Մեղադրանք է առաջադրվել` Դոնի Ռոստովում հայ գործարարի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար. նախաքննությունն ավարտվել է

15-10-2018 14:27:35   |   |  Իրավունք
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում Արմայիս Ջոմարդյանի նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը։ Բազմակողմանի քննության արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ սպանության փորձը եղել է պատվիրված՝ Դոնի Ռոստովի մեկ այլ բնակչի կողմից, որի իրականացումն ստանձնել է Երևանի մի բնակիչ, ազգությամբ հայ՝ ծնված 1975 թ.։
 


Գործարար Արմայիս Ջոմարդյանի նկատմամբ սպանության փորձը տեղի է ունեցել 2013 թվականի փետրվարին։ Նախնական քննության տվյալներով՝ Դոնի Ռոստով քաղաքի մեկ այլ բնակիչ` ազգությամբ հայ, գործարարի հետ ունենալով անբարյացակամ հարաբերություններ, նպատակադրվել է սպանել նրան, որի իրականացման համար համաձայնություն է ձեռք բերել Երեւանում բնակվող՝ 1975թ. ծնված տղամարդու հետ։  Վերջինս 2013 թվականի հունվարին  մեկնել է Դոնի Ռոստով, որտեղ պատվիրատուի կողմից մշակվել է գործարարի սպանության ծրագիրը, և յուրաքանչյուր մասնակցի վերապահվել կոնկրետ դերակատարում: Մշակված ծրագրի համաձայն՝ Արմայիս Ջոմարդյանի սպանության կատարմանը մասնակցություն է ունեցել 3 անձ՝ պատվիրատուն, անմիջական կատարողը և օժանդակողը, ով պետք է հետեւեր Ա.Ջոմարդյանի տեղաշարժին և նրա գտնվելու վայրի մասին տեղեկացներ պատվիրատուին և կատարողին։ Վերջինս Դոնի Ռոստովում ապահովվել էր բնակարանով, բջջային հեռախոսներով։ Բացի այդ, հանցագործության կատարման համար որպես փոխադրամիջոց օգտագործելու և դեպքի վայրից անարգել հեռանալու նպատակով հանցավոր խմբի կողմից ձեռք է բերվել նաև «ՎԱԶ-2109» մակնիշի, Р 553 ВК 161 հաշվառման համարանիշի, մոխրագույն ավտոմեքենա, որը մինչ հանցագործության կատարումը թաքցվել էր Ռոստովի մարզի Մյասնիկովսկի շրջանի Չալտիր գյուղում՝ կազմակերպված խմբի երրորդ անդամի՝ օժանդակողի կողմից:
Քրեական գործով ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2013 թվականի փետրվարի 25-ին, օժանդակողը, նկատելով, որ Արմայիս Ջոմարդյանն իրեն պատկանող «Լեքսուս 470» մակնիշի, Е 005 ЕО 61 հաշվառման համարանիշի ավտոմեքենան կայանել է Դոնի Ռոստով քաղաքի Բուդյոննովսկի պողոտայի 101 շենքի մոտ և միայնակ քայլել դեպի «Խնայբանկ», ժամը 18:40-ի սահմաններում զանգահարել և այդ մասին հայտնել է պատվիրատուին, ով կատարողի հետ անմիջապես ուղևորվել է նշված վայրը։ Վերջինս զինված է եղել Մակարով տեսակի ատրճանակով, իսկ պատվիրատուն՝ 9 մմ տրամաչափի «ՊՄ» փամփուշտներով կրակոցներ արձակելու համար հարմարեցված հրազենով:
1975թ. ծնված տղամարդը դարանակալած սպասել է գործարարին և սպանելու դիտավորությամբ «Մակարով» տեսակի ատրճանակից 7 կրակոց արձակել «Լեքսուս 470» մակնիշի ավտոմեքենային մոտեցող Արմայիս Ջոմարդյանի ուղղությամբ, ով, ինքնապաշտպանության նպատակով «WASP R» տրավմատիկ ատրճանակից,  պատասխան կրակոցներ է արձակել։  Տղամարդը դիմել է փախուստի՝ հանցագործությունն ավարտին չհասցնելով իր կամքից անկախ հանգամանքներում:
Քննության տվյալներով՝ կատարվող իրադարձություններին հետևել է մոտակայքում գտնվող պատվիրատուն, ով տեսնելով, որ վիրավորված  Արմայիս Ջոմարդյանը  ճամփեզրին փորձում է կանգնեցնել պատահական ավտոմեքենաներ, ավտոմեքենայով մոտեցել է և իր մոտ գտնվող հրազենից 3 կրակոց արձակել նրա ուղղությամբ, ապա՝ ավտոմեքենայով դիմել փախուստի:
Արձակված կրակոցների հետևանքով գործարարն ստացել է  կյանքի համար վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս, որն արտահայտվել է որովայնի հրազենային երկու թափանցող վնասվածքներով՝ ստամոքսի, բարակ և հաստ աղիքների վնասումով, ինչպես նաև ենթաստամոքսային գեղձի տրավմատիկ կոնտուզիայով: Դրանից բացի, Արմայիս Ջոմարդյանին հասցվել են նաև աջ դաստակի թափանցող և ձախ նախաբազկի ստորին երրորդի շոշափող հրազենային վնասվածքներ, որոնք Արմայիս Ջոմարդյանի առողջությանը պատճառել են թեթև վնաս: Վերջինիս կյանքը հաջողվել է փրկել՝ ժամանակին ցուցաբերված բուժօգնության արդյունքում։
Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող՝ 1975 թ. ծնված տղամարդը հայտնաբերվել է Երևանում։ «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ.-ի կոնվենցիայի համաձայն՝ քրեական գործը նրա մասով ուղարկվել է Հայաստան, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում։ 
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 43-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի,  34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։
Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։
Պատվիրատուի և օժանդակողի մասով նախաքննությունն իրականացվել է Ռուսաստանի Դաշնության նախաքննական մարմինների կողմից։
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 547 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար