Նախարար Զեյնալյանը պարգևատրել է Ոստիկանության ծառայողներին

16-04-2019 18:39:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է «Ոստիկանության օրվա» 101-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին:
 
Նախարարը շնորհավորել է ոստիկաններին օրվա կապակցությամբ և նշել, որ, այսուհետ, նոր Հայաստանում, երբ իշխանությունն այլևս ձևավորվել է ժողովրդի կամքով, ոստիկանը չպետք է ընկալվի և չի ընկալվելու որպես պետաիշխանական կարգադրիչ լիազորություն կամ հարկադրիչ միջոց բանեցնող մարդ: «Ոստիկանը պետք է ընկալվի որպես իրավապաշտպան, մարդու իրավունքները պաշտպանող պետական ծառայող և անձ, որը գործում է ժողովրդի անունից, գործում է հանուն ժողովրդի»,- ասել է Արտակ Զեյնալյանը և հավելել, որ այս պարագայում, երբ կա համերաշխություն հասարակության մեջ, երբ յուրաքանչյուր ընտրության ժամանակ նորոգվի այս հասարակական պակտը, ոստիկանի բեռը շատ
թեթև կլինի, որովհետև յուրաքանչյուր քաղաքացի ինքն է դառնում պետականության կրողը, օրինականության պաշտպանը, իսկ ոստիկանը՝ նրա ուղղակի մունետիկն ու քաղաքացու կամքն իրականացնողը: 
 
Նախարարի խոսքով՝ Ոստիկանությունը մարդու իրավունքների պաշտպանության առաջնագծում է, և այդ առաջնագծում է նա հանդիպում հանցագործության, զանցանքի մեջ կասկածվող անձի հետ ու այստեղ է, որ սկսում են գործել այդ անձի՝ միջազգայնորեն ստանձնած և Սահմանադրությամբ իշխանությունների վրա դրված պարտականությունները: «Այստեղ է, որ պետք է ոստիկանը բանեցնի իր գիտելիքը, իր մարդասիրությունը, որպեսզի չխախտվի մարդու իրավունքը: Ոչ թե, որ վաղ թե ուշ կամ ինչ-որ մի ժամանակ հետո Եվրոպական դատարանը կամ միջազգային ինչ-որ դատարան արձանագրելու է խախտում, Հայաստանի պետական բուջեն կրելու է ֆինանսական կորուստներ, այլ, որովհետև խախտվելու է մարդու իրավունքը»,- ասել է նախարար Զեյնալյանը և վստահությամբ ընդգծել, որ խոշտանգումներով ցուցմունքներ կորզելու պրակտիկան մնացել է անցյալում: «Երբ մենք կարդում ենք 2003 թվականի, դրանից հետո տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ Եվրոպական դատարանի վճիռներում արձանագրված փաստերը կամ ներկայացնում ենք դրանք երիտասարդ իրավապաշտպաններին, փաստաբաններին, ուսանողներին, նրանք զարմանում են, որ Հայաստանում այդպես է եղել: Այո՛, դրանք անցյալում են, և այսօր շատ ուրախ եմ,
որ այս մասնագիտական տոնի առիթով կարող ենք շնորհավորել ոչ միայն ոստիկաններին, այլև մեկս մյուսին, որովհետև սա նաև մեր տոնն է»,- ասել է նախարարը և Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա 101-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխիղճ և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի 11 ծառայողների պարգևատրել ՀՀ արդարադատության նախարարի շնորհակալագրով:
 
 
   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 352 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար