ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ

17-11-2018 11:39:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


          Սիրելի ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ուսանողների միջազգային օրվա առթիվ: Մաղթում եմ խաղաղություն, երջանկություն, նպատակասլացություն, ուսումնառության արդյունավետ տարիներ և ամենայն բարիք:
Ձեզնով է պայմանավորված Հայաստանի ապագան, դո՛ւք եք զարգացնելու  հայրենական գիտությունը, տնտեսությունն ու մշակույթը և ապահովելու մեր երկրի կայուն առաջընթացը: Ուստի, պիտի յուրացնեք ժամանակակից գիտության նվաճումները և նոր հորիզոններ բացեք Հայաստանի հետագա զարգացման համար:
 
Հենվելով միջազգային փորձի վրա` այսօր մենք շարունակում ենք կրթական համակարգի բարեփոխումները, կատարելագործում երիտասարդության խնդիրներին առնչվող օրենսդրական դաշտը և վստահ եղեք, որ արվում է հնարավորը` ձեր գիտելիքների ու մասնագիտական կարողությունների լիարժեք դրսևորումն ապահովելու համար: 
Հայ ուսանողության յուրաքանչյուր սերունդ ժառանգել է նախորդի լուսավոր ու ազատամիտ գաղափարները և զարգացնելով դրանք` որպես մի հին, բայց նորացված արժեհամակարգ՝ փոխանցել է հաջորդ սերնդին: 
Վկան՝ հայ առաջին ուսանողները՝ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի աշակերտները, հետո միջնադարյան Հայաստանի լուսավորության կենտրոնների՝ Գլաձորի ու Տաթևի համալսարանների սաները, ովքեր Հայաստանում տարածեցին հայ պատմիչների մատյանները, Անանիա Շիրակացու մաթեմատիկական գիտելիքներն ու Մխիթար Հերացու բժշկագիտական խորհուրդները: 
Եվ  հայ ուսանողությունն էր, որ բոլոր ժամանակներում ըմբոստանալու էր Հայաստանին սպառնացող յուրաքանչյուր թշնամու դեմ ու իր ընդհատված ուսումնառությունն ավարտելու էր մարտադաշտերում: 
Եվ խոնարհվելով հայրենիքի համար իրենց կյանքը զոհած բոլոր ուսանողների պայծառ հիշատակի առջև` նաև պիտի արժանին մատուցենք ա՛յն ուսանողների սխրանքին, ովքեր շուրջ յոթ տասնամյակ առաջ Պրահայում ըմբոստացան հիտլերյան ֆաշիզմի մարդակեր ընթացքի դեմ ու 1939 թվականի այս օրը դրա համար վճարեցին իրենց երիտասարդ կյանքերով: Եվ նոյեմբերի 17-ը վաղուց դարձել է ոչ միայն նրանց հիշատակը, այլև բռնության դեմ պայքարում մարդկության համերաշխությունը խորհրդանշող օր: 
Քսանմեկերորդ դարում ևս շարունակվում ու նորանոր ձևեր են ընդունում բռնության ու ատելության դրսևորումները: Դրանց դեմ պայքարի լավագույն զենքերը ժամանակակից կրթությունը, գիտելիքն ու զարգացող մշակույթն են: Մարդկության առաջընթացը պայմանավորված է նրանց լույսով, որի տարածողները դո´ւք եք լինելու: Որովհետև ուսանողությո´ւնն է եղել բռնությունն ու ատելությունը մերժող ամենահզոր ուժը և ձևավորել է ա´յն առաջադիմական գաղափարներն ու արժեքները, որոնց վրա են հիմնվում ազատ ու ժողովրդավարական հասարակությունները:  
Սիրելի´ ուսանողներ, կրկին շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ, մաղթում եմ, որ ուսումնառության ընթացքում լավագույնս օգտագործեք միջհամալսարանական կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները: Թող ձեր հայացքը մի´շտ հառված լինի ապագային և այն ամենը, ինչը յուրացրել եք համալսարանական լսարաններում, ծառայեցնեք Հայաստանի ու Արցախի հետագա զարգացմանը: 
Բարին ընդ ձեզ՝ սիրելի ուսանողներ:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 447 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար