Մեսչյան. «Կոնդի վերակառուցման հայեցակարգի մշակման հանձնաժողովի աշխատանքներում կներգրավվեն նաև բնակիչները»

18-05-2019 13:33:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Երև
անի՝ կանգուն մնացած ամենահին թաղամասերից մեկի՝ Կոնդի խնդիրը տասնամյակներ շարունակ չի լուծվել՝ ավելի ու ավելի մեծ խնդիր դառնալով թաղամասի բնակիչների համար: Այստեղ չկան կենցաղային տարրական պայմաններ, այդ թվում՝ կոյուղագիծ: Բնակիչներն իրենց խնդիրներով այսօր հավաքվել էին քաղաքապետարանի առջև, մասնավորապես պահանջելով իրենց տարածքների նոր ու ճշգրիտ չափագրում: 
Նրանց ընդունեց  Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
 
Բնակիչների պնդմամբ՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում առկա չափագրման տվյալները չեն համապատասխանում փաստացի չափերին: Ոմանք սեփական միջոցներով պատվիրել են լրացուցիչ չափագրում, սակայն Կոմիտեն այդ տվյալները չի ընդունել:
«Կատարվել են թերի չափագրումներ, և հիմա մենք պահանջում ենք, որ  կատարվի լրացուցիչ չափագրում: Կան նաև տներ, որ ընդհանրապես ներառված չեն տվյալների որևէ համակարգում: Մի շարք տներ ու տարածքներ էլ մինչ օրս չեն սեփականաշնորհվել, և առկա են միայն վարձակալության պայմանագրերը, մինչդեռ օրենսդրությամբ դրանք վաղուց պետք է փոփոխված և սեփականաշնորհված լինեին»,-նշեց բնակիչներից Նաիրա Երեմյանը:
 
«Կոնդը փոքր քաղաք է, և մինչև ճշգրտումներ չարվեն, չի կարող որևէ նախագիծ լինել: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Կոնդի որևէ բնակիչ չտուժի: Դրա համար այժմ քննարկում ենք և ուզում ենք գտնել տարբերակներ, որից կշահեն և՛ բնակիչները, և ՛ քաղաքը»,-ընդգծեց Արթուր Մեսչյանը:
 
Կոնդն ամբողջությամբ հանրային գերակա շահ ճանաչելու գաղափարին բնակիչների զգալի մասը դեմ է, հատվածաբար կառուցապատման միտքն ավելի ընդունելի են համարում: Կոնդեցիներն իրենք էլ են ցանկանում, որ քաղաքը զարգանա, նաև կառուցապատվի, սակայն չանտեսվեն իրենց իրավունքները: Բացի այդ, ըստ նրանց, պետք է պահպանվի քաղաքի կոլորիտն ու պատմական կերպարը: 
Բնակիչները խոսեցին նաև մի շարք այլ
խնդիրների մասին: 
 
Երևանի գլխավոր ճարտարապետը տեղեկացրեց, որ կձևավորվի Կոնդի վերակառուցման հայեցակարգը մշակող հանձնաժողով, որի աշխատանքներում կներգրավվեն ինչպես պատմաբաններ, մշակույթի գործիչներ, այնպես էլ՝ բնակիչներ: Հայեցակարգի մշակումից հետո միայն ճարտարապետները կանցնեն նախագծային փուլին:
 
«Մեկ կամ մի քանի օրում այս բոլոր հարցերին պատասխանել, իհարկե, չենք կարող, սակայն մանրամասն ուսումնասիրելուց հետո կկազմակերպենք մեր հաջորդ հանդիպումը»,-ասաց Մեսչյանը:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 403 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար