Սասուն Միքայելյանի պարագայում լռությունն իսկապես ոսկի է. «Իրատես»

19-04-2019 11:41:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
irates.am Մարդու ամենամեծ թշնամին լեզուն է: 
 


Այս հայտնի ասացվածքն առավել կիրառական է իշխանական պատգամավորների դեպքում: Նիկոլ Փաշինյանի խորհրդարանական թիմը չնայած թվաքանակով գերազանցում է ընդդիմադիր երկու ուժերին միասին վերցրած, սակայն անգամ մեկ ընդդիմադիր ուժի քննադատությանը հակափաստարկներ չի կարողանում բերել: Սահմանափակվում են կամ «քուչի» մակարդակի խոսակցություններով, կամ անձնական վիրավորանքներով: Ընդդիմադիրներն ավելի պրոֆեսիոնալ են, քաղաքականացված: Հավասարազորության խնդիր է առաջանում, քաղաքական մարտերում իշխանությունը տանուլ է տալիս խոշոր հաշվով: «Իմ քայլը» խմբակցությունն անգամ սեփական կառավարության նախագծերը չի կարողանում հիմնավորված պաշտպանել: Իսկ այն ձևով, որով պաշտպանում են, լավ է չանեն: Ասվածի լավագույն օրինակը «հեղափոխությունը» արցախյան
ազատամարտից վեր դասող, ԵԿՄ նախագահի պաշտոնը մեկ տարի առաջ չցանկացող, բայց միշտ դրա մասին երազող Սասուն Միքայելյանի հերթական ցնցող ու ծայրահեղ վտանգավոր հայտարարությունն էր: Պատերազմող երկրում երկրապահի ղեկավարը հայտարարում է. «Մենք 2-րդ, 3-րդ գիծ չունենք, մեր զինվորներն առաջնագծում հազիվ են հերիքում, էսօր ակադեմիան 1 տարում են սովորում, ո՞նց կարող է զինվորը 12 ամիս պատրաստվել»: Այս մարդուն հաճախ պետք է հորդորել, որ քիչ խոսի, հերիք չէ պետական գաղտնիք է հրապարակում, նաև պաշտպանության նախարարության տարիների աշխատանքը մեկ անհեթեթ նախադասությամբ ջուրն է գցում: Իհարկե, հաջորդ օրը հասկանալով անմտությունը, Միքայելյանը հերքեց ինքն իրեն, բայց ուղերձն արդեն համապատասխան երկրի ուժային կառույցներին հասել էր: Հետդարձ չկա: Այս իշխանությունն ամբողջ կազմով աշխատում է նույն սկզբունքով. անհավասարակշիռ հայտարարություններ են անում, հետո հասկանում, թե որքան անպատասխանատու են գտնվել, անմիջապես հերքում են:
 
 
Պատերազմ ապրած մարդուն վայել չէ նաև խոսել զինվորներին ընդամենը մեկ ամիս առաջնագծին պատրաստելու մասին` համեմատություններ անցկացնելով խորհրդային
տարիների հետ: Այդ տարիներին զինվորական ծառայություն անցած մարդն առնվազն պետք է իմանար, որ նվազագույնը 6 ամիս նորակոչիկները պետք է լուրջ պատրաստություն անցնեին, հետո առաջնագիծ գնային: Չանդրադառնալով այլ մանրամասներին, ընդամենը մի դիտարկում. ազատամարտին մասնակցելու հանգամանքը դեռ բավարար պայման չէ խոսելու հաղթանակից ու բանակից, իսկ Սասուն Միքայելյանի պարագայում լռությունն իսկապես ոսկի է:
 
 
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 499 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար