Արտոնություններ՝ հերթական ներդրումային ծրագրերին

16-05-2019 16:48:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Գործադիրը թույլատրել է  «Արմ-Ֆայն» ՍՊԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող հումքն օգտագործելու է մասնագիտացված հագուստի արտադրության մեջ (ք. Երևան)։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 130 մլն ՀՀ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 12 աշխատատեղ` 100,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով, նախատեսվում է ստեղծել 3-5 նոր աշխատատեղ՝ 80,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 230 մլն ՀՀ դրամ, որից 180 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 50 մլն ՀՀ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 85 մլն ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 8.5 մլն ՀՀ դրամ:
 


Կառավարության մեկ այլ որոշմամբ «ԷֆԱրՎի Մասրիկ» ՓԲԸ կօգտվի ներդրումային ծրագրի շրջանակում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից:  2018 թ.-ին հիմնադրված ընկերությունը նախատեսում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս շրջանում կառուցել
55 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան՝ կատարելով շուրջ 28 մլրդ դրամի  ներդրում։ Գործունեությունը նախատեսվում է սկսել 2020 թ.-ից։ Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 10 նոր աշխատատեղ` 130 հազ․ դրամ միջին աշխատավարձով:
 
Այլ որոշումներ
 
Գործադիրն ընդունել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թ. ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում, որով կապահովվի գործընթացի պատշաճ կազմակերպմունն ու անցկացումը: 
 
Կառավարության որոշմամբ սեպտեմբերի 29-ին ՀՀ Արարատի մարզի Արևաբույր համայնքում կանցկացվի համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն:
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 506 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար