Նիկոլ Փաշինյանը բացեց հեքիաթի գաղտնիքը

14-11-2018 18:58:39   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
lragir.am .Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ այսօր Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հարցեր ուղղեց նրա հեղինակած հեքիաթի մասին:
 


“Մարտի 7-ին դուք Խնկո Ապոր գրադարանում կարդացել եք ձեր իսկ հեղինակած հեքիաթը, որը կոչվում է չար տնակի հեքիաթը: Հիմա այս գիրքը լույս է տեսել, երեխաներն ընթերցում են, և անընդհատ հարցեր են ծագում: Երեխաները վստահ են, որ ի վերջո հեքիաթները դառնում են իրականություն: Նրանք վստահ են, որ դուք ալեգորիայի լեզվով խոսել եք հեղափոխության մասին: Ուզում են համոզված լինեն՝ արդյոք այնտեղ կուղբի կերպարը ձեր կերպարն է, չար տնակի կերպարը դա ՀՀԿ – է, թե ոչ: Իհարկե, հեքիաթի վերջում չար տնակը լաց է լինում, և այդ գետակը բացատներին օգուտ է բերում, ջրում է իր արցունքներով, բայց ինչպես եք դուք տեսնում այս հեքիաթի շարունակությունը”,- հարցրեց Լուիզա Սարգսյանը:
 
“Այո, այդտեղ կան այլաբանություններ, այդ այլաբանությունները շատ ուղղակի չեն, բայց կան նաև ուղղակի”,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ չար տնակը, պայմանական ասած, կաբինետն է: “Կաբինետն է, որը հաճախ սովորություն ունի կլանել մարդկանց, ջնջել նրանց հիշողությունը, արժեզրկել արժեքները: Եվ եթե այսքան անկեղծացանք, տվյալ դեպքում չար տնակ ասելով՝ ես նկատի եմ ունեցել ՀՀ Ազգային ժողովը: Եվ քանի որ ես այդ ժամանակ մտածում էի առաջիկա անելիքների մասին, ես մտածում էի, որ ԱԺ խմբակցության ղեկավարի աշխատասենյակը կերել է իմ հիշողությունը, ուտում է իմ արժեքները և ինձ շեղում է իմ քաղաքական առաքելությունից: Եվ ես ուրախ եմ, որ մենք կարողացանք այդ տնակի ճիրաններից դուրս պրծնել և վերադառնալ այն առաքելությանը, որով ես կոնկրետ սկսել եմ իմ քաղաքական գործունեությունը”,- ասաց նա:
 
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ հույս ունի՝ ՀՀ վարչապետի կաբինետն այդպիսի դերակատարում չի ունենա:
 
“Այդ գիրքը միշտ իմ սեղանին դրված է նաև այն պատճառով, որ վարչապետի աշխատասենյակն ավելի հզոր չգտնվի, քան այն արժեքները, որոնց ես հավատում եմ և այն արժեքները, որոնք ավելի կարևոր են այս կյանքում”,- նշեց նա:
 
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց, որ երբեք չէր պատկերացնում, որ խոսքը վերաբերում էր Ազգային ժողովին: Նա Նիկոլ Փաշինյանին խնդրեց գնահատել՝ ինչպիսին էր այս խորհրդարանը:
 
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ միանշական է, որ վեցերորդ գումարման ազգային ժողովը պատմական ԱԺ է: “Այսօր և նախկինում էլ շատերն աննախադեպ են համարում այն քաղաքական փոփոխությունները, որոնք տեղի ունեցան ՀՀ-ում: Եվ ես մեկ անգամ չէ, որ առիթ ունեցել եմ ասելու, որ ամենևին էլ այդ փոփոխությունների թավշյա ու խաղաղ բնույթը այդ փոփոխություններում ներգրավված մի կողմի վաստակն ու ձեռքբերումը չէ: Այո, մենք կարողացանք և ի վիճակի եղանք պրոցեսները տեղափոխել ԱԺ և պրոցեսներին տալ քաղաքական լուծում: Եվ ես ուզում եմ այդ ամենի համար իմ գնահատանքն արտահայտել վեցերորդ գումարման ԱԺ-ի նկատմամբ: Սա մի  առաքելություն է, որը պատմության մեջ դեռ կգնահատվի”,- պատասխանեց Փաշինյանը:
 
Նա հավելեց, որ հոկտեմբերի 2-ին, երբ տեղի ունեցան հայտնի իրադարձությունները, ինքն անմիջապես էլի հիշեց այդ հեքիաթը, որտեղ տեսարանն ավարտվում է նրանով, որ տարբեր տեղերից պայմանական կուղբերը շատ հրատապ լուրին արձագանքելով արագ հավաքվում ու պաշարում են, տապալում են այդ տնակը:
 
“Եվ երբ որ այդ օրը ԱԺ տարածքում մոտ 50-60 հազար քաղաքացի էր հավաքված, ես պարբերաբար հիշում էի այդ հեքիաթը”,- նշեց նա: Փաշինյանը ասաց, որ բարձր է գահատում Արա Բաբլոյանի մոտեցումը, որը կառուցողական էր ամենալարված պահերին անգամ:
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 962 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար