կերգեր սեր, մշակույթ. Նիգերի նախագահ11-10-2018 Կարևոր է պահպանել զոհերի հիշատակը նման ողբերգությունները կանխելու համար. Բելգիայի վարչապետն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր11-10-2018 Հայոց հողը կարող է դառնալ երիտասարդության և հույսի խորհրդանիշ. Միկայել Ժան11-10-2018 ՀՀ նախագահը ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բացման արարողությանը11-10-2018 «Իմ առաջին բառերը կցանկանայի ուղղել Ձեզ, պարոն վարչապետ՝ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար». Էմանուել Մակրոն11-10-2018 «Մեծ պատիվ է, որ այս գագաթաժողովի կազմակերպումը վստահվել է Հայաստանին». Նիկոլ Փաշինյանի.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ11-10-2018 Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային11-10-2018 Վարչապետը դիմավորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի մասնակիցներին11-10-2018 Վարչապետը դիմավորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի մասնակիցներին11-10-2018 Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողով | Ուղիղ միացում | LIVE | 10-10-2018 Մենք կարող ենք լինել նոր աշխարհի ու նոր Մետաքսի ճանապարհի կարևոր մասը. Արմեն Սարգսյան10-10-2018 Համառոտ` Ֆրանկոֆոնիայի մասին10-10-2018 Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի անցկացման օրերի ընթացքում մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով10-10-2018 Հոկտեմբերի 9-ին ֆրանկաֆոն ավանը երիտասարդական էր10-10-2018 Հայաստանի Հանրապետությունը լիարժեք պատրաստ է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին