Քննարկվել են դատական իշխանության եւ փաստաբանության ոլորտի խնդիրներ

23-04-2019 18:24:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանն ապրիլի 23-ին հանդիպել է Փարիզի փաստաբանների պալատի պատվիրակությանը՝ պալատի փոխնախագահ Բազիլ Ադերի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:
 


Պատվիրակությունը Հայաստանում մասնակցում է «Քրեական պաշտպանության 200 տարին: Հեղափոխություն, իրավական պետություն, հանրային ազատություններ» խորագրով գիտաժողովին:
 
Բազիլ Ադերը ներկայացրել է Փարիզի փաստաբանների պալատի գործունեությունը՝ ընդգծելով ՀՀ փաստաբանների պալատի հետ հաստատված հարաբերությունները: Նա նշել է, որ ամեն տարի Հայաստանից ոլորտի մասնագետներ են մեկնում Ֆրանսիա վերապատրաստման: Նշելով, որ խորհրդարանին է վերապահված իրավական պետություն կերտելու պատասխանատվությունը՝ հյուրը կարծիք է հայտնել, որ օրենքի գերակայությունն
է տնտեսական թռիչքի ապահովման շարժիչ ուժը: Այս համատեքստում նա կարեւորել է փաստաբանների անկախության ու անվտանգության երաշխիքների ապահովումը:
 
Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ ֆրանսիական ժողովրդավարական արժեքները մեր ինքնության ու կրթության բաղկացուցիչ մասն են եղել, ՀՀ Սահմանադրության հիմքում նաեւ ֆրանսիական սահմանադրական զարգացումների ավանդույթներն են: Հանձնաժողովի նախագահն իր հերթին կարեւորել է իրավական կայունությունն ու անվտանգությունը, դատական իշխանության անաչառությունն ու արդյունավետությունը տնտեսության զարգացման, ներդրումների ներգրավման հարցում: Այս առումով նա ընդգծել է փաստաբանության ինստիտուտի կայացումը եւ խոսել մեր երկրում այդ ոլորտի զարգացման փուլերի մասին: Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է Հայաստանում դատական իշխանության եւ փաստաբանության խնդիրներին:
 
Կողմերը կարեւորել են դատական համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված քայլերը, այս հարցում խոսել դատավորների սոցիալական երաշխիքների ապահովման մասին: Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը խորհրդարանի օրակարգային հարցերից է, օրենսդիրը նախատեսում է իրավակարգավորումներ մշակել հակակոռուպցիոն մարմնի վերաբերյալ եւ ձեռնարկել մեխանիզմներ, որոնք դատական համակարգը զերծ կպահեն կոռուպցիոն դրսեւորումներից:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 372 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար