Ֆրանսահայ աշակերտները շրջեցին կառավարության շենքում

23-04-2019 17:31:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Ապրիլի 23-ին սփյուռքի նախարարի պարտականությունները Բաբկեն Տեր Գրիգորյանի ուղեկցությամբ Ֆրանսիայի «Համազգային» (ք. Մարսել), «Դպրոցասեր տիկնանց» (Ռենսի/Փարիզ) և «Սուրբ Մեսրոպ-Արապեան» (ք. Ալֆորվիլ) հայկական ամենօրյա վարժարանների աշակերտները և ուսուցիչները շրջայց կատարեցին Հայաստանի Հանրապետության կառավարության շենքում: Այս այցը շատ խորհրդանշական էր աշակերտների համար, նրանք ոգևորվածությամբ շրջեցին Կառավարական տան դահլիճներում, հանդիպումների սրահներում եղան, ծանոթացան գործադիրի աշխատանքին, կառավարության նիստերի դահլիճում հարցեր ուղղեցին նախարարի պաշտոնակատար Բաբկեն Տեր Գրիգորյանին:
 
Դպրոցի սաներին հատկապես հետաքրքրում էին հեղափոխության
բերած փոփոխությունները, այս մեկ տարվա ընթացքում գրանցած հաջողությունները: Նրանցից մեկն անկեղծորեն հարցրեց. «Արդյո՞ք այսօր մարդիկ նույնքան ուրախ են, որքան մեկ տարի առաջ հեղափոխության օրերին էին»: Բաբկեն Տեր Գրիգորյանը հեղափոխության կարևորագույն ձեռքբերումը համարեց ժողովրդավարության հաստատումն ու ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացումը, կոռուպցիայի դեմ դրսևորվող զրո անհանդուրժողականությունը: Աշակերտներին հետաքրքրվեցին նաև՝ հեղափոխությունը նպաստե՞լ է Հայաստանի և մյուս երկրների հարաբերությունների լավացմանը: Ըստ Բաբկեն Տեր Գրիգորյանի՝ Հայաստանում ժողովրդավարության հաստատումը խոսուն ազդակ է միջազգային հանրության համար, և մեր երկիրն այլևս վստահելի գործընկեր է մարդու իրավունքների, օրենքի գերակայության տեսանկյունից:
 
Սփյուռքահայ պատանիներն անդրադարձան նաև սփյուռքի նախարարության վերակազմավորմանը, Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման հետագա ընթացքին: Սփյուռքի նախարարի պաշտոնակատարը նշեց, որ վարչապետի աշխատակազմում գործելու է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, այսպիսով՝ Հայաստան-սփյուռք կապերը դրվում են ավելի բարձր մակարդակում, քանի որ նախարարության ձևաչափում չէին արդարացվում այն ակնկալիքները, որոնք առկա էին: Գրասենյակը ունենալու է համակարգման լայն գործառույթ, հանձնակատարի պաշտոնը լինելու է եզակի պաշտոն՝ սրանով մեկ անգամ ևս արձանագրելով սփյուռքի հետ աշխատանքի կարևորությունը: «Գրասենյակը հիմնականում աշխատելու է 4 ուղղությամբ՝ հայրենադարձություն և ինտեգրում, հայապահպանություն և համայնքներին աջակցություն, համահայկական օրակարգի ձևավորում և սփյուռքի ներուժի նպատակային օգտագործում Հայաստանի զարգացման գործում: Հայրենադարձությունը լինելու է մեր քաղաքականության հիմքում: Հայաստանը պիտի բոլոր հայերի հայրենիքը լինի: Ինքս էլ հայրենադարձ եմ, ծնվել եմ Փարիզում,
մեծացել Լոս Անջելեսում, 7 տարի առաջ էլ որոշեցի հայրենադարձվել, սակայն ամեն ինչ սկսվել է ահա այսպիսի մի այցից դեռևս 20 տարի առաջ: Վստահ եմ՝ ձեզ մեջ կան մարդիկ, որոնք տարիներ անց կլինեն Հայաստանի կառավարության կազմում»,-ընգծեց Բաբկեն Տեր Գրիգորյանը՝ շեշտելով նաև սփյուռքի ներուժի կարևորությունը ոչ միայն ֆինանսական, այլև առավելապես մարդկային, մասնագիտական, ցանցային առումներով:
 
Հարցեր հնչեցին նաև արևմտահայերենի պահպանման և տարածման վերաբերյալ:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 387 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար