Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կփոխհատուցի նաև 2008-2014 թվականներին տեղի ունեցած դեպքերը

22-03-2019 16:37:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
 
Մարտի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է
զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2019թ. անդրանիկ նիստը, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
 
Նիստի ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է ամփոփ հաշվետվություն նախորդ տարվա սկզբից մինչև օրս իրականացված հատուցումների և նվիրաբերությունների վերաբերյալ, ընդգծելով, որ այս պահի դրությամբ հիմնադրամում հավաքագրված գումարն արդեն հատել է 14 մլրդ., իսկ կատարված ընդհանուր հատուցումները՝ 941 մլն. դրամը:
 
Նիստի ընթացքում հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը միաձայն որոշում է կայացրել այն մասին, որ այս տարվա ապրիլի 1-ից հատուցումներ կտրամադրվեն նաև 2008-2014թթ. ընթացքում հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին կամ հաշմանդամություն ձեռք բերածներին:
 
Հիշեցնենք, որ 2018թ. օգոստոսի 9-ին հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել էր նաև 2015 և 2016 թվականներին տեղի ունեցած դեպքերի մասով ֆինանսական հատուցումներ տրամադրելու վերաբերյալ որոշումը: Ընդ որում, նիստին որոշում է կայացվել հաջորդ տարի քննարկել արդեն 2008 թվականից ավելի վաղ տեղի ունեցած դեպքերի փոխհատուցման հնարավորությունը: 
 
Անդրադարձ կատարելով իրականացված աշխատանքներին և ֆինանսական միջոցների հավաքագրման ընթացակարգերին՝ խորհրդի անդամները նշել են, որ փաստացի նախորդ տարի հիմնադրամի ակտիվների կառավարումից գոյացած միջոցները գերազանցել են կատարված հատուցումների ծավալը, ինչը ևս մեկ անգամ վկայում է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործունեության բարձր արդյունավետությունը:
 
Ծրագիրը հաջողությամբ շարունակում է գործել հանրության առջև լիարժեք  հաշվետվության և բացառիկ թափանցիկության սկզբունքով:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 412 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար