Փաշինյանի իշխանությունը պարտավոր է շատ արագ սթափվել. «Սասնա Ծռեր»

18-05-2019 18:49:05   | Հայաստան  |  Քաղաքական
 


«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը
 
 
Հայաստանի Հանրապետությունում (Արցախը ներառյալ) իշխանությունը յուրացրած, պետությունը զավթած և այն իր հանցագործությունների գործիքի վերածած հանցավոր համագործակցության՝ 1998-2008 թթ. պարագլուխ Ռոբերտ Քոչարյանն այդ հանցավոր համագործակցության բաղադրիչ դատարանի որոշմամբ այսօր ազատվեց կալանքից:
Կատարվածը, ցավոք սրտի, սպասելի էր և օրինաչափ:
2018 թ. ապրիլ-մայիսյան համաժողովրդական ընդվզմամբ ռեժիմը տապալելուց հետո նույն ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին բացառիկ մանդատ տվեց, որը պահանջում էր առաջնորդվել հեղափոխական տրամաբանությամբ և կատարել հեղափոխական քայլեր: Մինչդեռ նրանք սկզբից ևեթ հրաժարվեցին հեղափոխությունից  ու առաջնորդվեցին
հանցավոր ռեժիմից կառավարումն իրավահաջորդի կարգավիճակով ստանձնելու տրամաբանությամբ և մինչ օրս հետևողականորեն գործում են ռեժիմի կեղծ սահմանադրությամբ, անիրավ օրենքներով և ապազգային քաղաքական կոնսպեկտներով:
Մասնավորապես՝ հանցավոր համագործակցությունը, իր կամակատար իրավապահներով ու դատավորներով հանդերձ,  պետք է կանգներ Անցումային արդարադատության ատյանի առաջ, այլ ոչ թե նրա կազմից ընդամենը մի քանիսը, դրանց թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, մասնակի մեղադրանքներով հանձնվեին իրենց իսկ նշանակած դատավորների հայեցողությանը:
Ընդ որում՝ գործընթացների զարգացումն ակնհայտորեն ցույց է տալիս, որ սխալ արտաքին քաղաքականության պատճառով Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն ըստ էության անկարող են դիմակայելու 5-րդ շարասյան ու նրա կրեմլյան տերերի ճնշումներին և, արտակարգ քայլերով վիճակը փրկելու փոխարեն, փաստացի կուլ են գնում ապազգային ու հանցավոր համակարգին, ինչը հղի է ռևանշի և պետության կազմալուծման վտանգներով:
Ստեղծված բարդ իրավիճակում, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանի իշխանությանն աջակցությունը դեռևս այլընտրանք չունի: Սակայն նա, իր հերթին, պարտավոր է շատ արագ սթափվել
և, համախմբելով առողջ ուժերին, կտրուկ ու արմատական համարժեք քայլեր կատարել կործանարար ընթացքը կասեցնելու համար: 
Բոլոր դեպքերում՝ ժողովուրդն է ազգային հեղափոխության պատվիրատուն, շահառուն և իրականացնողը, ուստի, վաղ թե ուշ, ի կատար է ածելու իր կամքը:
Մեր և մյուս առողջ ուժերի պարտականությունն է ապահովել ժողովրդի կամքի կատարումը:
 
 
18 մայիսի 2019 թ
Երևան
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 890 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար