Արտակ Զեյնալյանն ընդունել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

15-11-2018 12:10:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 15-ին ընդունել է ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեին:
Նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել ՄԱԿ-ի հետ համագործակցության ներկայիս մակարդակը և կարևորել հատուկ զեկուցողի այցը Հայաստան՝ երկրում տեղի ունեցող զարգացումներին ծանոթանալու և համագործակցության խորացման հնարավորությունները քննարկելու համատեքստում: 
 
Կլեման Նյալեցոսի Վուլեն շնորհակալություն է հայտնել Արտակ Զեյնալյանին ընդունելության համար և ներայացրել իրենց կառույցին հետաքրքրող հարցերը, որոնք հիմնականում վերաբերել են քաղաքացիների խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրացմանը, դատական համակարգի անկախությանը, դատարանների նկատմամբ հասարակության վստահության վերականգնմանն ուղղված միջոցառումներին, քաղհասարակության մասնակցությանը որոշումների կայացման հարցում: 
Արդարադատության նախարարի պաշտոնակատարը, անդրադառնալով հյուրի բարձրացրած հարցերին, նշել է, որ այս Կառավարության նպատակներից մեկը մարդու հիմնարար, Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների ապահովումն է և, որպես օրինակ, ընդգծել այս ընթացքում տեղի ունեցած մի շարք խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ իշխանության դրսևորած բարձր հանդուրժողականությունը:    
Խոսելով դատական համակարգի անկախությունից՝ Արտակ Զեյնալյանը նշել է, որ նախորդ գործադիր իշխանությունը մեծ ազդեցություն է ունեցել դատական իշխանության նկատմամբ, լայն կիրառում է ունեցել այսպես կոչված «հեռախոսային արդարադատությունը»: «Մեր Կառավարությունն իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից հայտարարել է, որ որևէ դատավոր պատվեր չի ստանալու: Դատավորներն ազատ են վարչապետից ու արդարադատության նախարարից հանձնարարականներ ստանալու պարտականությունից»,- նշել է նախարարի պաշտոնակատարը: Այդ համատեքստում Արտակ Զեյնալյանը կարևորել է նաև Էլեկտրոնային արդարադատության ոլորտում շարունակաբար ներդրվող ծրագրերը՝ ուղղված պետության գործունեության թափանցիկության ապահովմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը և այլն: 
Անդրադառնալով որոշումների կայացման փուլում քաղհասարակության մասնակցությանը՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ, ի թիվս այլ քայլերի, որոնցից մեկը նախարարներին կից գործող հասարակական խորհուրդներն են, պետությունը նաև էլեկտրոնային մի շարք գործիքներ է ներդրել՝ ապահովելու քաղհասարակության մասնակցությունը իրավական ակտերի մշակման փուլում:
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը բարձր է գնահատել Կառավարության դիրքորոշումը դատավորների անկախության ապահովման հարցում՝ նշելով, որ դրանով Կառավարությունը երաշխավորում է երկրում իրավունքի գերակայությունը: 
Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաև կոռուպցիայի դեմ պայքարի համար իրականացվող աշխատանքների ընթացքն ու համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել:
 
      ՀՀ ԱՆ տեղեկատվության և
 հասարակայնության և հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 334 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար