Կառավարությունը 133 հազար 200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ հատկացրեց Շախմատի ֆեդերացիային (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



25-04-2019 12:51:46   | Հայաստան  |  Հասարակություն
 


Շախմատի համաշխարհային օլիմպիադիայի եռակի չեմպիոն, աշխարհի գավաթի կրկնակի հաղթող և պատմության բոլոր ժամանակահատվածի չորրորդ ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստ Լևոն Արոնյանը 2019 թվականին պատրաստվում է մասնակցել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար ծավալվող պայքարին, իսկ կառավարությունը նրա մասնակցությունը պատշաճ կազմակերպելու նպատակով ապրիլի 25-ին կայացած նիստի ընթացքում որոշեց Շախմատի ֆեդերացիային հատկացնել 133 հազար 200 ԱՄՆ դոլար համարժեք դրամ: 
 
Առաջարկը կառավարությանը ներկայացրեց Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, ով պատմական ակնարկ կատարեց՝ նշելով. 
 
«1886 թվականից մինչ այսօր 16 շախմատի չեմպիոն է եղել: Եվ մենք հիշում ենք, որ իններորդ աշխարհի չեմպիոնը դա մեր Տիգրան Պետրոսյանն էր:
Ասածս հետևյալն է, որ աշխարհի վերջին առաջնությունը եղել է 2016 թվականին, նաև պետք է փաստեմ մեր ունեցած տվյալներով՝ 2020 թվականին է անցկացվելու աշխարհի առաջնությունը: Մագնուս Կարլսենի հետ է պայքարը լինելու, և Լևոն Արոնյանը այն
տիտղոսավոր շախմատիստներից է, որը մեծ հավակնություն ունի, որ մասնակցելու է այդ աշխարհի առաջնությանը»: 
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հարցին՝ արդյոք էլի եղե՞լ են նման հատկացումներ պետական բյուջեից, թե՞ սա առաջին դեպքն է, Գ. Ղազարյանը նշեց, որ նշյալ հատկացումը ՀՀ պատմության մեջ առաջինն է, երբ կոնկրետ մարզիկի համար գումար է հատկացվում: 
 
Կառավարության որոշումը վարչապետն այսպես մեկնաբանեց. 
 
«Սովորաբար, եկեք արձանագրենք, որ այս կարգի հարցերն ավանդաբար լուծվել են հետևյալ կերպ, որ ուղղակի որևէ ձևով կամ զանգ է հնչել, կամ միջնորդություն է եղել որևէ ունևոր անձնավորության կամ անձանց, որ եկեք ֆինասավորեք սա: Ես կարծում եմ, որ դա վատ մեխանիզմ է, որովհետև ինքն իր հետ բերում է այլ հարաբերություններ, այլ պարտավորություններ, արտոնություններ և այլն: Ես կարծում եմ, որ մեր դիրքորոշումը այս հարցում պետք է լինի հետևյալը՝ այն մարզական առաքելությունները, որոնք մենք կգնահատենք պետական նշանակություն ունեցող, պետությունը պետք  է ֆինանսավորի: Այն մարդիկ, ովքեր ավանդաբար ֆինանսավորել են այսպիսի գործողությունները, այդ մարդիկ թող վճարեն իրենց հարկերը, պետությունը այդ թվում նաև իրենց անունից կֆինանսավորի այս կարգի գործունեությունը»: 
 
Նա նկատեց, որ Լևոն Արոնյանին աջակցելը պետական առաքելություն է, քանի որ վերջինս աննախադեպ վաստակ ունի հայրենիքի առաջ: 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 769 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար