Փաշինյանի առաջիկա հրաժարականի հետ կապված ռիսկեր, ըստ էության, չկան (տեսանյութ)



12-10-2018 20:51:26   | Հայաստան  |  Քննաարկում
 


 
 
 
Ըստ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի, Նիկոլ Փաշինյանի առաջիկա հրաժարականի հետ կապված ռիսկեր, ըստ էության, չկան, քանի որ Փաշինյանը ստացել է ժողովրդի բացարձակ մոբիլիզացիա՝ հին համակարգն ապամոնտաժելու գործում:
«Սա նշանակում է, որ եթե որևէ մեկի մտքով՝ դրսում, ներսում, անցնում է մի բան այստեղ անել, նա կստանա ջաղջախիչ հակահարված, դա կարող է ինչ-որ նոր լարվածություն ստեղծել երկրում, բայց դա նշանակում է, որ այն, ինչ մնացել է ապամոնտաժումից հետո, այդ բեկորները պարզապես կփոշիանան, կոչնչացվեն, դրա համար հազիվ թե հիմա որևէ մեկը դիմի ռիսկային ինչ-որ գործողությունների՝ կանգնեցնելու համար,- այսօր «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում ասաց Աշոտ Մանուչարյանը:- Պարզապես այստեղ հիմա այդ հարցը, այսինքն՝ ապամոնտաժման հարցը, տեղափոխվում է այլ հարթություն: Հիմնական հարցը մեր ժամանակի. Ընտրությունները հայտարարվելու են, ընտրությունները սովորական ընտրություններ չեն, մեր ժողովուրդն ընտրում է մի կողմից ուղին՝ ուր է ինքն ուզում գնալ, ինչ կյանքով է ուզում ապրել: Առաջին անգամն է փաստորեն այս ընտրությունների շրջանում, որ ժողովուրդն ընտրության էությունը պետք է հասկանա, ոչ թե Պողոսին թե Պետրոսին, այս կուսակցությանը, որն ավելի ճարպիկ էր ճամարտակում, քան այն կուսակցությանը, որն ավելի ճարպիկ է կամ ինչ-որ բան էր բաժանվում և այլն, և այլն… Ս՛ա չէ ընտրության էությունը: Ընտրությունը՝ ինչպիսի՞ կյանքով եմ ուզում ապրել, ուրեմն սա մի հարց, որ լուծելու է ժողովուրդը: Եվ այդ նոր կյանքի հետ կապված պետք է լինի հետևյալը. ինչ վերաբերում է նախկին աշխարհին, այն վետոները, որ ժողովուրդը վերջնականապես պետք է դնի և ասի՝ այլևս այդ կյանքի կրկնությունը չի լինելու, որովհետև փողը չի մտնելու պետություն»:
Բացատրելով իր միտքը, «Քննարկում» հաղորդաշարի հյուրը նշեց, որ փողի կուսակցությունները, փողի մարդիկ, բիզնեսի մարդիկ մտան կառավարման համակարգ և արդեն, ըստ էության, 25-30 տարի է, փողի մարդն է կառավարում Հայաստանը:
«Սկզբից,- շարունակելով իր խոսքը, ասաց Մանուչարյանը,-  նա մտավ պետական կառավարման մեջ, սկսեց իրականացնել պետական իշխանությունը, հետո մտավ հոգևոր ոլորտ՝ հեռուստահաղորդումներ և այլն, բոլոր տեղերում փողի մարդու փիլիսոփայությունն է՝ թռցրու, փախցրու, հրի, գողացիր, տար և այլն, և այլն, և՝ հաճույք, հաճույք, հաճույք, հաճույք: Սա է մարդու այն ուղին, որ ուրվագծել են, սա է, որ ոչնչացնում է մեր երկիրը, որովհետև մարդու մարդկային առաքելությունը շպրտված է մի կողմ, գերակայի են հասցված նրա կենդանական որակները, որովհետև այդ նույնը՝ թռցրու, փախցրու, կեր, հրի և այլն, և այլն, կենդանական աշխարհի երևույթներ են, և մարդու մեջի կենդանուն դարձնում են գերակա նրա մարդկային էության հանդեպ, մարդկային էությունը շպրտում են դուրս և մարդուն ասում են բորենու կյանք պետք է վարես: Այ, այստեղ վերջակետ դնելը շատ կարևոր է…»:
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan»‰  ֆեյսբուքյան խմբում։
Ուղիղ եթերից հետո բանախոսին ուղղված հարցերն ու մեկնաբանությունները կարելի է թողնել՝ զանգհարելով ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով։ Ձեր խոսքի ձայնագրությունները հետագայում կօգտագործվեն «Հետադարձ կապ» հաղորդաշարում։
 
Նոյյան տապան   -   Քննաարկում
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 951 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար