Խախտվել է Մհեր Դերձյանի անմեղության կանխավարկածը. փաստաբան

23-04-2019 17:40:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Ոստիկանության լրատվական ծառայությունը տեսանյութ էր տարածել, որտեղ <<Մի կտուրի տակ>>  ծրագրի ղեկավար Մհեր Դերձյանը, ըստ նախնական տվյալների, մեղադրվում է խարդախությամբ խոշոր չափի գումարներ յուրացնելու, ծրագրի շահառուների կանխավճարներից գոյացած  եւ սպառողական կոոպերատիվի հաշվեհամարին փոխանցված ավելի քան 8 միլիոն դրամը յուրացնելու մեջ: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության: Պարզաբանումներ  են ներկայացնում Մհեր Դերձյանն ու նրա փաստաբան Լուսինե Վիրաբյանը:
 
<<Մի  կտուրի տակ>> ծրագրի գրասենյակը նորմալ աշխատում է, կոոպերատիվներում էլ աշխատանքները շարունակվում են բնականոն հունով՝ վստահեցնում է Մհեր Դերձյանը: Նա ընդգծում է, ապացույցների պակաս չունեն եւ կներկայացնեն, եթե հարկ լինի:
 
<<Գումարը, որ փոխանցվել է սպառողական կոոպերատիվի հաշվեհամարին օգտագործվել է՝ ըստ նշանակության: Մենք ունենք բոլոր փաստաթղթերը եւ  կարող ենք ապացուցել, որ ոչ
մի դրամ այդ գումարից հենց այնպես չի
ծախսվել: Այդ գումարով մենք  գնել ենք հողը, կատարել որոշակի աշխատանքներ, որոնց մասին ավելի մանրամասն պատրաստ եմ հաշվետու լինել կոոպերատիվների յուրաքանչյուր անդամի>>,- ընդգծում է Դերձյանը եւ ցույց տալիս փաստաթղթերը:
 
Խոսակցությանը միանում է փաստաբան Լուսինե Վիրաբյանը եւ նշում, որ իրենք քրեական գործի հարուցման մասին տեղեկացել են լրատվամիջոցներից: Նախորդ շաբաթ հրավիրվել են ոստիկանություն՝ ոչ թե վկայի կամ մեղադրյալի, այլ  քաղաքացու կարգավիճակով:
<<Այս պահին Մհեր  Դերձյանի դեմ մեղադրանք չի առաջադրվել եւ նա  կասկածյալի կարգավիճակ չունի: Նախորդ շաբաթ մենք ներկայացել ենք ոստիկանության համապատասխան 3/3 վարչություն ուղղակի որպես քաղաքացի, մեզ ասել են, որ նյութեր են նախապատրաստվում, բայց  ո՞ւմ դեմ եւ ինչ՞ի համար՝ մենք տեղյակ չենք>>,- նշում է փաստաբանը: Լուսինե Վիրաբյանի կարծիքով ոստիկանության տարածած տեսանյութում խախտվել է նաեւ քաղաքացու անմեղության կանխավարկածը:
 
<< Միակողմանի քննություն է արվել ու հիմա նյութ է հրապարակվում… Հաշվի առնելով Սահմանադրության 41 հոդվածը եւ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածը՝ խախտվել է  անմեղության կանխավարկածը: Տեսանյութում նշվում  է, որ Մհեր Դերձյանը կատարել է տվյալ արարքը՝ նախապատրաստված նյութերի հիման վրա: Չեն ասում ենթադրվում է, որ կատարվել է: Մարդիկ արդեն իսկ հաստատում են արարքի կատարված լինելը: Եթե նման բան կա, այդ դեպքում ինչո՞ւ մեղադրանք չի առաջադրվում >>,- նշում է փաստաբանը ու ավելացնում՝ քրեական գործը կարող է հարուցվել, բայց նախապատրաստված նյութերը բավական չլինեն եւ քրեական գործը կարճվի՝ հանցակազմի բացակայության պատճառով:
 
<< Մեր բնականոն գործունեությունը շարունակելու ենք եւ նախաքննությանը ոչ մի կերպ չենք խոչընդոտելու: Մենք չենք վախենում  աուդիտից կամ  ստուգումներից: Նախորդ շաբաթ ոստիկանությունը մեզ հարցում արեց ֆինանսական մուտքերի եւ ելքերի վերաբերյալ, հաջորդ օրն իսկ մենք պատասխանեցինք, որ աշխատում ենք թափանցիկ եւ բաց, ցանկացած մուտքերի եւ ելքերի վերաբերյալ հարցումների պատասխաններ կարող են ստանալ Պետեկամուտների կոմիտեից: Բոլոր հաշվետվությունները ներկայացվել են եւ որեւէ խնդիր չունենք: Մեր նպատակը, սկզբից եւեթ, մարդկանց տնով ապահովելն է եղել՝ առանց գրավի ու տոկոսների: Հետագայում էլ  շարունակելու ենք շարժվել նույն ուղղությամբ>>,- եզրափակում է Մհեր Դերձյանը:
 
Yerevaklur.am
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1580 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար