ԱՄՆ պետքարտուղարի հայկական մեսիջը. իրողության ճանաչում-2

22-03-2019 14:55:42   | Հայաստան  |  Վերլուծություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան գրառում է արել այն մասին, որ 52 տարի անց պետք է ճանաչել Իսրայելի վերահսկողությունը եւ ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների հանդեպ: Իսրայել-սիրիական ռազմական բախումների արդյունքում դրանց զգալի մասը 1967 թվականից գտնվում է Իսրայելի վերահսկողության ներքո՝ մոտավորապես 1150 քառակուսի կմ տարածք: 1981 թվականին Իսրայելի խորհրդարանը ընդունել է որոշում՝ բարձունքների հանդեպ իսրայելական ինքնիշխանություն հայտարարելու մասին:
 


Միջազգային հանրությունը չի ճանաչել այդ որոշումը, եւ ահա ԱՄՆ նախագահը անում է այդօրինակ հայտարարություն: Նրան արդեն Իսրայելում շարունակել է պետքարտուղար Պոմպեոն, որը կատարում է մերձավորարեւելյան շրջագայություն եւ Իսրայել է այցելել Լիբանանից, որտեղ քննարկել է ռեգիոնալ իրողությունները, Լիբանանի տնտեսական վիճակը, Սիրիայի հետ այդ երկրի հարաբերությունն ու փախստականների խնդիրը:
 
Այդպիսով, ԱՄՆ հռչակում է մերձավորարեւելյան ռեգիոնում իրողությունների ճանաչման երկրորդ «ակտը»՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու
ց հետո: Իսկ դա լրջագույն քաղաքական իրողություն է, ընդ որում ոչ միայն այդ ռեգիոնի, այլ ավելի լայն շրջանակի համատեքստում: ԱՄՆ հայտարարում է, որ այդ բարձունքները Իսրայելի եւ ռեգիոնալ կայունության ու անվտանգության համար ունեն առանցքային նշանակություն:
 
Գործնականում այն, ինչ նշանակություն Հայաստանի ու Կովկասի կայունության ու անվտանգության համար ունեն Արցախի տարածքները, որոնք արդեն 20 տարի եւ ավելի գտնվում են հայկական վերահսկողության ներքո: Արդյոք դեռեւս 32 տարի էլ պահանջվելու է, որպեսզի ԱՄՆ նախագահը հայտարարի նաեւ կովկասյան իրողությունները ճանաչելու անհրաժեշտության մասին:
 
Սա իհարկե փոքր ինչ պարզունակ հարցադրում է, խնդիրները տարբեր են եւ ունեն բազմաթիվ առանձնահատուկ շերտեր, սակայն դրանով հանդերձ, Մերձավորարեւելյան ռեգիոնում ԱՄՆ մոտեցումներն ու «իրողությունների ճանաչման» տրենդը հատկանշական մեսիջ է եւ միաժամանակ ուղենիշ հայկական քաղաքականության ու պատկերացումների համար:
 
Տվյալ պարագայում խնդիրն այն է, որ իրողությունները աշխարհին, միջազգային հանրությանը, գերտերություններին ճանաչելի դարձնելու համար անհրաժեշտ է նախ հավաստիացնել դրանց հանդեպ ինքնիշխանության կարողությունը: Մի բան, որի ուղղությամբ հայկական կողմում գործնականում կատարվել է չափազանց քիչ աշխատանք: Ավելին, աշխարհը ոչ թե ավելի ու ավելի համոզվել է Հայաստանի եւ Արցախի ինքնիշխանության հարցում, այլ հակառակը՝ սկսել կասկածել դրան, ինչն էլ բերել է արցախյան խնդրում ճգնաժամային ու փակուղային զարգացումների, իրողությունների ներդաշնակության խախտման:
 
Ապրիլի քառօրյա պատերազմի ընթացքում հայկական բանակն ու հասարակությունը կասեցրին այդ անկումային ընթացքը, կասեցրին խախտումն ու ծանր գնով, բայց որոշակիորեն նաեւ վերականգնեցին ներդաշնակությունը: Եվ դրան գործնականում անմիջապես հաջորդեց իրողությունների ճանաչման առաջին եւ արագ ակտը՝ Վիեննայի օրակարգը, որը փաստացի արցախ-ադրբեջանական սահմանագծման առաջարկ էր:
 
Սակայն հետագայում Հայաստանի իշխող համակարգի ներքին անորակության, հակապետական
բնույթի, միաժամանակ նաեւ համարժեք ընդդիմության բացակայության պայմաններում Ադրբեջանին Ռուսաստանի օգնությամբ հաջողվեց կանխել Վիեննայի ճանաչման ակտը:
 
2018-ի ապրիլին Հայաստանը ստացավ նոր հնարավորություն, լեգիտիմ իշխանության ձեւավորումով եւ համակարգային վերափոխման գործընթացով: Նկատելի է նոր հնարավորությունն Արցախի հարցում կապիտալիզացնելու քաղաքականությունը, ընդ որում բավականին ուշագրավ շերտավորումով՝ վարչապետի քաղաքական, միաժամանակ արցախ-իրանյան սահմանին ԱԱԾ պետի «սպայական» հայտարարությունների շրջանակով: Դրանք այլ բան չեն, քան աշխարհին ուղղված՝ իրողությունների հանդեպ ինքնիշխանության ազդակներ:
 
Անշուշտ, դրանք չեն կարող լինել միանվագ, այլ պահանջում են անընդհատություն եւ վերհաստատումներ արդեն պետական կառավարման պարբերական ու շղթայական արդյունքով: Սակայն, որպես ռազմավարական եւ հայեցակարգային ձեւակերպում, դրանք անշուշտ ստեղծում են իրավիճակ, երբ Հայաստանի ինքնիշխանությունը ճանաչողները ժամանակի ընթացքում ուղղակի չեն կարող չճանաչել Հայաստանի՝ ներառյալ Արցախը, եւ Կովկասի անվտանգության ու կայունության համար տարածքների հայկական իրավունքը:
 
Դա նույնականացվելու է հայկական պետական ինքնիշխանությանն ու հայկական քաղաքակրթությանը, այն քաղաքակրթությանը, որի մասին 2017-ի ապրիլի 24-ի ուղերձում հիշատակել էր ԱՄՆ նախագահ Թրամփը, եւ այն քաղաքակրթությանը, որի տարածքում՝ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի հայկական մասում մոմ է վառել Իսրայել այցելած պետքարտուղար Պոմպեոն, ճանաչելով մերձավորարեւելյան իրողություններում հայկական քաղաքակրթության հենքը:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 797 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար