ՍԱՏՄ. մսի իրացմանը ներկայացվող նորմերը պետք է պահպանվեն

22-03-2019 16:32:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
«Մսի իրացման կետերում թեև վիճակը զգալիորեն բարելավվել է, սակայն դեռ հեռու է բավարար լինելուց. խնդիրներ կան, որոնք, այո, համալիր լուծումներ են պահանջում, սակայն կան թերացումներ, որոնց նկատմամբ լիազոր մարմնը չի կարող հանդուրժողականություն դրսևորել և չի դրսևորելու»,- այս մասին ասել է ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի
ղեկավար Գեորգի Ավետիսյանը Երևանի շուկաների տնօրենների, մսի իրացմամբ զբաղվող տնտեսվարողների և անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող  անասնաբուժների հետ հանդիպման ընթացքում:
 
Տեսչական մարմնի ղեկավարը ներկաներին հորդորել է խիստ ուշադրություն
դարձնել շուկայահանմանը ներկայացվող անասնաբուժասանիտարական անվտանգությանը և վաճառքի կետերի սանիտարահիգիենիկ տարրական պահանջներին, միսն ու ենթամթերքը ստանալ և դրանց իրացումն իրականացնել միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայության դեպքում՝ հիգիենիկ պայմաններում: Նա հիշեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ՝ եթե մենք, փողոցներում, մայթերին մսի առևտուրը հանդուրժենք այն տրամաբանությամբ, որ մենք դրանով սոցիալական խնդիր ենք լուծում, նշանակում է, որ մենք հանդուրժում ենք, որ մեր երկիրը պետք է լինի ցածր ստանդարտների երկիր: Գեորգի Ավետիսյանն ընդգծել է, որ կարևորագույն խնդիր է չափանիշների բարձրացումն ու դրանց ապահովումը:
 
Հանդիպմանը մասնակցող ՍԱՏՄ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը միս վաճառող տնտեսավարողներին հորդորել է ուշադրություն դարձնել անձնակազմի սանիտարական գրքույկների բացակայության և պարբերական բուժզննության ժամկետների խախտման խնդիրներին: 
 
Տնտեսվարողները ներկայացրել են այն խնդիրները, որոնց լուծման համար ակնկալում են պետության ու լիազոր մարմնի աջակցությունը: ՍԱՏՄ պաշտոնյաները հավաստիացրել են, որ պետական վերահսկողական միջոցառումները լինելու են շարունակական, պայմանավորվածություն է ձեռք բերվել հետևողական և գործուն քայլեր ձեռնարկել նշված խախտումները վերացնելու ուղղությումբ, իսկ անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն և տեղեկատվություն տնտեսավարողները կարող են ստանալ ցանկացած պահի՝ այդ թվում և թեժ գծի միջոցով:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 402 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար