Օլիմպիադաների անցկացումը կարևոր իրադարձություն է կրթական օրացույցում. ԿԳ նախարար

22-03-2019 15:02:00   | Հայաստան  |  Հասարակություն
 

 
ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում այսօր տեղի է ունեցել «Մաթեմատիկա» առարկայի դպրոցականների օլիմպիադայի հանրապետական փուլի բացման արարողությունը, որին մասնակցել է Հայաստանի և Արցախի 5-12
-րդ դասարանի 295 աշակերտ: Շնորհավորելով օլիմպիադայի մասնակիցներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշել է. «Ձեզանից յուրաքանչյուրը մաթեմատիկայի օլիմպիադային մասնակցած 100 աշակերտից առաջինն է: Մաղթում եմ, որ ձեր մյուս 99 ընկերները հաջորդ տարի ավելի լավ ցուցանիշներ արձանագրեն և նույնպես մասնակցեն հանրապետական փուլին: Անցած տարի մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում մենք շատ լավ արդյունքներ ենք արձանագրել. այս տարի այդ արդյունքն առնվազն պետք է կրկնենք, եթե ոչ՝ բարելավենք: Ձեր ընկերները խոսում
էին այն մասին, որ երազանքը կարևոր է: Կարծում եմ, որ ձեր մի մասի երազանքն արդեն կատարվել է, քանի որ օլիմպիադայի հանրապետական փուլին եք մասնակցում, բայց յուրաքանչյուր իրականացած երազանքից հետո պետք է այլ մեծ նպատակներ դնել, ավելի շատ երազել, քանի որ առանց այդ մեծ երազի՝ գիտելիքն ուղղակի ինքնանպատակ է: Իսկ երբ կա այդ մեծ երազը և գիտելիքը, այն իրացնելու հնարավորությունն ավելի մեծ է դառնում»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շատ է կարևորում օլիմպիադաների անցկացումը և այն իրադարձություն է համարում կրթական օրացույցում: Նախարարը հույս է հայտնել, որ մրցույթը կկազմակերպվի պատշաճ մակարդակով, և լավագույնները տեղ կզբաղեցնեն հաղթողների պատվանդանին, իսկ նրանց մի մասը կմասնակցի միջազգային օլիմպիադային:
 
Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանն իր հերթին տեղեկացրել է, որ վերջին տարիներին Հայաստանի օլիմպիական թիմերը, առավել ևս «Մաթեմատիկա» առարկայի թիմը հաջող ելույթներ են ունենում միջազգային օլիմպիադաներում: «6 մասնակցից առնվազն 4-ի դեպքում մշտապես ունեցել ենք մեդալներ: Անցած տարի ևս մեկ ռեկորդային ցուցանիշ արձանագրեցինք. բոլոր 6 մասնակիցներն արժանացան մեդալների՝  2 արծաթե և 4 բրոնզե: Վստահ եմ, որ այս տարի ևս կունենանք բարձր ցուցանիշներ»,-նշել է նա՝ տեղեկացնելով, որ 7 առարկաների գծով առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլին այս տարի մասնակցել է շուրջ 60 հազար աշակերտ, որոնցից 30 հազարը՝ մաթեմատիկայի օլիմպիադային: Նրանցից  295 աշակերտ է մասնակցում հանրապետական փուլին, այսինքն՝  մոտավորապես 1 տոկոսը:
 
Նշենք, որ 2019թ. մաթեմատիկայի միջազգային օլիմպիադան տեղի է ունենալու Մեծ Բրիտանիայում:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 401 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար