Փաշինյանի գլխավորած կառավարող ուժը ձախողել է հեղափոխության գլխավոր նպատակը. «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԳԱ»

21-05-2019 11:36:21   | Հայաստան  |  Քաղաքական
Ռոբերտ Քոչարյանի դատական գործի և դրա շուրջ հասարակական թնջուկը, օրինաչափորեն, ի ցույց է դնում նախահեղափոխական և հետհեղափոխական Հայաստանի իշխանության և հասարակության մեջ տիրող խոր համակարգային արատավոր երևույթները: 
Մեկ տարի առաջ, Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ տեղի ունեցող հեղափոխական ալիքի պայքարի գաղափարաբանությունը հենվում էր հին, արատավոր համակարգից ազատվելու և նոր՝ արդար, կենսունակ, ժողովրդավարական համակարգի կերտման վրա: Հենց սա էր հանրային ձգտումներում ընկալվում  որպես համակարգային փոփոխությունների հիմք, որի վրա պետք է կառուցվեր նոր Հայաստանի պետականությունը՝ ընդգրկելով հասարակական, քաղաքական պետական, համահայկական  կյանքի բոլոր ոլորտները՝  կադրային քաղաքականություն, պետական կառավարում, արտաքին հարաբերություններ, սոցիալ-տնտեսական քաղաքականություն, արդարադատություն, հասարակական համերաշխություն, ազգային միասնություն և այն: 
 

Հեղափոխության հաղթանակից հետո, ստանձնելով վարչապետի պաշտոնը, Ն. Փաշինյանն ու նրա ձևավորած կառավարման մարմինները, փաստորեն, պետք է ստանձնեին հասարակական այդ պատվերն իրականացնողների պարտավորությունը: Հենց սա էր խոստանում Փաշինյանը:
Սակայն մի կողմից՝ նախկին իշխանությունների գործունեությանը քաղաքական գնահատական չտալը, մյուս կողմից՝ անհասկանալի իրավական վայրիվերումներն իրենց հետքը պետք է թողնեին հետհեղափոխական Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի վրա:
 
Եվ ամենակարևորը:  Հեղափոխական իշխանութունը, անձամբ՝ Նիկոլ Փաշինյանը, մոռացան իրենց հիմնարար խոստումներից մեկը՝ սուպերվարչապետական համակարգի կազմաքանդումը և նոր Սահմանադրության ընդունումը, ինչն էլ նոր Հայաստանում սկիզբ կդներ նոր քաղաքական համակարգի և առողջ և վստահելի իրավահարաբերությունների ձևավորման:
 
Այսօր, ներհայաստանյան կյանքի վայրիվերումներն ի ցույց են դնում Փաշինյանի և իր թիմի մեկամյա գործունեության սխալներն ամենատարբեր ոլորտներում՝ 
 
- Կառավարման համակարգում. 
 
Նոր իշխանությունները, ժառանգելով նախկիններից փոխանցված քաղաքական համակարգը, շարունակում են իրականացնել նույն համակարգային սխալները՝ կառավարելով սուպերվարչապետական սկզբունքներով: Հեղափոխության ժամանակ խոստացած նոր Սահմանադրության մշակումը դուրս է մղվել կառավարող կուսակցության քաղաքական օրակարգից: 
 
Փաշինյանի անմիջական ղեկավարությամբ կազմակերպված, թեպետ ազատ, օրինական  ընտրությունների արդյունքում,
իրականում ձևավորվել է ապաքաղաքական, անաշխատունակ խորհրդարահ, ինչը խորացրել է պառլամենտարիզմի և քաղաքական բազմակարծության  հերթական հետընթացը: 
 
Կոռուպցիայով և կաշառակերությամբ հաստատված բարքերը, թեպետ քողարկված, շարունակում են քայքայել հասարակությունն ու պետությունը:  Պետական և հանրային ունեցվածքի կողոպուտն ու վատնումը, մի շարք դեպքերում, օրինականացվում և արդարացվում է: 
 
- Կադրային քաղաքականության մեջ՝
 
«Նոր իշխանություն՝ նոր կադրեր» սկզբունքի ծայրահեղականացման, իրականում՝ դրա խեղաթյուրման հետևանքով պետական կառավարման մարմինները լցվեցին խիստ անփորձ, ոչ բանիմաց, նեղ աշխարհահայացք ունեցող, քաղաքական  պատկերացումներից զուրկ կադրերով: 
 
Արդարադատության և դատաիրավական համակարգում.
 
Նոր իշխանությունների վարած քաղաքականությունը տեղապտույտ տվեց նաև արդարադատության և դատաիրավական համակարգում: Հռչակելով արդարադատության հաստատում՝ հեղափոխական իշխանությունները փորձեցին հենվել նախկին իշխանությունների ժամանակ արատավոր մեթոդներով ընտրված կադրերի վրա, որոնք որևէ աղերս չունեին հեղափոխության սկզբունքների հետ: Ի վերջո, նրանք էլ այսօր էլ իրականացնում են Քոչարյանի դատավարությունը և ըստ այդմ՝ կայացած որոշումը միանգամյան սպասելի էր: 
 
Բարձրագույն դատական խորհուրդը, որը նախկին իշխանությունները ստեղծել էին որպես համակարգի մի պնդօղակ, շարունակում է գործել և ղեկավարել նախկինում սահմանադրական արդարադատությունը բազմիցս տապալած անձի կողմից: 
 
 
Հասարակական համերաշխություն.
 
Փաշինյանի և նրա թիմի, ինչպես նաև հասարակական ուղղորդվող տրամադրությունների հետևանքով անտեսվեցին հասարակական տարբեր խավերի, մասնագիտական տարբեր խմբերի շահերն ու իրավունքները:  Հասարակության շարունակական բևեռացումը հնարավորություն չի տալիս զբաղվելու պետական հիմնախնդիրների վերհանմամաբ ու դրանց լուծումներով: 
 
  Մինչդեռ հայ ժողովրդի հավաքական շահը պահանջում է միավորել ողջ հայությանը՝ Հայաստանի պետությունը և հայ ժողովրդի համար նոր, բարձր, նպատակների սահմանման և իրականացման համար:  
 
Հաստատված իրավիճակի գնահատականը մեզ հիմք է տալիս պնդելու, որ Փաշինյանի գլխավորած կառավարող ուժը, առարկայական և ենթակայական պատճառներով, ձախողել է հասարակության պատվիրակած հեղափոխության գլխավոր նպատակը՝ իրականացնել հիմնարար հասարակական-քաղաքական փոփոխություններ: 
 
       «Քաղաքական լիգան»
համոզված է, որ Հայաստանի հանրության և պետության առաջընթացի ապահովման համար հասարակական-քաղաքական խորքային փոփոխություններն այլընտրանք չունեն: Վերջին օրերի ճգնաժամը ցույց է տալիս, որ դրանց իրականացման անտեսումը հղի է նաև հին համակարգի վերակենդանացմամբ: 
 
      «Քաղաքական լիգան» կոչ է անում Փաշինյանին և նրա թիմին գիտակցել պահի պատմական լրջությունը և հասարակության առաջադեմ խավերի ներգրավմամբ սկսել հիրավի հիմնարար փոփոխություններ՝ առաջին հերթին նախաձեռնելով Սահմանադրության նոր հիմնադրույթների մշակումը, ընդունումը և նոր քաղաքական համակարգի, կառավարման այլ մոդելի կայացումը՝ ապահովելով ներկայացուցչական ժողովրդավարական հաստատությունների  կենսագործունեությունը և իշխանության բոլոր ճյուղերի սահմանադրական տարանջատումը: 
 
 
Քաղաքական լիգա
21. 05. 2019թ.
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 712 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար