Նախարարը այցելել է «Վինեթի» ընկերության հայաստանյան մասնաճյուղ

23-04-2019 11:55:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

ՀՀ տրանսպոր
տի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ապրիլի 22-ին այցելեց «Վինեթի» (Vineti) ընկերության հայաստանյան մասնաճյուղ: Հանդիպմանը մասնակցում էին մասնաճյուղի ղեկավար Քրիստոֆ Սուշեն, գլխավոր մենեջեր Տիգրան Աստվածատրյանը, արտադրանքի գծով փոխնախագահ Ներսես Օհանյանը, Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ Քեթ Նորենը և ինժեներական բաժնի ղեկավար Անանդ Քոթարին:
 
Նախարարը նախ շրջայց կատարեց ընկերությունում, ծանոթացավ ընկերության գործունեության ընդհանուր ուղղություններին ու մատուցվող ծառայություններին, զրուցեց աշխատակիցների հետ: 
 
2016 թվականին Սան Ֆրանցիսկոյում հիմնադրված ընկերությունն արդեն երկու տարի է՝ ունի իր հայաստանյան մասնաճյուղը, որի 35-ից ավելի աշխատակիցները ոչ միայն տեղացիներ են, այլև մասնագետներ ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Ռուսաստանից, Լեհաստանից և այլ երկրներից: 
 
Հանդիպմանը քննարկված կարևոր թեմաներից մեկը Հայաստանի տեխնոլոգիական ընկերությունների և բուհական համակարգի միջև համագործակցությունն էր: «Վինեթի» ընկերությունը տեղի բուհերի ուսանողների համար պարբերաբար կազմակերպում է ինտերնշիփեր, ինչի
արդյունքում առավել լավ արդյունքներ ցուցաբերողները դառնում են ընկերության աշխատակիցներ: 
 
Նախարար Հակոբ Արշակյանն առաջարկեց ընդլայնել գործունեությունը, գնալ տեխնոլոգիական կրթություն առաջարկող համալսարաններ և ուսուցողական ծրագրերն իրականացնել տեղում՝ ընդգրկելով առավել մեծ թվով ուսանողների, դասախոսների և գիտնականների՝ այդպիսով բարձրացնելով աշխատաշուկա-բուհ համագործակցության արդյունավետությունը: Բուհական համակարգում տեխնոլոգիական ընկերությունների գործընկերները կարող են դառնալ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Երևանի պետական, Հայաստանում ամերիկյան, Ռուս-հայկական (Սլավոնական) և այլ համալսարաններ:
 
Ընկերության ղեկավար անձնակազմի հետ զրույցում նախարարը առանձին անդրադարձ կատարեց նաև հայաստանյան ընդհանուր տեխնոլոգիական էկոհամակարգին, թվային օրակարգին, նորաստեղծ ընկերություններին և ստարտափերին ցուցաբերվող աջակցությանը: Նշվեց, որ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում նորաստեղծ ընկերությունների ներկայացուցիչների ճանաչողական այցեր կազմակերպելու դեպի Սիլիկոնյան հովիտ: 
 
Նախարարը նաև պատրաստակամություն հայտնեց աջակցել «Վինեթիի» նման ընկերություններին՝ մշակելու մեխանիզմներ, որոնց օգնությամբ աշխարհին կներկայացվի հայաստանյան տեխնոլոգիական ներուժը, ինչպես նաև տեղական ընկերությունների մշակած պրոդուկտը կներկայացվի արտասահմանյան երկրներում և կարտահանվի:  
 
Հանդիպման ընթացքում ընկերության ներկայացուցիչները նախարարին ներկայացրին նաև այն խնդիրները, որոնց հանդիպում են աշխատելու կամ ներդրումներ անելու նպատակով  Հայաստան եկող արտասահմանցի մասնագետները: Դրանք հիմնականում կապված են ինչպես աշխատանքային թույլտվությունների, այնպես էլ քաղաքացիություն ստանալու կարգի, հարկային դաշտի հետ: Հակոբ Արշակյանը նշեց, որ այժմ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում նշված բոլոր ընթացակարգերը պարզեցնելու և առավել դյուրին դարձնելու ուղղությամբ, որպեսզի արտասահմանյան գործարարների, ներդրողների կամ անհատ մասնագետների համար Հայաստանում գործունեություն ծավալելու խոչընդոտներ չլինեն: 
 
Հանդիպման ավարտին Հակոբ Արշակյանն ընդգծեց, որ թեև նախարարությունն այժմ վերակազմավորման գործընթացում է, սակայն պատրաստակամ է աջակցել համագործակցության, նոր ծրագրերի ու գաղափարների իրագործմանը:  
 
«Վինեթին» թվային տեխնոլոգիաների ընկերություն է, որն օգնում է դեղագործական ընկերություններին անհատականացված բուժում առաջարկել ու հիվանդներին։ Ընկերության տրամադրած ծրագրային նոր լուծումների շնորհիվ հնարավոր է արդյունավետ կազմակերպել անհատականացված դեղերի արտադրությունը, դեղերի՝ հիվանդին հասնելու փուլերն ու եկամտի ստացումը։ Հայաստանյան թիմում կան ինժեներական կազմի անդամներ, որակի ստուգման մասնագետներ, արտադրանքի մենեջերներ, դիզայներներ, հաճախորդների աջակցման մասնագետներ։  
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 232 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար