Վալերի Օսիպյանն ու Հունան Պողոսյանը որպես երևույթ

18-10-2018 04:16:56   | Հայաստան  |  Հասարակություն
Փաստաբան Կարեն Մեժլումյանն իր ֆեյսբուկյան էջում գրում է
 


"Կառավարության կողմից նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առաջին տեղակալ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու կապակցությամբ Թավշյա հեղափոխության բազմաթիվ մասնակիցներ իրենց տարակուսանքը հայտնեցին, վարչապետի հասցեին քննադատություններ հնչեցվեցին, իսկ Գորիս քաղաքում հենց Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները, որպես այդ նշանակման դեմ բողոքի ակցիա միջպետական ճանապարհը փակեցին:
Հունան Պողոսյանն էլ բողոքի ակցիա իրականացնողներին սպառնաց, ըստ էության ասելով` նենց չանեք, որ նախկին մասնագիտությունս հիշեմ, այսինքն` ոստիկանական մեթոդներով մարզը ղեկավարեմ:
Արմավիրում այդ հարցի հետ կապված վարչապետ Փաշինյանը որպես դրական օրինակ բերեց Վալերի Օսիպյանին ոստիկանապետ նշանակելը, որը նույնպես սկզբում քննադատության էր արժանացել և, վստահություն հայտնեց, որ Հունան Պողոսյանի նշանակումն էլ է այդ շարքից: 
Հնարավոր է, որ ոստիկանապետ Օսիպյանի աշխատանքն արտաքուստ դրական է երևում. նա այլևս (դեռևս) խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություններ կիրառելու հրամաններ չի տալիս:
Բայց արդյո՞ք նա կաշկանդված չէ մինչհեղափոխական ժամանակաշրջանի իր արարքներով և արդյո՞ք այդ կաշկանդվածությունը չի հանգեցնի նրան, որ պարտակվի նախադեպը չունեցող այնպիսի հանցագործություն, ինչպիսին էր օրինակ 2016թ. հուլիսի 29-ի երեկոյան և գիշերը Սարի թաղում տեղի ունեցածը, երբ ոստիկաններն ու նրանց հետ համագործակցող քաղաքացիական հագուստով անձինք համակարգված ձևով նռնակներով ու մահակներով հարձակում գործեցին խաղաղ ցուցարարների, հավաքը լուսաբանող լրագրողների վրա, ծեծ ու ջարդի ենթարկելով նրանց:
Երևույթն այն աստիճանի էր աննախադեպ, որ դատապարտող հայտարարություններով ու բռնություններ կատարողներին շուտափույթ բացահայտելու պահանջով հանդես եկան միջազգային ու ներպետական բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ, լրագրողական կազմակերպություններ, դիվանագիտական ներկայացուցչություններ, արտահերթ զեկույցով հանդես եկավ Մարդու իրավունքների պաշտպանը:
Մեջբերեմ ՄԻՊ արտահերթ զեկույցից մի հատված. «Լրագրողական ազատությունների նկատմամբ ոտնձգությունների գագաթնակետը, անկասկած, Սարի թաղում հուլիսի 29-30-ի ծավալված իրադարձություններն էին… 
Տարբեր լրագրողներ իրենց վկայություններում նշել են, որ ոստիկանների շարքերի կողմից քաղաքացիական հագուստով անձանց առանձին խմբեր հարձակվել են լրագրողների վրա այն պահին, երբ նկատել են, որ լրագրողները լուսաբանում էին իրադարձությունները… Այդ անձինք ձեռքերով, ոտքերով ու մահակներով հարվածել են լրագրողներին, նրանց մարմնի տարբեր մասերին՝ պահանջելով դադարեցնել նկարահանումը, խլել ու կոտրել են տեսախցիկները, ուղիղ եթերի հեռարձակման տեխնիկական սարքավորումները, պահեստային մարտկոցները, ոչնչացրել են լրատվանյութը, իսկ ում հաջողվել է դուրս պրծնել նրանց ձեռքերից, քաղաքացիական հագուստով անձինք հետապնդել են, բռնել ու կրկին ծեծի ենթարկել, այնուհետեւ պոկել են լրագրողի հագուստի վրա ամրացված լրագրողական անվանաքարտը, պատռել կամ դեն նետել այն, այնուհետեւ սպառնացել կրկին հաշվեհարդար տեսնել, եթե շարունակի տեսանկարահանել կամ լուսանկարահանել իրադարձությունները։»։ 
Հիշեցնեմ, որ ՀՔԾ հայտարարության համաձայն Սարի թաղի դեպքերից տուժել են 99 քաղաքացի, որոնցից 23-ը լրագրող:
Ու թեև առկա էին բազմաթիվ տեսանյութեր ու ականատեսներ, սակայն բռնարարքներ կատարողները չէին բացահայտվում:
Թավշյա հեղափոխության հաղթանակից, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձևավորվելուց ու ՀՔԾ նոր պետի նշանակումից հետո հույս արդնացավ, որ աննախադեպ այդ կազմակերպված հանցագործությունը կբացահայտվի:
ՀՔԾ-ն, սակայն, հակառակն արեց և գործի վարույթը կասեցրեց, պատճառաբանելով, որ չեն կարողանում հայտնաբերել բռնություն կիրառածներին: Ստացվում է, որ եթե Սերժ Սարգսյանի իշխանության օրոք գոնե գործի քննության իմիտացիա կար, ապա Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, սեպտեմբերի կեսերին այն ընդհանրապես կասեցվեց, ինչը տարակուսանքի ու քննադատության տեղիք տվեց:
Բայց ինչո՞ւ այդպես եղավ, չէ որ տրամաբանությունը հուշում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է շահագրգիռ լիներ, որպեսզի լրագրողների ու խաղաղ ցուցարարների նկատմամբ կատարված աննախադեպ այդ հանցագործությունը բացահայտվեր: 
Վստահ եմ, որ նա տեղեկացված չէ կասեցման մասին: 
Կարծում եմ, որ կասեցման պատճառը Վալերի Օսիպյան, արդեն նաև` Հունան Պողոսյան երևույթն է:
Բոլորս հիշում ենք 2016թ. հուլիսի 29-ի երեկոյան azatutyun.am-ի այն կադրերը, երբ Խորենացի փողոցում ոստիկանական զորքերի տեղակայման վայրում քաղաքացիական հագուստով անձինք հերթով անցնում էին հայտնի կամազի մոտով ու «азвирин» անունը ստացած հաբերն ընդունելով համարյա վազելով առաջ էին գնում:
Այդ կադրերից արված լուսանկարները տեղադրված են ներքևում:
Տեղադրված են նաև A1plus.am-ի տեսանյութերից արված լուսանկարները, որտեղից երևում է, թե ինչպես են հաբեր կուլ տված այդ անձինք, որպես Սարի թաղի հավաքի մասնակից, մյուս մասնակիցներին սադրում ու փորձում խաբելով իրենց հետևից տանել դեպի ՊՊԾ գունդ և վազելով իջնելով միանում են ներքևում գտնվող ոստիկանական զորքերին:
Երևում է նաև, թե ինչպես են նույն այդ սադրիչները ոստիկանական հարձակումից հետո մահակներով հարձակվում փախչող ցուցարարների ու լրագրողների վրա ու ծեծի ենթարկում: Հենց այդ անձանց մասին է նշված ՄԻՊ արտահերթ զեկույցում:
Ովքեր են քաղաքացիական հագուստով այդ սադրիչ-բռնարարները, որոնք առկա են տեսանյութերում ու լուսանկարներում, որոնց ճանաչել են տուժողները, որոնց մասին նշված է ՄԻՊ արտահերթ զեկույցում, սակայն, ՀՔԾ-ն չի կարողանում հայտնաբերել նրանց:
Այդ անձանց ով լինելու վերաբերյալ հարցը Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործով տվել ենք այն ոստիկաններին, որոնց վազելով միացել էին այդ անձինք:
Եվ ուրեմն, ոստիկանները այդ հարցին պատասխանելով հայտնում էին, որ իրենց միացած քաղաքացիական հագուստով այդ անձինք ոստիկանության օպերներ են:
Հիմա պարզ է չէ՞, թե ինչու ՀՔԾ-ն «չի կարողանում» հայտնաբերել նրանց ու «ստիպված» գործի վարույթը կասեցնում է: Որպես կանոն ՀՔԾ քննիչը հանձնարարություն է տալիս ոստիկանությանը, որպեսզի իր օպերատիվ աշխատակիցների միջոցով բացահայտի կադրերում երևացող այդ անձանց: Բայց դե օպերատիվ աշխատակիցներն էլ հո իրենք իրենց չեն հայտնաբերելու, ուստի պատասխանում են, որ չեն կարողանում հայտնաբերել:
Ահա այսպիսին է Վալերի Օսիպյան, Հունան Պողոսյան երևույթը` իրենք իրենց, իրենց օպերներին չեն բացահայտի: Արդյունքում Սարի թաղի դեպքերի հետ կապված գործի վարույթը կասեցվում է և տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում է միայն մարտի 1-ի գործը:
Բայց մենք գիտենք, որ դա այդպես չի, որ վարչապետն ամենայն հավանականությամբ տեղեկացված էլ չի կասեցման մասին:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 759 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար