Հաստատվել է ՀՀ կառավարության 2019-2023 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը

16-05-2019 16:43:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
 
Նախքան օրակարգին անցնելը՝ փոխվարչապետն անդրադարձել է  երեկ մեկնարկած «Աշխատիր Հայաստան» ծրագրին: «Ծրագիրն ունի 3 հիմնական նպատակ: Ինչպես գիտեք՝ ՀՀ-ում գործազրկության հետ կապված խնդիրները բավականին լուրջ են.  2018թ. վերջի դրությամբ նոր մեթոդաբանությամբ հաշվարկված՝ գործազրկության մակարդակը կազմել է մոտ 20 տոկոս: Այդ առումով  միջգերատեսչական մեր հանձնաժողովը  մշակել է մի ծրագիր, որը հենված է 3 հենասյուների վրա՝ մարդկային կապիտալի զարգացում, զբաղվածության խթանում և ինստիտուցիոնալ բարեփոխումներ»,- ասել է Տիգրան Ավինյանը և հավելել, որ այս 3 ուղղություններով էլ շատ կոնկրետ թիրախներ և ժամանակացույց է սահմանվելու: Փոխվարչապետը շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին
հանձնարարել է մինչև հունիսի 15-ը սահմանել թիրախները և ժամանակացույցը, որովհետև միջոցառումներն ամբողջությամբ պատրաստ են:
 
Այնուհետ ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը մանրամասներ է ներկայացրել հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգի գործարկումից: Փոխնախարարը, մասնավորապես նշել է, որ համակարգի գործարկումն իրականացվել է բազմաթիվ փորձարկումներից հետո: Ըստ նրա՝ այսօր ժամը 10:45-ի դրությամբ առցանց համակարգում արդեն 9321 երեխա է հերթագրվել. տեխնիկական խնդիր է եղել շուրջ 100 երեխաների հետ կապված: «Խնդիր է եղել ծանրաբեռնվածության մասով: Այդ տեխնիակական խնդիրներն արագ հարթվել են»,-նշել է Արևիկ Անափիոսյանը՝ հավելելով, որ  առաջին դասարանցիների կանխատեսվող ցուցանիշի 75-80 տոկոսն արդեն հայտագրվել է:
 
Փոխնախարարն նշել է, որ համակարգն այսուհետ անխափան կաշխատի և ծնողները կարող են իրենց երեխաներին առանց որևէ խնդրի համակարգում հայտագրել:
 
«Մենք սրանով փաստորեն վերջ դրեցինք  այն համակարգին, որ խնամի-ծանոթ-բարեկամով գրանցում էին դպրոցներում: Դրվեց թափանցիկ ու հաշվետու մի համակարգ, որը, կարծում ենք նաև, կփոխի մշակույթ՝ կա կարգ, կա  օրենք, որին պետք է հետևենք, և բոլոր քաղաքացիները այդ կարգի ու օրենքի առաջ հավասար են»,-ասել է  Արևիկ Անափիոսյանը:  
 
Անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը՝ գործադիրը հաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023
թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը: Ինչպես նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, միջոցառումների ծրագիրը համախմբված է 22 պետական մարմինների կողմից ներկայացված ծրագրերից: Ըստ փոխվարչապետի՝ տեղի են ունեցել քննարկումներ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ: Կառավարության նիստին որոշ գերատեսչությունների ղեկավարների կողմից բարձրացված մի քանի տեխնիկական հարցերին անդրադառնալու նպատակով փոխվարչապետն առաջարկել է ևս մեկ շաբաթ՝ փաստաթղթում վերջնական  խմբագրական աշխատանքներ իրականացնելու համար:   
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 438 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար