Արտակ Զեյնալյանն Իտալիայում ներկայացրել է հակակոռուպցիոն պայքարին ուղղված աշխատանքները

13-11-2018 15:26:24   | Իտալիա  |  Մամլո հաղորդագրություն
 


 
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը Իտալիայի Հանրապետության մայրաքաղաք Հռոմում  նոյեմբերի 12-ին մասնակցել է «Հակակոռուպցիոն ռազմավարությունների զարգացումը թվային ժամանակաշրջանում. վերջին միտումներն ու  ԵԱՀԿ շրջանակում լավագույն փորձը» համաժողովին: 
Արտակ Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը՝ Հայաստանի պատվիրակությանը համաժողովին հրավիրելու համար և Իտալիայի Հանրապետությանը՝ ջերմ հյուրընկալության համար:  
Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է 2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին և նշել, որ  հայ ժողովուրդը թավշյա, խաղաղ, առանց բռնության հեղափոխության միջոցով իրացրեց իշխանության իր ուղղակի իրավունքն ու ավելի լավ երկիր ունենալու իր երազանքը: 
 
Խոսելով Հայաստանում հակակոռուպցիոն ոլորտում իրականացվող աշխատանքներից՝ Արտակ Զեյնալյանը նշել է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը հասել է նոր մակարդակի, դարձել է ավելի նպատակային և արդյունավետ:
Այդ համատեքստում նա ընդգծել է, որ հակակոռուպցիոն ոլորտում առաջընթացը հիմնականում պայմանավորված է միջազգային չափորոշիչներին համապատասխան օրենսդրության ընդունմամբ և դրա արդյունավետ կիրառմամբ: Մասնավորապես, նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է ապօրինի հարստացման քրեականացմանը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ազդարարման համակարգի ստեղծմանը, հայտարարագրման ինստիտուտի բարեփոխմանը, գնումների ոլորտում իրական սեփականատերերի ինստիտուտի ու էլեկտրոնային ժողովրդավարության գործիքների շարունակական ներդրմանը: Վերջինի առումով Արտակ Զեյնալյանն առանձնացրել է Արդարադատության նախարարության ստեղծած www.e-draft.am իրավական ակտերի նախագծի միասնական կայքը, www.e-hotline.am թեժ գծի կայքը, www.e-request.am էլեկտրոնային հետազոտությունների միասնական պլատֆորմը, www.e-license.am լիցենզիայի միասնական էլեկտրոնային ռեեստրը և այլն: 
Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանը կենտրոնացած է ոչ միայն իրավական և ռազմավարական գործողությունների մշակման, այլև ինստիտուցիոնալ և հարկադրանքի միջոցների համակարգերի կիրառման վրա: Այս առումով, Արտակ Զեյնալյանը նշել է, որ  նախորդ երեք ամիսների ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների և կոռուպցիոն սխեմաների բացահայտման մակարդակը զգալիորեն աճել է:
Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև ներկայում մշակվող  2019-2022թթ. Հակակոռուպցիոն նոր ռազմավարությանը և նշել, որ այդ Ռազմավարության կանխարգելիչ մասը վերաբերելու է  նորարարական մեթոդներով կոռուպցիայի դեմ պայքարին:
Ելույթի ավարտին Արտակ Զեյնալյանը վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունն ու անհանդուրժողականությունը կոռուպցիայի դեմ պայքարի հարցում և նշել, որ ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը կօգնի Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացի գնահատման, թույլ կողմերի բացահայտման և ոլորտում հետագա գործողությունների ծրագրման համար:
 
 
      ՀՀ ԱՆ տեղեկատվության և
 հասարակայնության և հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 218 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար