Իտալական դիզայնի համաշխարհային օրերին նվիրված ցուցահանդես և վարպետաց դաս ՃՇՀԱՀ-ում

22-03-2019 17:06:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Իտալական դիզայնի համաշխարհային օրվա շրջանակում, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) այսօր բացվել է իտալացի երիտասարդ ճարտարապետների նախագծերի ցուցահանդեսը։ Միջոցառմանը ներկա են եղել  ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցիո Դել Մոնակոն, ՃՇՀԱՀ  ռեկտոր Գագիկ Գալստյանը, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ճարտարապետներ, շինարարներ, դիզայներներ, բուհի  դասախոսներ և ուսանողներ:
 

ԿԳ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, ողջունելով  Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նախաձեռնությունը, նշել է. «Բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում այս ցուցահանդեսն անկասկած կարևոր նախաձեռնություն է, որովհետև միտված է համակարգի միջազգայնացմանն ու կրթության որակի բարձրացմանը: Նման ցուցահանդեսները լրացուցիչ հնարավորություն են ժամանակակից ուսանողների համար հաղորդակից լինելու ճարտարապետության և դիզայնի ոլորտում համաշխարհային զարգացումներին: Իտալական դիզայնի միջազգային օրվա շրջանակում անցկացվող այս միջոցառումը յուրօրինակ հարթակ է ավելի սերտ զարգացնելու Հայաստանի և Իտալիայի ճարտարապետական դպրոցների միջև արդեն
առկա համագործակցությունը»:
 
Փոխնախարարի խոսքով` առանձնակի ուշադրության է արժանի «Ժամանակակից ճարտարապետ, խելացի քաղաքներ և դիզայն» թեմայով վարպետության
դասերի անցկացումը, որը եզակի հնարավորություն է ուսանողների համար` ոչ միայն ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, այլև անմիջական շփումների միջոցով ձևավորել մասնագիտական նոր կամուրջներ:
 
 ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանն իր խոսքում նշել է, որ հայ և իտալացի ճարտարապետների համագործակցությունն ավանդական է, իսկ իտալական դիզայնի համաշխարհային օրվա միջոցառումներն ամրապնդում են պատմական կապերը. «Մեր համալսարանը տասնյակ տարիներ  համագործակցում է Իտալիայի ճարտարապետական դպրոցների և համալսարանների հետ։ Այս ցուցահանդեսը համագործակցության տրամաբանական շարունակությունն է, որը լավ խթան կհանդիսանա մեր բուհերի միջև համագործակցությունում նոր զարգացում ապահովելու համար»,- նշել է ռեկտոր Գագիկ Գալստյանը։
 
Ներկաներին ողջունել են նաև Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցիո Դել Մոնակոն, Ճարտարապետների  միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
 
Բացման արարողությունից հետո ցուցահանդեսում ներկայացված Իտալիայի երիտասարդ ճարտարապետները վարպետության դասեր են անցկացրել ՃՇՀԱՀ ուսանողների համար`  «Ժամանակակից ճարտարապետ, խելացի քաղաքներ և դիզայն» թեմայով։ Վարպետության դասը վարել են «Studio Orizzontale»-ի ճարտարապետ Ստեֆանո Ռագացցոն և «Map studio-magnani pelzel architetti associati»-ի ճարտարապետ Ֆրանչեսկո Մանյանին։
 
Նշենք, որ ցուցահանդեսում  ներկայացվել է 50 աշխատանք, որոնք 2018 թվականին Իտալիայում տարբեր մրցանակների են արժանացել: 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 412 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար