Տեսակապով հանդիպում Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

23-03-2019 13:44:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

Մարտի 22-ին սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանը տեսակապով հանդիպում ունեցավ Ռուսաստանի հայերի միավորում ՀԿ-ի, Մոսկվայի հայ երիտասարդների ասոցացիայի, «Ողջ մնալու արվեստ» կենտրոնի, համայնքի ուսանողական, գիտական շրջանակների ներկայացուցիչների հետ:
 
Հանդիպումն ընթացավ անմիջական, ակտիվ քննարկումների, հարցադրումների մթնոլորտում: Մոսկվայից արձագանքեցին, որ երկար են սպասել նման ձևաչափով և նման անմիջականությամբ հանդիպման, որտեղ ոչ միայն կպատասխանեն իրենց հարցերին, այլև կընդունեն առաջարկություններն ու կկարևորեն համայնքի դերը Հայաստան-սփյուռք գործակցության նոր տրամաբանության մեջ:
 
Նախարարի պաշտոնակատարն այս հանդիպումը ճանաչողական և արժեքավոր որակեց, որը հետագայում պարբերական կդառնա և՛ նմանատիպ միացումների, և՛ անմիջական շփումների, հանդիպումների միջոցով: Նա նախ ներկայացրեց նախարարության վերակազմավորման, փոփոխությունների ընթացքը, խոսեց վարչապետի աշխատակազմում ստեղծվող Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ու նրա գրասենյակի ուղղությունների, գործառույթների մասին, նշեց, որ գրասենյակի ամենագլխավոր առաքելություններից մեկը համայնքերի հետ կապի ամրապնդումն է լինելու, և այդ կապի առանցքային օղակներից է նաև Ռուասատանի հայ համայնքի հետ աշխատանքը:
 
Տեր Գրիգորյանն ընդգծեց նաև, որ այսուհետ 12 նախարարություններն իրենց ոլորտային հարցերով աշխատելու են սփյուռքի հետ, իրականացնելու են ծրագրեր, հանձնակատարի գրասենյակը կոորդինացնելու է այդ ամենը, այսինքն՝ այն առավելապես կոորդիանցնող մարմին է լինելու:  Հանձնակատարն իր հերթին հաճախ է լինելու համայնքերում, այլևս կաշկանդված չի լինելու նախարարական սահմանափակումներով և բոլորի հետ աշխատելու է հավասար գործընկերային հարաբերությունների տրամաբանությամբ:
 
Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ պետությունն ինքն է համայնքներին աջակցելու մեխանիզմներ մշակելու: 
 
Ռուսաստանի հայերի միավորում կազմակերպության համահիմնադիր Դավիթ Տոնոյանը շեշտեց, որ անհամբերությամբ սպասում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ստեղծմանը, որպեսզի
կարողանան համագործակցել, համատեղ օրակարգ մշակել, նաև ներդնել իրենց փորձը, գիտելիքները Հայաստան-սփյուռքի հարաբերությունների առողջացման գործում:
 
Ներկայացնելով իրենց գործունեությունը՝ Դավիթն ընդգծեց, որ իրավական և սոցիալական աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանի հայերին, օգնում հայրենադարձվելու գործընթացի ժամանակ, ակտիվ զբաղվում են հայապահպանությամբ: Սակայն հայրենադարձության հետ կապված խնդիրներ կան, ինչպիսի են տեղեկատվության պակասը Հայաստանում աշխատանքի, կրթության, տարբեր ոլորտներում գործունեության հնարավորությունների մասին:
 
Բաբկեն Տեր Գրիգորյանը, անդրադառնալով հնչեցված մտահոգությանը, նշեց, որ հանձնակատարի գրասենյակն ավելի լայն լիազորություններ է ունենալու առկա խնդիրներին արագ լուծումներ տալու համար, սակայն հայրենադարություն մեկ օրվա գործընթաց չէ, այն փուլային ընթացք է: Այժմ մշակվում է ռազմավարություն, որի հիման վրա էլ կմշակվի հայրենադարձության մասին օրենքի նախագիծը, որը հստակ իրավական սահմանում կտա, թե ով է հայրենադարձը, ով է վերադարձողը: Սա լինելու է գրասենյակի առաքելություններից մեկը:
 
Համայնքից շեշտեցին՝ ուշադրություն պետք չէ դարձնել միայն մասնագիտական հայրենադարձության վրա, քանի որ մանավանդ վերջին 15 տարում Ռուսաստանում բազում հայ անապահով ընտանիքներ են հաստատվել, որոնք այսօր էլ սոցիալապես դժվարին իրավիճակում են, նրանց մեծ մասը դեռևս ՀՀ քաղաքացի է: Առաջարկ հնչեց մեխանիզմներ մշակել նաև այս մարդկանց հայրենադարձության գործընթացում օգնելու համար, որը կիրականացնեն և՛ սփյուռքի կառույցներն ու կազմակերպությունները, և՛ Հայաստանի կառավարությունը:
 
Սփյուռքի նախարարի պաշտոնակատարը նշեց, որ գրասենյակն իր կարգավիճակով նախարարությունից ավելի բարձր է լինելու, որովհետև այն  այլ գերատեսչությունների հանձնարարականներ տալու և վերահսկելու գործառույթ չուներ, իսկ գրասենյակն իր լիազորություններով կկարողանա խնդիրների համապարփակ, համակարգային լուծումներ տալ: 
 
Մոսկվայի հայ համայնքից հարցրեցին նաև, թե արդյոք ուսումնասիրվել է սփյուռքի հետ աշխատանքների, հայրենադարձության միջազգային փորձը: Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդգծեց, որ խոշոր սփյուռքներ ունեցող երկրների փորձը մանրամասնորեն ուսումնասիրվել է, սակայն անգամ նրանց համար մեր փորձը ևս հետաքրքիր է՝ պայմանավորված հայկական սփյուռքի յուրահատկությամբ: Ըստ Տեր Գրիգորյանի՝ այսօր սփյուռքը պետք է դիտարկել 21-րդ դարի տրամաբանության մեջ՝ որպես ցանցային երևույթ, որը կազմված է և՛ կազմակերություններից ու կառույցներից, և՛ անհատներից: Ահա նաև դրա համար է կարևորվում սփյուռքի քարտեզագրումն ու չափագրումը, որը կպարզի, թե որ երկրում հայ համայնքն ինչ ներուժի է տիրապետում: Եթե այս ծրագիրը կյանքի կոչվի, այն եզակի կլինի իր տեսակի մեջ և օրինակելի սփյուռքներ ունեցող մյուս երկրների համար:
 
Հայ համայնքի ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին աջակցել քարտեզագրման աշխատանքերին, քանի որ համայնքում կան լուրջ գիտնականներ, ովքեր կարող են գիտական հետազոտությունների մեջ իրենց ներդրումն ունենալ:
 
Հարց հնչեց նաև պարտադիր զինվորական ծառայություն չանցած այն քաղաքացիների վերաբերյալ, որոնք ապրում են սփյուռքում: Խոսվեց նաև պետական համակարգում հայրենադարձներին ինտեգրելու, սահմանված չափորոշիչները մեղմացնելու մասին: Բաբկեն Տեր Գրիգորյանը նշեց, որ պետական համակարգում աշխատանքի անցնելու վերաբերյալ օրենսդրական փոփոխություններ, հեշտացումներ
կլինեն, սակայն սահմանված չափորոշիչները հավասար են լինելու բոլորի համար:
 
Հայ երիտասարդները ցանկություն հայտնեցին նաև սփյուռքին վերաբերող հարցերի քննարկման ընթացքում իրենց ակտիվ ներգրավվածությունն ապահովող որևէ ձևաչափ ունենալ: Նախարարի պաշտոնակատարը շեշտեց, որ նման ձևաչափի մասին քննարկումներ կան, սակայն սա բարդ գործընթաց է՝ հաշվի առնելով հայկական սփյուռքի բազմազանությունը, այնուամենայնիվ քայլեր արվում են այդ ուղղությամբ, ինչպիսիք են նման հանդիպումների կազմակերպումը, անմիջական շփումները, որոնք կարող են օգնել որոշ հարցերի շուրջ կոնսենսուսի հասնելուն:
 
Ինչ վերաբերում է սփյուռքի հետ աշխատանքերի երկարաժամկետ և համապարփակ ռազմավարության մշակմանը, Տեր Գրիգորյանի խոսքով՝ գրասենյակի կայացումից հետո առաջնային է լինելու այդ ռազմավարության մշակումը: 
 
Առաջարկություններ հնչեցին սփյուռքի երիտասարդ լրագրողների, առաջնորդների, համայնքային գործի կազմակերպիչների՝ Հայաստանում վերապատրաստման արդյունավետ ծրագրերի մշակման, ռուսալեզու հայ շրջանակների համար հայոց լեզվի ուսուցման ձեռնարկների կազմման վերաբերյալ:
 
Հանդիպման ավարտին հայ համայնքի ներկայացուցիչները ցանկացած գործում իրենց աջակցությունն ու ներդրումն ունենալու պատրաստակամություն հայտնեցին: Պարբերաբար նման ձևաչափով և անմիջական շփումներով կապը պահպանելու պայմանավորվածություն ձեռք բերվեց:
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 501 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար