Բորիս Բերեզովսկու, Դենիել Ռոհնի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգով ամփոփվեց Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը

14-11-2018 16:08:29   | Հայաստան  |  Մշակույթ
 

Արամ Խաչատրյանի Ջութակի և Դաշնամուրի կոնցերտների կատարմամբ ամփոփվեց Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը, փառատոն, որը մեկ ամիս շարունակ երաժշտասերներին ներկայացրեց սիմֆոնիկ և կամերային հետաքրքիր համերգներ։ 
Խաչատրյանի փառատոնի փակման երեկոյին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցան աշխարհահռչակ մենակատարներ՝ ջութակահար Դենիել Ռոհնը և դաշնակահար Բորիս Բերեզովսկին, ովքեր ներկայացրին խաչատրյանական երաժշտության իրենց մեկնաբանությունը։
 
Դենիել Ռոհնը Խաչատրյանի Ջութակի կոնցերտը նախկինում էլ կատարել է, սակայն առաջին անգամ այն նոյեմբերի 13-ին հնչեցրեց կոմպոզիտորի հայրենիքում։ «Ես միշտ սիրել եմ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Այն բավականին ուշ եմ սովորել՝ ընդամենը մի քանի տարի առաջ։ Աննկարագրելի, հրաշալի երաժշտություն է, այն ասես ազատ ճախրանք լինի տիեզերքում»,- ասաց ջութակահարը՝ նշելով, որ ծանոթ է Խաչատրյանի նաև այլ գործերի։ Մասնավորապես, վերջերս կատարել է կոմպոզիտորի ջութակի, կլարնետի և դաշնամուրի տրիոն։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության մասին խոսելով՝ Դենիել Ռոհնը նկատում է, որ շատ հեշտ, հարմարավետ է աշխատել նվագախմբի հետ։ 
Դաշնակահար Բորիս Բերեզովսկին համերգից առաջ լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ Խաչատրյանը նրա ամենասիրած կոմպոզիտորներից է. «Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը միշտ մեծագույն հաճույքով եմ կատարում, այն մեծ հաջողությամբ է ընդունվում հանդիսատեսի կողմից, որովհետև շատ վառ, հրաշալի ու գեղեցիկ երաժշտություն է, ինչի համար մեր երախտիքը պետք է մատուցենք կոմպոզիտորին»։ Բորիս Բերեզովսկին նկատում է, որ շատ կոմպոզիտորների, այդ թվում՝ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների վրա ակնառու է ժողովրդական երաժշտության դրոշմը։ Դաշնակահարը հիշում է, երբ տարիներ առաջ սիմֆոնիկ համերգներից մեկում կատարվեց Խաչատրյանի «Գայանե» բալետից Լեզգինկան, դահլիճն ուղղակի պայթեց ծափահարություններից։ Ժողովրդական երաժշտությունը, ըստ դաշնակահարի, լավագույն երաժշտությունն է, այն ստեղծվել է ոչ թե հանուն գումարի, հանուն փառքի, այլ միայն վայելքի համար, և դրա մեջ է նրա գեղեցկությունն ու ուժը։ Աշխարհում մեծ համբավ վայելող երաժիշտը բարձր գնահատեց համագործակցությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ 
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ամփոփելով Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը, ընդգծեց, որ ամբողջ փառատոնի ընթացքում հնչեցին Խաչատրյանի մեղեդիները։ Փակման գալա համերգը խոսում է փառատոնի միջազգային հաջողության մասին. Բորիս Բերեզովսկին, Դենիել Ռոհնը ներկայացնում են Արամ Խաչատրյանի ամենահայտնի կոնցերտները։ Այն բոլոր ծրագրերը, որոնք հնչեցին փառատոնի համերգների ընթացքում, ըստ դիրիժորի, շատ նշանակալի էին։ 
«Կարծում եմ՝ հաջողություն է Հայաստանում նման միջազգային փառատոն ունենալը, և այն պետք է զարգացնել: Ձեռքբերումները, որոնք եղել են վեց տարիների ընթացքում, պայմանավորված են նաև արտիստների մասնակցությամբ՝ միջազգային համբավ ունեցող երաժիշտներ, որոնք եկել են Հայաստան՝ մեզ հետ տոնելու այս փառատոնի հաջողությունները, և որ մեզ համար շատ կարևոր է՝ հնչեցնելու Խաչատրյանի ստեղծագործությունները»,- ընդգծեց դիրիժորը:
Նշենք, որ Խաչատրյանի փառատոնի փակման գալա համերգին ներկա էին նաև Երևանի  Սամվել Գևորգյանի անվան համար 189 դպրոցի սաները, որոնք ԴասA ծրագրի շրջանակներում գիտելիքներ են ստացել դասական երաժշտության, Խաչատրյանի ստեղծագործությունների մասին, իսկ համերգասրահում կայացավ նրանց շփումը բարձրարվեստ երաժշտության հետ։ 
Խաչատրյանի 115-ամյակին նվիրված Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը կազմակերպել էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ 
 
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 583 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար