Նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Շվեդիայի Թագավորությունից ժամանած պատվիրակությանը

23-04-2019 17:25:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Շվեդիայի Թագավորության Սոդերթայլե քաղաքի  քաղաքապետ Բոել Սեսիլիա Գոնդերի գլխավորած պատվիրակությանը, որի կազում էին քաղաքային խորհրդի անդամներ Լինդա Սյոգրենն  ու Սարգիս-Հովհաննես Խաչատուրյանը։ Հանդիպումը կազմակերպվել է ՀՅԴ Հայ Դատի  Եվրոպայի հանձնախմբի միջնորդությամբ։ 
Նախարար Պապիկյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել նրանց Շվեդիայի  Թագավորության խորհրդարանի և  Սոդերթայլեի
քաղաքային խորհրդի կողմից Հայոց  ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործում ունեցած անուրանալի ներդրման, ինչպես նաև Մեծ եղեռնի զոհերին նվիրված ամենամյա հիշատակման միջոցառումներ կազմակերպելու համար։ Հայ-շվեդական միջպետական հարաբերությունների կայուն զարգացման համատեքստում նախարարն առանցքային է համարել նաև երկու երկրների միջև միջտարածաշրջանային և միջհամայնքային համագործակցության օրակարգի ընդարձակումն ու գործընկերության նոր հորիզոնների ուրվագծումը։ 
 
Սոդերթայլեի քաղաքապետ Բոել Սեսիլիա Գոնդերն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Հայաստանում դեռևս նախորդ տարի սկիզբ դրված համակարգային փոփոխություններն ու երկրի զարգացման միտումները հայ-շվեդական երկկողմ կապերի շարունակական զարգացման հիանալի հնարավորություն են ընձեռնում։ 
 
Սուրեն Պապիկյանն իր երախտագիտությունն է հայտնել Սոդերթայլեի քաղաքային իշխանություններին կրթադաստիարակչական բնագավառներում հայ համայնքի հանդեպ ցուցաբերած առանձնահատուկ ուշադրության ու հոգատարության համար և ընդգծել, որ ցեղասպանությունը վերապրած ժողովրդի համար չափազանց կարևոր է իր պատմական հիշողությանը  հաղորդակցվելու, իր մայրենի լեզուն ու մշակույթն ուսումնասիրելու հնարավորություն ունենալ։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 306 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար