«Հայոց ցեղասպանություն. նախերգանք և հետգրություն: Հաղոդումներ ամերիկյան մամուլում» մատենաշարի հեղինակ Արա Քեթիբյանը ՀՌՀ-ում

23-04-2019 18:37:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Հայ-Ռուսական համալսարանի գրադարանում այսօր տեղի է ունեցել հանդիպում 1890-1922 թթ․ԱՄՆ-ի թերթերում հրապարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածներից կազմված «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press» 10 հատորանոց անգլերեն մատենաշարի հեղինակ, ավստրալահայ գործիչ Արա Քեթիբյանի հետ: 
 
«Մատենաշարի աշխատանքները սկսել ենք 2007թ.-ին: Մենք հավաքել ենք ԱՄՆ-ում գործող ամենանշանավոր «The New York Times», «The Boston Daily Globe», «The Chicago Tribune», «The Christian Science Monitor», «The Los Angeles Times» և «The Washington Post» թերթերի հոդվածները: Ամենադժվարը մեզ համար տեղանունների
և անձնանունների բացատրական ցանկերը կազմելու գործընթացն էր, քանի որ հոդվածները լրիվ չէին, կտրատված էին, անունները աղավաղված էին, և մենք, օրինակ, մեկ տառի պատճառով ստիպված էինք լինում երեք ամիս ճշտել մեկ մարդու անունը»,- նշել է Արա Քեթիբյանը՝ հավելելով, որ ժողովածուի վերջին հինգ հատորը կհրատարակվի մինչև տարեվերջ: 
 
Մատենաշարի հատորներում առկա են 1894-1896 թթ․Համիդյան կոտորածներին, Հայոց ցեղասպանությանը, Հայ Դատին, հայ-թաթարական բախումներին, Հայկական հարցին, ինչպես նաև Նյու Յորքի և Բոսթոնի հայկական գաղթօջախների կազմավորմանը վերաբերող բազմաթիվ նյութեր։ Առաջին հինգ հատորում  ներկայացված է 6696 հոդված:
 
Իր հերթին Հայ-Ռուսական համալսարանի Հումանիտար գիտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել գրքի հեղինակին մատենաշարի առաջին հինգ հատորը ՀՌՀ-ին նվիրաբերելու համար: «Այս շարքը հիանալի նվեր է մեր դասախոսների, ուսանողների, պատմաբանների և ցեղասպանագետների համար, որոնց համար սա հսկայական տեղեկատվության աղբյուր կհանդիսանա իրենց ուսումնասիրությունների համար»,- ընդգծել է նա: 
 
Քաղաքագետ Արա Պապյանն էլ իր խոսքում կարևորել
է, որ վերոնշյալ մատենաշարը կարող է հետաքրքիր լինել նաև ազգագրագետներին և քաղաքագետներին:  «Գրքերում զետեղված են տեղեկություններ այն ժամանակվա գյուղական կյանքի, տարբեր երկրների միջպետական հարաբերությունների, 1919-1920թթ. Փարիզի խաղաղության վեհաժողովի մասին և ոչ միայն»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ հետագայում բոլորի համար հասանելի կլինի նաև գրքի առցանց տարբերակը:
 
ՀՌՀ մամուլի  ծառայություն
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 456 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար