Նրանք գալիս են, Սերժ Սարգսյանը՝ մնում. ինչ է ասել Ռոբերտ Քոչարյանը

16-05-2019 16:52:18   | Հայաստան  |  Վերլուծություն
Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանն ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը կներկայան Նոր Նորքի Ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի ըստ կարգի ներկայացնեն Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու իրենց երաշխավորությունը: Նրանք դատարանին երաշխավորում են, որ Քոչարյանը հայտնվելով ազատության մեջ՝ կցուցաբերի պատշաճ վարքագիծ եւ լիարժեք կմասնակցի մեկնարկած դատավարությանը:
 


Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն Ազատությանը ասել է, որ Բակո Սահակյանն այդ քայլի համար Երեւան է գալիս ոչ թե Արցախի իշխանության հավաքական կամք ներկայացնելու, այլ անձնական նախաձեռնությամբ, մարդասիրական անձնական գործողության շրջանակում:
 
Այդուհանդերձ, Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի քայլը Հայաստանում դիտարկվել է իբրեւ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշում, առավել եւս, որ այդ ֆոնին որոշ հայտնի հայտարարություններ արեց նաեւ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը:
 
Մյուս կողմից, Հայաստանում կան ուժեր, որոնք շահագրգռված են այդ հանգամանքը հենց Արցախի իշխանության «հավաքական քայլ» ներկայացնելու հարցում, ունենալով որոշակի շահեր այդ իշխանության ձեւավորման նոր փուլի՝ 2020 թվականին սպասվող նախագահի եւ խորհրդարանի ընտրության համատեքստում:
 
Այդ դեպքում սակայն, ինչու՞ է Բակո Սահակյանը տալիս առիթը: Ակնառու է, որ մի կողմից անելով այդ քայլը, մյուս կողմից նա հարաբերվում է պաշտոնական Երեւանի հետ: Իրավիճակի բանաձեւը տվեց վարչապետ Փաշինյանը, Արցախում Հաղթանակի տոնը նշելուց հետո վերադառնալով եւ կատարելով գրառում, որ եթե ոմանք փորձեն Արցախը վերածել հակահեղափոխության օջախի, ապա Արցախի հանրությունը այդ փորձը շատ արագ կմարի՝
վերածելով հեղափոխության:
 
Հատկանշական է, որ այդ հայտարարության առնչությամբ անհանգստություն են արտահայտել հայաստանյան որոշակի շրջանակներ, ինչի պատճառը թերեւս այն է, որ Փաշինյանն Արցախից վերադարձից հետո այդ գրառումով շատ հստակ արձանագրեց, որ Արցախում չի լինի թե հակահեղափոխություն, թե հեղափոխություն:
 
Արցախում որդեգրված է քաղաքական իրավիճակի եւ սուբյեկտության սահուն տրանսֆորմացիայի քաղաքականություն, ելնելով տեղի ներքին ու արտաքին առանձնահատկություններից: Արցախում միանգամայն կառավարելի ընթացքով տեղի է ունենում քաղաքական իրավիճակի, զուգահեռ նաեւ Երեւան-Ստեփանակերտ հարաբերության վերափոխում: Դրա դինամիկան չի բավարարի անշուշտ շատերին, որոնք չունեն քաղաքական, խմբային շահագրգռություններ, այլ Արցախում հանրային-քաղաքական կյանքի արդիականացման անկեղծ ցանկություն, համարելով, որ Արցախի իշխանությունը, որպես Հայաստանի նախկին իշխանության օրգանական մաս, ըստ այդմ պետք է հեռանա, ապամոնտաժվի:
 
Դա գործնականում անհերքելի իրողություն է, բայց մեթոդաբանությունը չի կարող կրկնել Հայաստանում տեղի ունեցածը, եթե իհարկե չի առաջանում դրա ծայրահեղ անհրաժեշտություն: Նիկոլ Փաշինյանը փաստացի հայտարարեց, որ չկա ծայրահեղ անհրաժեշտություն, եւ չկա ծայրահեղ անհրաժեշտության ռիսկ:
 
Հատկանշական է, որ դա անհանգստացրել է ոչ թե արցախյան հանրությանը, այլ Հայաստանում որոշ շրջանակների, որոնք ունեն Արցախի նոր իշխանության ձեւավորման հարցում ուղիղ շահագրգռություններ:
 
Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի քայլն անշուշտ այդ շարքից է: Հարցն այն չէ՝ նրանք դա անելիս հոգեպես ազնիվ են, թե ոչ: Ակնառու է, որ նրանց դա պետք չէր: Ըստ այդմ, հետաքրքիր է, թե ինչ է ասվել, որ Սահակյանն ու Ղուկասյանը չեն կարողացել մերժել այդ նախաձեռնությունը: Ռոբերտ Քոչարյա՞նն է նրանց ինչ որ բան ասել, թե՞ որեւէ այլ սուբյեկտ, այլ տեղից:
 
Մյուս կողմից, Դավիթ Բաբայանի հայտարարությունը, որ Բակո Սահակյանը Երեւան գալիս է ոչ իբրեւ պաշտոնական Ստեփանակերտի հավաքական կամքի ներկայացուցիչ, այս ֆոնին հատկանշական է: Մասնավորապես նաեւ այն տեսանկյունից, որ Երեւանից էլ արդեն տեւական ժամանակ պաշտոնապես Ստեփանակերտ է մեկնել
Սերժ Սարգսյանը: Ըստ երեւույթին, նա է ներկայում արտահայտում պաշտոնական Ստեփանակերտի դե ֆակտո հավաքական կամքը, եւ նրան էր ուղղված վարչապետ Փաշինյանի զգուշացումը, որ կամ Սարգսյանը կամփոփի իր հրաժարականը Արցախում էլ՝ տեղի իշխող համակարգին բացատրելով ճիշտն ու սխալը, կամ հրաժարականը կմնա փաստացի «կիսատ», ինչը կնշանակի, որ կիսատ կմնան այն անվտանգության երաշխիքները, որոնք չգրված օրինաչափությամբ հետեւում են այդպիսի պարագաներում:
 
Առավել եւս, որ Սերժ Սարգսյանն անվտանգության լրջագույն երաշխիքի անհրաժեշտություն ունի ոչ թե հեղափոխության, այլ պայմանական «հակահեղափոխության» կողմից առկա ռիսկերի համար, որոնք նրա համար ամենեւին նոր չեն եւ առնվազն ուղեկցել են նախագահության երկրորդ ժամկետը:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
 
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1781 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար