Երեւանի քաղաքապետը հանձնառություն է ստանձնել նախադպրոցական ներառական կրթության մոդելի կիրառման հարցում

21-11-2018 10:18:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի համար 92 ներառական մանկապարտեզ: Այցն իրականացվել է Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ:
Խորհրդարանի ղեկավարը եւ քաղաքապետը շրջայց են կատարել մանկապարտեզում, ծանոթացել զարգացման հապաղումներ ունեցող երեխաների համար ստեղծված պայմաններին, զրուցել բազմամասնագիտական թիմի անդամների հետ: Մանկապարտեզն ընդունել է 42 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների` թեթեւ, միջին եւ ծանր զարգացման խնդիրներով:
 
Օրենսդիր մարմնի ղեկավարը շրջայցի ընթացքում քաղաքապետին ծանոթացրել է բազմաֆունկցիոնալ ներառական մանկապարտեզի մոդելին: Ըստ Արա Բաբլոյանի` հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության կարեւորագույն բաղադրիչներից է առողջական խնդիրների վաղ հայտնաբերումն ու միջամտությունը, ինչն ապահովում է լավագույն արդյունք: Նա ընդգծել է, որ երեխաները նման մանկապարտեզներում ստանում են եւ՛ կրթություն, եւ՛ խնամք, եւ՛ համապատասխան բուժաջակցություն, ինչը դյուրացնում է կրթության հետագա կազմակերպումը ներառական դպրոցներում եւ մասնագիտական հմտությունների ձեռքբերումը` ապահովելով գործընթացի շարունակականությունը:
Լինելով Հայաստանում բազմաֆունկցիոնալ ներառական մանկապարտեզի մոդելի նախաձեռնողներից եւ ջատագովներից մեկը` Արա Բաբլոյանն այս գործընթացում կարեւորել է միջգերատեսչական համագործակցությունը` համատեղելով առողջապահական, կրթական, սոցիալական, ինչպես նաեւ համայնքային կառույցների ջանքերը:
Բազմամասնագիտական թիմի անդամներն ու ոլորտի պատասխանատուներն ընդգծել են ծրագրի արդյունավետությունը՝ նշելով, որ մոդելի կիրառման փորձով հետաքրքրված են նաեւ այլ երկրներ:
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը բարձր է գնահատել համանման մանկապարտեզների անհրաժեշտությունը երեխաների կարողությունների զարգացման հարցում: Ըստ նրա՝ դա հնարավորություն է տալիս երեխաներին ինտեգրվել հասարակությանը: Քաղաքապետը կարեւորել է այդպիսի հաստատությունների ստեղծումը մայրաքաղաքում` նշելով, որ առաջին փուլում դրանք կարելի է հիմնել Երեւանի 4 շրջաններում` հետագայում ընդլայնելով ցանցը:
Գաղափարի իրագործմանն աջակցություն են հայտնել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի /UNICEF/ եւ «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները:
Շրջայցին մասնակցել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը, նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանը, Երեւանի ավագանու անդամներ Պավել Մազմանյանը եւ Սերգեյ Սարգսյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթական ծրագրերի բաժնի ղեկավար Ալվարդ Պողոսյանը, «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Շուշան Դավթյանը: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 367 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար