100,000 հայ պահանջում են բանտարկել Լևոն Տեր-Պետրոսյանին. Դիմում՝ Արթուր Վանեցյանին

02-05-2019 11:18:38   | Հայաստան  |  Իրավունք

 

ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության
տնօրեն Արթուր Վանեցյանին
ՀՀ քաղաքացիներ
 


տ.գ.դ., պրոֆ. Էդուարդ Մանուկյանից
տ.գ.դ. Վահան Համազասպյանից
 
100,000 հայ պահանջում են բանտարկել 
Լևոն Տեր-Պետրոսյանին 
 
Դիմում
 
 
Սույն թվականի մարտի 14-ին մենք արել էինք հայտարարություն հնարավոր հանցագործության մասին, որտեղ հիմնավոր կասկած էինք հարուցել, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը (Լ.Տ.Պ-ն) հանդիսանում է մեր թշնամի երկրի գաղտնի ծառայությունների գործակալ: Այդ հայտարությունը և նրա հետ կապված մամուլի ասուլիսի տեսանյութերը տեղադրվել են սոց. ցանցերում (տես՝ http://www.noyan-tapan.am/am/news/265138/, http://www.noyan-tapan.am/am/news/266462/, http://www.noyan-tapan.am/am/news/266389/ ): Մարտի 14-ից սկսյալ այդ տեսանյութերը ունեցել են մոտ 110,000 դիտորդ: Մեր գնահատականով նրանցից 90-95% համամիտ է մեր հետևություններին: Այնպես որ այսուհետև մենք հանդես ենք գալիս մոտ 100,000 հայի անունից: Սույն թվի ապրիլին 10-ին ստացել էինք ՀՀ ԱԱԾ-ի պատասխանը ըստ որի, մեր կասկածն անհիմն է: Այդ պատասխանը մենք չենք տեղադրի սոց.ցանցերում, քանի որ դա կարող է գցել ԱԱԾ-ի վարկանիշը, որին մենք երբեք չենք ձգտում: Այդ “պատասխանը” մենք ձեզ առաքում են առանձին գրությունով և կից արված վերլուծությունով, քանի որ ըստ ԱԱԾ-ի պատասխանի բացարձակ չեն դիտարկվել մեր կասկածները և մեղադրանքները: Ելնելով արդեն 100,000+2 հայի կարծիքից պահանջում ենք՝
 
 
Մեզ ներկայացնել կից բերվող 17 հարցերի պատասխանները` տրված Լ.Տ.Պ-ի կողմից: Այս պատասխաններից կհետևի, թե որքան հիմնավոր են մեր կասկածները, այն որ Լ.Տ.Պ-ն հանդիսացել է թշնամի երկրի գաղտնի գործակալ:
 
Ըստ ՀՀ քրեական օրենսդրության թիվ 304 հոդվածի, քրեորոն պատժելի է այն գործողությունը (անգործությունը), որը պետությունը թուլացնելու նպատակով ուղղված է արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, դրամական համակարգի, առևտրի կամ տնտեսության այլ ճյուղերի, ինչպես նաև կազմակերպությունների կամ պետական մարմինների գործունեության քայքայմանը, եթե այդ արարքը կատարվել է կազմակերպություններն օգտագործելու կամ դրանց բնականոն աշխատանքը խոչընդոտելու միջոցով: Ըստ այս օրենքի դատական պատասխանատվության պետք է ենթարկել ՀՀ նախկին բոլոր երեք նախագաներին, քանի որ 1991 թվի դրությամբ մեր երկիրը չուներ ոչ մի պարտք և ուներ հսկայական հիմնական միջոցներ: Իսկ 2018 թվի մայիս ամսվա դրությամբ մեր երկիրն ուներ 6,9 միլիարդ դոլլարի պարտք և չնչին հիմնական միջոցներ: 
 
Այսինքն տեղի է ունեցել ազգային հարստության հսկայական կորուստ:
Այսպիսով, որպեսզի հիմնավորվի նրանցից յուրաքանչյուրի մեղքը, պահանջում ենք հանրությանը ներկայացնել երկրի ազգային հարստության գնահատականը այդ թվականներին: Տվեք այդ գնահատականների արժեքները երեք նախագահների պաշտոնավարման սկզբում և վերջում, այսինքն 1991 թվի, 1998 թվի, 2008 թվի, 2018 թվի վիճակով, որոնք դուք կարող եք ստանալ Պետական վիճակագրական կոմիտեից:
 
Դիմող՝ Էդուարդ Նշանի Մանուկյան 
Դիմող՝ Վահան Նորայրի Համազասպյան 

 

 



Հավելված 

 
Հարցեր, որոնց պարտավոր է պատասխանել ԼՏՊ-ն:
 
1. Համարելով, որ մասնավորը ավելի լավ տնտեսվարող սուբյեկտ է, քան պետությունը, խախտելով գործող Սահմանադրությունը և գործնականորեն առանց մրցույթի չնչին գումարներով, 1991թ-ից սկսած կատարվեց արդյունաբերական ձեռնարկությունների սեփականաշնորհում: Ինչո՞ւ, որպես պետության ղեկավար, Լ.Տ.Պ-ն չպահանջեց, որ սեփականաշնորհման ակտերին կցվեն պարտադրող պայմանագրեր պետության և գնորդի միջև, որտեղ գնորդը պարտավորվի իրականացնել
համապատասխան ձեռնարկատիրական գործունեություն և բյուջե մուծի հարկեր:
 
2.Ինչո՞վ կբացատրվի մեր ապրած մութ ու ցուրտ տարիները, չէ՞ որ բոլոր ջերմակայանների, ատոմակայանի կանգառի դեպքում Հայաստանը ուներ 960 մեգավատ էլեկտրական հզորություն արտադրելու հնարավորություն հիդրոկայանների օգնությամբ: Արտադրական ձեռնարկությունների չաշխատելու պայմաններում այդ էներգիան կհերիքեր 24 ժամ անընդհատ մոտ մեկ միլիոն հատ էլեկտրաջեռուցիչ (միջին հզորության էլեկտրաջեռուցիչը պահանջում է 1կիլովատ/ժամ հզորություն) կամ 10 միլիոն հատ էլեկտրական լամպ (1 լամպի հզորությունը 100վատ) աշխատացնելու համար: Եվ վերջապես որտեղի՞ց հայտնվեց և ու՞ր չքացավ այդ տարիների ՀՀ-ի էներգետիկայի նախարար Ժիրայր Լիպարիտյանը:
 
 Ինչո՞ւ արտադրական միջոցների սեփականաշնորման գործընթացը նախաձեռնվեց նրանց հոսանքազրկումից հետո, երբ նման չաշխատող հիմնարկների արժեքը հավասարվեց մետաղական ջարդոնի արժեքի: Ինչո՞ւ այդ ժամանակահատվածում բացվեց Հայաստան-Իրան սահմանը, որը նպաստեց գործարանային սարքավորումների վաճառքին էժան գնով և նրանց տեղափոխումը Հայաստանից դուրս: Հավատացնում եմ, որ եթե սկզբից կատարվեր սեփականաշնորհում և, ապա նոր հոսանքազրկվեր Հանրապետությունը՝ աշխատող գործարանների սեփականատերերը դա թույլ չէին տա անել:
 
3. Ըստ Ղարաբաղա-Ադրբեջանական կոնֆլիկտի ռուսական միջնորդ Վլադիմիր Կազիմիրովի, 2014թ.-ի ապրիլի 26-ին Շանթ հեռուստատեսությամբ տված հայտարարության, հայ-ադրբեջանական զինադադարը նախատեսված էր կնքել միայն Ադրբեջանի և Ղարաբաղի միջև, սակայն կնքման նախորդ երեկոյան Հեյդար Ալիևը հեռախոսով հայտնել է Վլադիմիր Կազիմիրովին, որ իր համար շատ ցանկալի կլինի, որ Լ.Տ.Պ.-ն նույնպես ստորագրի այդ զինադադարը: Վլադիմիր Կազիմիրովը ընդդիմանում է, որ Հայաստանը կռվող կողմ չէ և Հայաստանի ստորագրությունը չպետք է դրվի: Սակայն Ալիևը խնդրում է Վլադիմիր Կազիմիրովին, որ նա իր ցանկության մասին տեղյակ պահի Լ.Տ.Պ-ին: Երբ Վլադիմիր Կազիմիրովը այս մասին հայտնում է Լ.Տ.Պ-ին՝ ինչո՞ւ է Լ.Տ.Պ-ն սիրով համաձայնում ստորագրել, որը կատարվում է հենց իր ցուցումով Վազգեն Սարգսյանի կողմից: Լ.Տ.Պ-ի այս քայլով զրոյացվում է Ղարաբաղյան շարժման քաղաքական հետևանքները՝ հետագա բանակցություններում Ղարաբաղի ստորագրությունը արդեն չի դիտարկվում և փոխարենը լինում են միայն Հայաստանի և Ադրբեջանի ստորագորույթունները: Սա հիմք է տալիս Ադրբեջանին, որ միջազգային բոլոր օղակներում Հայաստանը ներկայացնել որպես ագրեսոր երկիր և սկսվում են անհասկանալի ու անպտուղ բանակցությունները: Բայց չէ որ, եթե Լ.Տ.Պ-ն չդներ իր ստորագրությունը, այնտեղ լինեին միայն նույն երկրի՝ Խորհրդային Ադրբեջանի երկու բաղադրիչների ստորագրությունները, ապա դա կնշանակեր, որ ըստ միջազգային բոլոր նորմերի Ադրբեջանը ավտոմատ ճանաչում էր Ղարաբաղի ինքնիշխանությունը, Հայաստանը չէր դիտվի կոնֆլիկտի կողմ և չէին լինի սրանից բխող բոլոր բացասական հետևանքները:
 
4. Ինչո՞ւ միայն 2001 թ.-ին բացահայտվեց Լ.Տ.Պ.-ի օգնականի թուրքական հետախուզության գործակալ լինելու փաստը:
 
5. Ինչո՞ւ Լ.Տ.Պ.-ն իր աշխատակազմում հանդուրժել է թուրքական հետախուզության գործակալի առկայությունը, ով 2001թ.-ին դատապարտվել է 12-ամյա բանտարկության: Լ.Տ.Պ.-ին մտերիմ այդ անձնավորությունը վեց տարի շարունակ մասնակցել է պետական կարևոր հարցերի լուծմանը և տեղյակ է եղել պետական կարևորության փաստաթղթերին:
 
6. Ինչո՞ւ Ղարաբաղի ու Հայաստանի շուրջ անվտանգության գոտին ստեղծող լայնատարած հարձակման առաջին օրը, առավոտյան ռադիոյով հայ ժողովրդին ուղղված խոսքում, Լ.Տ.Պ.-ն սխալ էր համարում այդ նոր սկսած ռազմական գործողությունները (ի դեպ, օրվա կեսից այն հանվեց ռադիոլրատվությունից) և ընդդիմանում դրան, չէ՞ որ հետագան մեզ ցույց տվեց, որ դա տվեց փաստացի  խաղաղություն մինչ օրս (այս փաստի վերաբերյալ պատրաստ եմ տալ գրավոր վկայություն):
 
7. Ինչո՞ւ Լ.Տ.Պ.-ն 1994 թ.-ին կանխեց մեր զորքերի հարձակումը Եվլախի ուղղությամբ (որը Ադրբեջանի տրանսպորտային հանգույցն է), որի գրավումով կաթվածահար կարվեր Ադրբեջանի երկաթգծային համակարգը (ըստ ռազմական գործողությունների ղեկավարների հեռուստատեսությամբ տված վկայությունների):
 
8. Ինչո՞ւ 1991 թ-ին ԼՏՊ-ն կանխել է հայկական զորքերի մուտքը Նախիջևան Երևան-Մեղրի երկաթուղու երկաթգծային ուղին պաշտպանելու համար, երբ դեռ ռուս սահմանապահ զորքերը պաշտպանում էին Նախիջևան-Թուրքիա սահմանը, իսկ ռուսական ռազմական ղեկավարությունը աջակցում էր մեր այդ սպասվող  քայլին:
 
9. Ի՞նչն է պատճառը, որ ՀՀ զինվորական ղեկավարները գաղտնի են պահել Շուշիի ազատագրման պլանը Լ.Տ.Պ.-ից և այն իրականացրեցին, երբ Լ.Տ.Պ.-ն գտնվում էր Թեհրանում:
 
10. Ինչո՞ւ 1992-95թթ. Լ.Տ.Պ.-ի կողմից բազմիցս արվում էին խաղաղասիրական կոչեր, չհարձակվելու և ռազմական դիմադրություն չձեռնարկելու քայլեր և չսպառազինվելու քաղաքական կոչեր (հիշենք նրա կարգախոսը՝ «Մեր ուժը մեր թուլության մեջ է»), և միևնույն ժամանակ նախահարձակ զինվորական ղեկավարներին պաշտոնից հեռացնելու քայլեր: Եվ քանի դեռ Լ.Տ.Պ.-ն չէր ստանձնել գլխավոր հրամանատարի պարտականությունը, զինված ուժերը համեմատաբար անկախ էին: Նրանք իրականացրեցին Ղարաբաղի և կից տարածքների ազատագրումը: Սա եղավ նրա քաղաքական կամքին հակառակ և մեր ազգին խիստ օգտակար հետևանք: Այս հաղթանակը Լ.Տ.Պ-ն հետագայում իրեն վերագրեց ՝ հանդես գալով որպես հաղթած պետության նախագահ:
 
11. Ինչո՞ւ ռազմական նախարար Վազգեն Մանուկյանը անմիջապես հեռացվեց պաշտոնից, երբ ԼՏՊ-ի երկրից բացակայության ժամանակ ընդլայնեց անվտանգության զոնան Կապան քաղաքը անարգել ու կործանարար ռմբակոծումներից փրկելու համար:
 
12. Վրաց-աբխազական կոնֆլիկտի ժամանակ, ըստ ԶԼՄ-ների (փաստը կարիք ունի լրացուցիչ ստուգման ԱԱԾ-ի կողմից), վրացական կառավարությունը Հայաստանին առաջարկեց մի փոքր զորախմբով պաշտպանել վրաց-աբխազական սահմանագծում Հայաստանը Ռուսաստանի
հետ կապող երկաթգծի հատվածը: Չէ՞ որ այդ հատվածը հեռու էր մեր սահմաններից. մենք ոչ մի կերպ չէինք դառնա կոնֆլիկտի կողմ հաշվի առնելով հայ-աբխազական վաղեմի բարեկամությունը, աբխազահայերի առկայությունը, և մենք կխուսափեինք մեր երկրի տնտեսական բլոկադայից: Ինչո՞ւ մերժվեց վրացական կառավարության կողմից մեզ համար խիստ նպաստավոր առաջարկը: 
 
13. Ինչո՞ւ չկազմակերպվեց Հայաստան մտնող գազատարի պաշտպանությունը (չէ որ հարևան Վրաստանը դա մեզ թույլ էր տալիս): Ինչո՞վ կբացատրվի այդ «պայթեցումների» դադարեցումը, չէ՞ որ հետո ռազմական բախումները տարածաշրջանում շատ ավելի սաստկացան: Եվ երբ արդեն քայքայվել էր տնտեսությունը Հայաստանից հեռացել էին միլիոնավոր մարդիկ՝ հանկարծ հայտվեց և գազը, և լույսը, և հացը:
 
14. Ինչո՞ւ արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը հեռացվեց պաշտոնից, երբ փորձ արեց բարձրացնել Հայ Դատի հարցը: Հարց, որը ներկայումս դարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության և Հայաստանը Սփյուռքին միավորող կարևորագույն գործոնը:
 
15. Ինչո՞ւ (ըստ արտաքին գործերի նախարարի տեղակալի հեռուստատեսային ելույթի, 2007թ. ապրիլ) Լ.Տ.Պ.-ն բազմիցս մերժել է Իրանի առաջարկը Իրան-Հայաստան գազատար անցկացնելու համար, որը մեզ կտար էներգետիկ անկախություն:
 
16. Ինչո՞ւ Լ.Տ.Պ.-ի կողմից չի հերքվում Փակագիծ թերթում բերված (09.01.2008-ի համարում) Սպիտակի շրջանի նախկին շրջխորհրդի նախագահ Նորայր Մուրադյանի վկայությունները Լ.Տ.Պ.-ի կողմից միլիոնավոր ռուբլիների յուրացման փաստերի և վարած թուրքամետ քաղաքականության մասին:
 
17. Ինչո՞ւ է Լ.Տ.Պ.-ն իր իշխանության վերջին օրերին անօրեն կերպով ՀՀ դատախազության արխիվներից թաքցրել և վերացրել է իր գլխավորված Ղարաբաղ կոմիտեի արխիվային գործերը, իբր  Ղարաբաղ կոմիտեի ինչ-որ գոյություն չունեցող թանգարանի համար: Այդ քայլը քրեորեն պատժելի է ցանկացած քաղաքացու համար (առնվազն որպես գողություն): Միգուցե նա վերացրել է իր և թշնամի երկրների գաղտնի ծառայությունների հետ եղած կապի հետքերը: Իմ կարծիքով, այլ բացատրություններ չեն կարող լինել նրա այս քայլին:
 
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 15482 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար