ՊԵԿ-ը փոխում է հարկ վճարողների գույքի արգելադրման վարչարարությունը

22-03-2019 16:50:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
ՀՀ հարկային օրենսգրքի 430-րդ հոդվածին համապատասխան, եթե հարկ վճարողի չկատարված հարկային պարտավորությունը 500 հազար դրամ կամ ավելի է
լինում, պարտավորությունների գանձման որոշումն անհապաղ չկատարելը, ներկայում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն համարում է բավարար հիմք ենթադրելու, որ հարկ վճարողը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել հարկային մարմնի ընդունած իրավական ակտի կատարման համար անհրաժեշտ գույքը, հետևաբար կիրառում է արգելանք հարկ վճարողի գույքի վրա: 
 
Նման վարչարարությունն առաջացնում է հարկ վճարողների դժգոհությունը՝ հաշվի առնելով, որ հարկային պարտավորություններն անհապաղ չկատարելը հաճախ պայմանավորված է անհրաժեշտ միջոցների բացակայությամբ և նրանք այդ պարագայում գույք թաքցնելու, փչացնելու կամ սպառելու մտադրություն չեն ունենում: Խնդիրը կարգավորելու նպատակով  ՊԵԿ-ը 10 երկրների օրինակով ուսումնասիրել է արգելադրման գործընթացի միջազգային փորձը: 
 
Հարկ վճարողների համար պարտավորությունների վճարման առավել բարենպաստ պայմաններ և հնարավորություններ ստեղծելու նպատակով՝ ՊԵԿ-ը փոխում է արգելադրման գործընթացում իրականացվող վարչարարությունը` առաջարկելով հարկ վճարողներին յուրաքանչյուր դեպքում ներկայացնել իրենց համար բարենպաստ փաստերը: Արգելադրման գործընթաց չի իրականացվի, եթե պարտավորությունների գանձման վերաբերյալ որոշումներն ուժի մեջ մտնելուց հետո, ողջամիտ ժամկետում վերջիններիս կողմից ներկայացվեն բավարար ապացույցներ՝ հարկային պարտավորությունների վճարման անհնարինության վերաբերյալ: Նման ապացույցներ կարող են համարվել դեբիտորների կողմից պարտավորությունները սահմանված կարգով
չկատարելը հավաստող ապացույցները, ինչպես նաև հարկային պարտավորությունների վճարման անհնարինությունը հավաստող այլ հանգամանքներ ու փաստաթղթեր: 
 
Միաժամանակ, միջազգային փորձի հիման վրա կներկայացվի օրենսդրական փոփոխությունների առաջարկ, որով կհստակեցվեն արգելանքի կիրառման կանոններն՝ առանց գործող շեմը նվազեցնելու:
 
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 405 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար