Օրբելյանը բացառիկ գործ արեց, շատ ափսոսում եմ տեղի ունեցածի համար

30-03-2019 13:19:59   | Հայաստան  |  Հարցազրույցներ
Lragir.am-ի զրուցակիցն է ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը
 
-Տիկին Թուխիկյան, ինչպե՞ս եք գնահատում Կոնստանտին Օրբելյանին Ազգային օպերայի թատրոնի տնօրենի աշխատանքից  ազատելու որոշումը։ Սա քաղաքակա՞ն որոշում էր, թե՞ մշակույթի նախարարի անձնական դրդապատճառներով էր պայմանավորված։
 
-Անկեղծ ասած, ոչ
կարծում եմ, որ քաղաքական որոշում էր, ոչ էլ նախարարի անձով էր պայմանավորված։ Կարծում եմ՝ այստեղ օրենքի հետ կապված խնդիր կար։ Եթե հիշողությունս չի դավաճանում, Օրբելյանը առանց մրցույթի էր նշանակվել տնօրեն, իսկ մենք գիտենք, որ ՊՈԱԿ-ների տնօրենի նշանակման ընթացակարգ կա, մրցույթ է լինում երկու փուլով։ Բայց նաև գիտեմ, որ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը հատուկ որոշում էր կայացրել հենց Կոնստանտին Օրբելյանի անձով պայմանավորված։ Այսինքն նրան նշանակել էր հայեցողաբար։ Նաև վիճարկվում էր, որ նույն անձը չի կարող երկու պաշտոն
զբաղեցնել, լինել և գեղարվեստական ղեկավար, և տնօրեն։ Չնայած ես այսօր խոսել եմ իրավաբանների հետ, որոնք ասացին, որ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը նման սահմանափակում չի դնում, բայց գուցե նման սահմանափակում կա ՊՈԱԿ-ների մասին օրենքում։
 
Ես ուզում եմ ընդհանրապես, որևէ հարցի անդրադառնալիս ուսումնասիրել հարցը, տեսնել, օրինակ, ինչպիսին է այսօր Օպերային թատրոնի վիճակը, ուր է հասել թատրոնը Կոնստանտին Օրբելյանի ղեկավարության շրջանում, ինչ դրական և ինչ բացասական քայլեր են արվել, որոնք գոնե ես, որպես պարզ քաղաքացի, կարող եմ նկատած լինել։ Ես նկատել եմ, որ Օպերային թատրոնը շատ աշխուժացել է, լավ, շքեղ բեմադրություններ են արվել, վիզուալ առումով դրանք շատ հարուստ են եղել։ Օպերային թատրոնի համար, որևէ երկրում, այդ շքեղությունը պարտադիր է։ Որ մենք հրաշալի երաժիշտներ ունենք, դա կասկած չի հարուցում, բայց բացի բովանդակային շքեղությունից, եղել են նաև շքեղ ներկայացումներ, որոնք դրսից են բերվել, որոնց դեկորացիաները կամ հագուստները թանկ տեղից են, նաև դրսից կադրեր են հրավիրվել, հյուրախաղեր են եղել։ Բայց ինձ, որպես ՀՀ քաղաքացի և մշակույթ սիրող մեկը, մի քիչ չէր բավարարում այն, որ արդեն տևական ժամանակ հայկական օպերաներ կամ հայկական բալետներ չէին բեմադրվում, թեպետ գիտեմ, որ Թումանյանի 150-ամյակի առիթով պատրաստվում են «Անուշ» օպերան բեմադրել։
 
Մյուս կողմից, ես որքան գիտեմ, դերասանական, արտիստական անձնակազմը՝ երգիչներ, պարողներ, բոլորը չեն ներգրավված պրոցեսների մեջ։ Այսինքն կան արտիստներ, որոնք տարիներով բեմ չեն բարձրանում։ Սա ոչ միայն Օպերայի, այլ որևէ թատրոնի առումով անթույլատրելի է։ Այսինքն գեղարվեստական ղեկավարները կամ ռեժիսորները պետք է այնպիսի բեմադրություններ անեն, այնպիսի պիեսներ, օպերաներ կամ բալետներ ընտրեն, որոնց միջոցով կկարողանան ներգրավել բոլորին։ Միշտ լինում են պրիմաներ, բայց պրիմաներից զատ մյուսները պետք է իրենց մասնագիտական, արտիստական բավարարությունը ստանան, եթե ապաշնորհ չեն։ Իսկ եթե ապաշնորհ են, ուրեմն ընդհանրապես չպետք է այնտեղ լինեն ու ֆինանսավորվեն պետությունից։
 
-Այդուհանդերձ, ինչպե՞ս եք գնահատում Կոնստանտին Օրբելյանին Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու փաստը։
 
-Դրա համար պետք է դիտարկել, թե ինքն ինչ կարող էր, ինչ արեց և դեռ ինչեր կարող էր անել Հայաստանի համար զուտ իր արտասահմանյան կապերով։ Կարծում եմ՝ զուտ այս ռեսուրսը կորցնել հիմա չէր կարելի։ Ընդհանրապես, մշակույթի ասպարեզում միշտ պետք է ավելի ճկուն լինել, քան օրենքներն են, քան ֆինանսների նախարարության որոշումներն են։ Մշակույթի ոլորտում պետք է լինել ավելի ճկուն, ավելի նուրբ, ավելի նրբանկատ։ Կարծես ճանապարհը բացվել էր, Օպերայի դահլիճում լեփ-լեցուն դահլիճներ են, անշլագներ են վերջին շրջանում։ Հիմա ես չեմ քննարկում Օրբելյանի տաղանդի աստիճանը, դա իմ գործը չի, ես դրա մասնագետը չեմ։ Բայց փաստը մնում է փաստ, որ իբրև պրոդյուսեր, ինքը բացառիկ գործ արեց և շատ ափսոսում եմ տեղի ունեցածի համար։ Ես նաև գիտեմ, որ եթե իրենից տնօրենի պաշտոնը վերցնում են, ապա ինքը հրաժարվում է նաև գեղարվեստական ղեկավարի պաշտոնից։
 
Այո, Օրբելյանը որպես տնօրեն տևական ժամանակ Հայաստանում չի լինում, իսկ տնօրենի պաշտոնը ամենօրյա պաշտոն է, ամենօրյա գործ է։ Մյուս կողմից, օրենքը չի նորմավորում տնօրենի աշխատաժամանակը, և վերջապես 21-րդ դարում սկայպի և ամեն տեսակ կապերի միջոցով այդ բոլոր հարցերը կարելի է լուծել ցանկության դեպքում։ Այսինքն դու ի՞նչ ես դնում նժարի վրա. այն չոր օրենքը, որ մի կողմից արգելում է, մյուսով դրա մասին խոսք չկա՞, թե՞ այն մշակութային արժեքը, որ տվել է այս մարդը։
 
-Կառավարության կառուցվածքի փոփոխություններն արդեն Ազգային ժողով է հասել, որով նախատեսվում է, որ այսքան խնդիրներով լի մշակույթի ոլորտը միանում է ԿԳ նախարարությանը։ Միանում են նաև սպորտն ու երիտասարդությունը։ Արդյոք այս կուտակված խնդիրներն էլ ավելի շատ չեն կուտակվելու և գերնախարարության պայմաններում էլ ավելի լուրջ խնդիրների առջև ենք կանգնելու։
 
-Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ գաղափարներ ու փիլիսոփայություն ենք դնելու։ Հիմա տեսեք, մշակույթի նախարարությունը կա, բայց տեսնում ենք, թե ինչեր են մինչև հիմա եղել և շարունակվում են։ Այսինքն նախարարությունն ինքնին իբրև ֆորմալ կառույց որևէ արդյունք տվող բան չի, եթե չասենք արդյունքները նվաստացնող ինչ-որ մի բան։ Համենայնդեպս, այդպիսի շատ փաստեր ունենք։ Իսկ թե ինչպիսին կլինի այս նոր, մեծ նախարարությունը, այլ տարբերակ չունի, քան բովանդակություն դնել իր գործառույթներում և ընդհանրապես համակարգային փոփոխություններ անել։ Համակարգային նախ քաղաքականության մշակման առումով, այսինքն նախարարությունն իբրև քաղաքականություն մշակող և այն կառույցները, որ իր ենթակայության տակ են՝ թատրոններ, թանգարաններ, կինո և այլն, նույն կերպ չեն կարող կառավարվել ոչ մի դեպքում։ Դա անիմաստ բան կլինի, եթե արվի նույն Copy-paste-ը, բայց ես վստահ եմ, որ այդպես չի արվի, այլապես իսկապես անիմաստ կլիներ։ Հիմա, երբ մշակույթի կառավարման հարցն ընկել է այսքան ցածր մակարդակի, այդ զրոյական տեղից պետք է նոր կառուցվածք ստեղծվի, թե ինչպես պետք է կառավարվեն այդ կառույցները։
 
Ամեն դեպքում այդ մեթոդները, ճանապարհները կան և վստահ եմ, որ այդ գաղափարը, բովանդակությունը, թե ինչին պետք է ծառայի և ինչ հարաբերություններ պետք է ունենա լիազոր մարմինը ՊՈԱԿ-ների հետ, պետք է հստակեցվի ու փոխվի միանշանակ։ Մինչև հիմա եղել է վերադաս-ստորադաս, ամենաբարձր ստեղծագործողին կամ արվեստագետին նախարարը կարող էր ասել՝ ես քո վերադասն եմ։ Այդպես չի կարելի։ Այո, նախարարը իշխանական պաշտոն ունի, բայց որևէ նախարարի իրավունք չի տրվում մեծագույն կոմպոզիտորի, դիրիժորի կամ դերասանի հետ այդպես խոսել։ Նախևառաջ այդ հարգանքը պետք է հաստատվի լիազոր մարմնի և ստեղծագործողի կամ ստեղծագործական կազմակերպության միջև, որի շնորհիվ մշակույթն արդյունք է տալիս։ Նախարարությունը չի տալիս այդ արդյունքը։
 
-Հիմա իշխանության ներկայացուցիչներից շատերը նշում են, որ այնպես չէ, որ նախարարությունները միավորելով մեկը մյուսի հաշվին կտուժի, քանի որ փոխնախարարները մեծ դերակատարում են ունենալու։ Այն փոխնախարարները, որոնք այսօր կան, ի վիճակի լինելո՞ւ են իրենց վստահված ոլորտն առաջ տանել, թե՞ ձեր նշած նոր հայեցակարգն ու նոր լուծումները ենթադրում են նաև նոր կադրեր։
 
-Ես ենթադրում եմ, որ կլինի կադրային փոփոխություն։ Նաև հույս ունեմ, որ այն մարդիկ, որոնք անկման տարան այդ ոլորտները, չեն լինի։ Նրանք ուղղակի ոչ գաղափարապես, ոչ ֆիզիկապես ի վիճակի չեն որևէ բան շարունակելու։ Այնպես որ, շատ բան պետք է փոխվի, բայց այնպես չէ, որ չկա բնության մեջ այդ ճանապարհը։ Պարզապես այստեղ պետք է քաղաքական կամք՝ պատճառաբանված մերժելու այն, ինչ մինչև հիմա կար, այդ մեթոդոլոգիան, և ստեղծել նոր, աշխատող, հորիզոնական նախարարություն ու մշակույթ։ Այսինքն պետք է լինեն գործընկերային, հորիզոնական հարաբերություններ, ոչ թե ասեն՝ ես քո շեֆն եմ։ 21-րդ դարում շեֆ հասկացությունն անախրոնիզմ է որևէ ոլորտում, թեկուզ ասենք, պղնձամոլիբդենային կոմբինատում։ Հիմա լրիվ այլ հարթություններում են մարդիկ աշխատում։
 
 
Նոյյան տապան   -   Հարցազրույցներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 928 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար