Հաճընի հերոսամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրված է

15-10-2018 15:24:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
   Հաճընի ութամսյա ինքնապաշտպանական մարտերի 98-ամյակի առթիվ կազմակերպված ցերեկույթն ազդարարեց հերոսամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը: Ցերեկույթը կազմակերպել էր Հայաստանի «Հաճըն» հայրենակցական միությունը՝ հանձին նախագահ Հովհաննես Գրիգորյանի: Նրա խոսքով՝ Միությունը հերոսամարտի 100-ամյակին նախատեսում է թողարկել ֆիլմաշար, որի համար համապատասխան նյութը հավաքվել է տարիներ շարունակ: «Երկար տարիներ հավաքված կադրերում բազմաթիվ հայտնի հաճընցիներ կան, որոնցից շատերն այսօր, ցավոք, մեզ հետ չեն, բայց նրանց խոսքը, նրանց պատգամը ցանկանում ենք փոխանցել մեր հետագա սերունդներին, ուստի որոշել ենք 100-ամյակի առթիվ ֆիլմաշար պատրաստել»,-նշեց Հ. Գրիգորյանը:
 

Նա հավելեց նաև, որ թեև իրենց միջոցները սուղ են, նպատակ ունեն նաև հրատարակել գրքեր, որոնք նորովի կլուսաբանեն հերոսամարտը, որովհետև, ըստ պարոն Գրիգորյանի, դեռ կան հարցեր, որոնք կարոտ են հավուր պատշաճի ներկայացման: Նպատակ կա նաև կազմակերպելու գիտաժողով՝ աշխարհասփյուռ հաճընցիների, պատմաբանների և համապատասխան այլ մասնագետների մասնակցությամբ: Այսքանով ծրագրերը չեն սահմանափակվում, ընթացիկ  գործերը շատ են, և Միությունն արել ու անում է հնարավորինս, որպեսզի 100-ամյակը պատվով անցկացնեն, իսկ այս միջոցառումը միայն սկիզբն է: Ոգեկոչման ցերեկույթը սկսվեց դեռ «Հաճըն»  հայրենակցական միության գրասենյակում՝ հիշատակի անկյան մոտ, որը նվիրված է Ապրիլյան պատերազմի հերոսներին: Այդտեղ ԱՀԹ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու  խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը հանդես եկավ հոգեհանգստյան աղոթքով՝ հիշելով նաև Հաճընի հերոսներին: Այնուհետև տերունական աղոթքով սկսվեց միջոցառումը, որը վարում էր ՀՀ վաստակավոր լրագրող, ասմունքող, հաղորդավար Սարգիս Նաջարյանը, իսկ բեմում իրենց ելույթներով փայլում էին Արսեն Համբարյանը, Անդրանիկ Սարկավագ Մանուկյանը, Ջիվանու աշուղական դպրոցի սաները: Միջոցառման  ընթացքում անդրադարձ եղավ հաճընցի հերոսներին. հիշատակվեցին թե՛ Մեծն Մուրադն ու Արամ Կայծակը, թե՛ նորօրյա հերոսներ Սուրեն Ճարատանյանն ու նորհաճնցի երիտասարդ Գևորդ Մղդեսյանը, որոնք երկուսն էլ նահատակվել են Ապրիլյան պատերազմում: Մեզ հետ զրույցում Հ. Գրիգորյանը նշեց, որ «Հաճըն» հայրենակցական միության անդամները մեծապես կարևորում են հաճընցիական ոգին միշտ վառ պահելը, ինչին  էլ միտված է նմանատիպ միջոցառումների կազմակերպումը. «Մենք պիտի ճանաչենք մեր հերոսներին, քաջ գիտենանք մեր անցյալն ու պատմությունը, որպեսզի մեր երազած ապագան ներկա դառնա: Այսօր մենք նոր Հայաստանում ենք ապրում և լիահույս ենք, որ մեր նոր իշխանությունները հետևողական կլինեն Հայկական հարցի բարձրացման գործում: Մեր միությունն իր գործունեության ողջ ընթացքում օգտագործել և օգտագործում է իր ամբողջ ներուժը՝ լինի Հայաստանում, թե արտերկրում: Մենք պիտի հասկանանք, որ միայն ճանաչում և դատապարտում պահանջելով հարց չենք լուծի. վաղուց արդեն հատուցման ժամանակն է»: Ցերեկույթի ընթացքում ելույթ ունեցան նաև բանաստեղծ, հրապարակախոս Հակոբ Հարությունը և պատմաբան Արտաշես Կրկյաշարյանը: Վերջինս հանդես եկավ հերոսամարտի 100-ամյակի առթիվ ողջ Միությունով Հաճըն մեկնելու առաջարկությամբ, ինչն էլ ընդունվեց բուռն ծափահարություններով: Ի դեպ՝ այս տարի նշվում է նաև հաճընցիների շնորհիվ հիմնադրված Նոր Հաճն քաղաքի 60-ամյակը, և հենց այդ իրադարձությանն էլ նվիրված էր հոկտեմբերի 14-ին քաղաքում կայացած մեծ միջոցառումը, որին ներկա էին բարձրաստիճան հյուրեր ինչպես Հայաստանից, այնպես էլ՝ Սփյուռքից: Միջոցառման ընթացքում քաղաքապետն անձամբ պարգևատրեց քաղաքի զարգացման գործում մեծ ներդրում ունեցած մարդկանց, որոնցից մեկն էլ Հայաստանի «Հաճըն» հայրենակցական միության ատենապետ, «Տեսակետ» մամուլի ակումբի ղեկավար Հովհաննես Գրիգորյանն է: Նրան շնորհվեց ոսկե հուշամեդալ:  
 
«Տեսակետ» մամուլի ակումբ
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 369 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար