Հարութ Սասունյան.Մեծ Բրիտանիան հետաքննում է ադրբեջանցի բանկիրի կնոջ բազմամիլիոն դոլարների գնումները

17-10-2018 12:06:53   | ԱՄՆ  |  Հոդվածներ
Ադրբեջանին առնչվող ևս մեկ խոշոր կոռուպցիոն սկանդալ է հասունանում Եվրոպայում: Երկրի խարդախ պաշտոնյաները միլիարդավոր նավթադոլարներ են շորթել իրենց անձնական շահերի համար, մինչդեռ ադրբեջանցիների մեծ մասն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ:
 


Վերջին օրինակը բրիտանական բազմաթիվ թերթերի առաջին էջերում է: Ադրբեջանցի բանկիրի 55-ամյա կինը՝ Զամիրա Հաջիևան, 21 միլիոն դոլար է ծախսել Լոնդոնի «Հարոդս» (Harrods) շքեղ հանրախանութում `2006-ից մինչև 2016 թվականն ընկած ժամանակահատվածում:
 
Միացյալ Թագավորության հանցագործության դեմ պայքարի ազգային գործակալությունը հաստատում է, որ գողացված գումարներն օգտագործվել են Լոնդոնի առաջնակարգ Նայթսբրիջ շրջանում 15 միլիոն դոլար արժողությամբ 5 ննջասենյակով առանձնատուն գնելու համար, որը գտնվում է «Հարոդս»-ից ընդամենը 100 մետր հեռավորության վրա: Առանձնատունն այժմ գնահատվում է 20 միլիոն դոլար: Նա նաև մեղադրվում է գրեթե 14 միլիոն դոլար արժողությամբ գոլֆի և էլիտար ակումբ Էսքոթում ձեռք բերելու համար, ըստ «Գարդիան» թերթի հաղորդման: Անհավատալի է, Հաջիևան երկու անձնական ավտոկայանատեղի ունի «Հարոդս»- ում` տարեկան  500 հազար դոլար արժողությամբ: Ութ տարի առաջ նա ապրելու թույլտվություն է ստացել Մեծ Բրիտանիայում, հարուստ ներդրողների համար վիզայի սխեմաներով՝ առանց ստուգելու նրա նյութական աղբյուրը: 
 
«Հաջիևան Ադրբեջանի պետական միջազգային բանկի նախկին նախագահ 57-ամյա Ջահանգիր Հաջիևի կինն է: 2016 թվականին նրա ամուսինը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման երեք միլիարդ դոլար շորթելու համար», ըստ «Գարդիան»-ի լրագրող Ռուպերտ Նիթի:
 
Լոնդոնում Հաջիևայի փաստաբանները միջնորդել են, որպեսզի գաղտնի պահվեն նրա անունը, ամուսնու անունը, նրանց ազգությունը և ամուսնու բանկը, սակայն բրիտանական դատարանը լրատվամիջոցների խնդրանքով հանել է գաղտնիության քողը:
 
Հանցագործության դեմ պայքարի ազգային գործակալությունը հայտարարել է, որ Հաջիևան օգտագործել է իր ամուսնու բանկի կողմից թողարկված 35 American Express, Mastercard և Visa վարկային քարտեր իր գնումների համար: «Հարոդս» կատարած միայն մեկ այցի ընթացքում նա ծախսել է 200 հազար դոլար՝ Boucheron-ի շքեղ ոսկեղեն, բրենդային օծանելիք և ժամացույցներ գնելու համար: Մեկ այլ այցի ժամանակ նա առել է 132 հազար դոլարի Cartier-ի ոսկեղեն: Նա նաև գնել է 42 մլն դոլար արժողությամբ Gulfstream G550 ինքնաթիռ: Հաջիևայի դուստրը՝ առաջին ամուսնությունից, որը սովորել է Լոնդոնում, ունեցել է 20 միլիոն դոլարի բաժնետոմսեր, տարեկան 1.3 միլիոն դոլարի շահութաբաժնով: Ներկայիս ամուսնությունից Հաջիևան ունի երկու որդի՝ 17 և 20 տարեկան, որոնք նույնպես սովորել են բրիտանական մասնավոր դպրոցներում:
 
Հաջիևայի ամուսինը նրան տվել է 1.3 միլիոն դոլար բրիտանական պետական պարտատոմսերում ներդնելու համար և ստացել է 26 հազար դոլար ամսական ծախսերի համար: Սակայն ամուսնու ձերբակալությունից հետո նա փախել է Ադրբեջանից և սկսել է վաճառել իր ընտանիքի արծաթյա իրերը Christie’s-ի աճուրդի տանը: 
 
Ադրբեջանի իշխանությունները շահագրգռված են հարցաքննելու Հաջիևային իր ամուսնու բանկային գործի կապակցությամբ, մեղադրելով նրան և ընտանիքի մյուս անդամներին՝ Հաջիևի սխեմաների համար որպես օղակ ծառայելու համար՝ փողը երկրից դուրս բերելու նպատակով:
 
Հաջիևան առաջին անձն է Մեծ Բրիտանիայի հակակոռուպցիոն նոր`«Անբացատրելի հարստացման կարգ» օրենքով հետաքննվող, որը նախատեսված է կասկածելի կոռումպացված օտարերկրյա պաշտոնյաների թիրախավորման համար, որոնք ենթադրաբար զբաղվել են գողացված փողերի լվացմամբ։  Դատավոր Սուպերսթոունը պահանջել է, որ նա բացատրի իր շռայլ գնումների համար դրամական աղբյուրը։ Եթե նա չկարողանա դա անել՝ նրա ունեցվածքը կարող է բռնագրավվել։ Դատավորը համաձայնել է, որ «այս վկայությունը կարևոր է դատավճռով Հաջիևի դեմ ներկայացված մեղադրանքների վերաբերյալ զեկույցների լույսի ներքո, ներառյալ բանկում  նրա կողմից պաշտոնական դիրքի չարաշահումը՝ ընտանիքի անդամների անուններով վարկային քարտեր թողարկելով, որոնց միջոցով խոշոր պարտքեր են գոյացել բանկի դեմ»։
 
Ջահանգիր Հաջիևը, որպես Ադրբեջանի միջազգային պետական բանկի նախագահ 2001-2008 թվականներին, պաշտոնապես ստացել է տարեկան 71 հազար դոլար աշխատավարձ։ Այնուամենայնիվ, Werner Capital գրասենյակը, որը գույքային ներդրումներ է իրականացնում հարուստների համար, 2011 թ. իր հրապարակած զեկույցում բացահայտել է, որ Հաջիևի ունեցվածքը կազմում է 73 միլիոն դոլար։ «Գարդիանը» հաղորդել է, որ դատախազ Ջոնաթան Հոլը, որը ներկայացնում է Հանցագործության դեմ պայքարի ազգային գործակալությունը, հայտարարել է. «Որպես պետական աշխատող 1993-2015 թվականներին, շատ անհավանական է, որ նման պաշտոնը կարող էր ապահովել բավարար եկամուտ՝ գույքի ձեռքբերման ֆինանսավորման համար»։ 
 
Դատարանում Հաջիևան հայտարարել է, որ տեղյակ չէ իր գնումների միջոցների աղբյուրի մասին, պնդելով, որ իր ամուսինն էր պատասխանատու վճարումների համար։ Նա Հաջիևին բնութագրել է որպես «մեծ կարողությունների տեր մարդ»։ Նա վարձել է բարձր վարձատրվող բրիտանացի իրավաբանների խումբ՝ դատարանում իրեն պաշտպանելու համար:
 
Ներկայումս Հաջիևայի թանկարժեք առանձնատունը, գոլֆի և էլիտար ակումբը մնում են սառեցված և չեն կարող վաճառվել։ 
 
Դեռ հայտնի չէ, թե արդյոք բրիտանական կառավարությունը կբռնագրավի Հաջիևայի ունեցվածքը Լոնդոնում: Առաջիկա ամիսներին շատ այլ դատական գործեր կհայտնվեն դատարաններում, բացահայտելով ադրբեջանցի պաշտոնյաների համատարած կոռուպցիան, որոնք իրենց երկրի նավթային հարստությունից միլիարդավոր դոլարներ են գողացել՝ դրանք ներդնելով իրենց անձնական շահերի համար աշխարհի բազմաթիվ երկրներում...  
 
 
Հարութ Սասունյան 
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 
Նոյյան տապան   -   Հոդվածներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 500 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար