ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկել է ԱՊՀ գիտնականների II Ֆորումը

15-10-2018 15:42:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Սույն թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) մեկնարկեց ԱՊՀ գիտնականների II Ֆորումը: Ողջունելով Ֆորումի մասնակիցներին` ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն ասաց. «Հուսով ենք, որ Ֆորումի ընթացքում մենք կհասնենք այն նպատակներին, որոնք նախանշել ենք` Հայաստանում Ֆորումի անցկացման վերաբերյալ որոշում ընդունելիս»: Ռադիկ Մարտիրոսյանը կարևորեց ԱՊՀ երկրներում գիտական հետազոտությունների կազմակերպչական ձևերի փոփոխությունները և այդ փոփոխությունների արտացոլումը գիտության զարգացման գործում:
 
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ողջույնի ելույթում մասնավորապես ասաց. «Առանձնահատուկ գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ մեր հանրապետությունում ժողովրդավարական արժեհամակարգի, մեր քաղաքացիական հասարակության կայացման գործընթացում անգնահատելի է կրթության և գիտության դերը, որը մեծապես նպաստում է երկրի զարգացմանը: Հարգելի գործընկերներ, այս համագումարի հիմնական նպատակն է զարգացնել ԱՊՀ երկրների գիտական հաստատությունների գիտատեխնիկական համագործակցությունը, խթանել համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, մշակել առաջարկություններ ԱՊՀ երկրների ինովացիոն քաղաքականության զարգացման համար, ինչպես նաև նպաստել ԱՊՀ երկրների երիտասարդության շրջանում գիտության տարածմանը և փորձի փոխանակմանը: Լիահույս եմ, որ ԱՊՀ գիտնականների II համագումարի ընթացքում ԱՊՀ երկրների գիտական համայնքների ներկայացուցիչների միջև կհաստատվի կայուն համագործակցություն, ինչը կնպաստի միջազգային գիտական հետազոտությունների քանակի ավելացմանը և տարածաշրջանում երիտասարդ գիտնականների համագործակցության խնդիրների լուծմանն ուղղված գործողությունների համակարգմանը»:  
 
ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Ագիբայ Սմագուլովը իր ելույթում Ֆորումի մասնակիցներին հյուրընկալող Հայասատանին ցանկացավ զարգացում և բարգավաճում տեղեկատվական և ինովացիոն տեխնոլոգիաների  ներդրման շնորհիվ:
 
Ֆորումի պլենար նիստի ընթացքում ԱՊՀ պետությունների գիտնականները հանդես եկան ԱՊՀ-ում գիտության զարգացման հարցերի վերաբերյալ ելույթներով:
 
Ֆորումի շրջանակներում հոկտեմբերի 16-ին կանցկացվեն կլոր սեղաններ` «Հիմնարար գիտության վիճակը և զարգացման հեռանկարները», «Գիտական համագործակցության կատարելագործումը թվային դարաշրջանում», «Ինովացիոն գիտական հետազոտությունները» թեմաներով:
 
Միջոցառման ավարտին Ֆորումը կընդունի հռչակագիր:
 
ԱՊՀ գիտնականների II Ֆորումն անցկացվում է ԱՊՀ երկրների` հումանիտար ոլորտում համագործակցության 2017-2018թթ. պլանի համաձայն:
 
Ֆորումի կազմակերպիչներն են` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ԱՊՀ գործադիր կոմիտեի հետ համագործակցությամբ և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Ֆորումի անցկացմանն աջակցել են` ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհուրդը, Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայ-ռուսական համալսարանը:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 372 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար