Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին

12-11-2018 11:01:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին։
 


Ողջունելով հյուրին` Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված համագործակցությունը ինչպես ճանապարհաշինական, այնպես էլ բարձր տեխնոլոգիաների ու հեռահաղորդակցության ոլորտներում։
 
Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է «Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ի շինաշխատանքներին, որոնք իրականացնում է չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը։ 
 
Նա նշել է, որ այդ հատվածում որոշակի խնդիրներ էին առաջացել, բայց վերջին շրջանում դրական տեղաշարժ է նկատվում։ Շինարարության տեմպերը զգալիորեն արագացել են։ 
 
Խոսելով ծրագրի ժամկետների վերանայման մասին` Հակոբ Արշակյանը նշել է, որ պետք է նախ լրացուցիչ ուժեր ներգրավել, աշխատանքի մեջ հաշվետվողականությունը բարձրացնել, և եթե բոլոր ջանքերը գործադրվեն, բայց ժամկետները պահպանել հնարավոր չլինի, կքննարկվի նաև վերջնաժամկետը խելամիտ չափով երկարաձգելու հարցը։
 
Դեսպանը նշել է, որ մշտապես պատրաստ է աջակցել աշխատանքային հարաբերություններում փոխըմբռնման հաստատմանը։ 
 
Թիան Էրլունը չինական կողմի անունից հետաքրքրվածություն է հայտնել նաև Տրանշ 4-ում մասնակցություն ունենալու վերաբերյալ` կլինի դա չինական ընկերության կողմից շինարարության իրականացումը, թե ֆինանսական մասնակցությունը` վարկային բարենպաստ պայմաններով։ Նա նշել է, որ չինական կողմը բաց է ցանկացած ձևաչափով համագործակցության համար։
 
Կողմերը մտքեր են փոխանակել նաև ուղիղ ավիահաղորդակցության թեմայի շուրջ։ Դեսպանն ընդգծել է, որ դրա հնարավորության մասին կարելի է խոսել, երբ, օրինակ, զգալի մեծանա ուղևորահոսքը։
 
Հանդիպմանը ներկա նախարարի տեղակալի պաշտոնակատար Բագրատ Բադալյանը ներկայացրել է Բրյուսելում նոյեբերի 20-ին կայանալիք ««Pilot Project Expert Group meeting on Financing» խորագրով հանդիպմանը հայկական պատվիրակության մասնակցության շրջանակները։ Նախատեսվում է դրա ընթացքում ներկայացնել Տրանշ 4-ի շինարարության ծրագիրը, և շատ դրական է, որ չինական կողմը ևս հետաքրքրված է ծրագրով։
 
Դեսպան Էրլունը կարևորել է Հայաստանի դերը` որպես Չինաստան-ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական կապերի հաստատման միջնորդ երկիր։ 
 
Դեսպանը նշել է նաև, որ ՏՏ ոլորտում համագործակցությունը ևս շատ հեռանկարային է, և դեռ չօգտագործված մեծ հնարավորություններ կան։ 
 
Հակոբ Արշակյանն էլ իր հերթին առաջարկել է ստեղծել մի հարթակ, որտեղ կհանդիպեն Հայաստանի ու Չինաստանի տեխնոլոգիական ոլորտի գործարարները, կծանոթանան և բիզնես կապեր կհաստատեն։ Նա նշել է, որ չնայած այս ոլորտում արտադրության ծավալները Չինաստանի հետ համեմատելի չեն, բայց մեր մասնագետների ուժը բարդ խնդիրների լուծումն է և Հայաստանում ներկայում բավական լուրջ նախագծեր են իրականացվում արհեստական բանականության, կիսահաղորդիչների թեստավորման, բլոկչեյն տեխնոլոգիաների և այլ առաջատար ուղղություններուվ։
 
Թիան Էրլունը հայտնեց, որ ամեն տարի աշնանը Շենժենում  էքսպո է անցկացվում, որը կարող է նման հարթակ դառնալ։ Դեսպանը կարևորեց ոչ միայն գործարար, այլև գիտական կապերը, հայ և չինացի գիտնակաների համագործակցությունն ու շփումները։ 
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական 
տեխնոլոգիաների նախարաություն 
լրատական ծառայություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 272 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար