Երևանում մեկնարկել է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարում» խորագրով տարածաշրջանային աշխատաժողովը

21-05-2019 17:06:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Մայիսի 21-ին Երևանում մեկնարկել է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարում» խոր
ագիրը կրող տարածաշրջանային աշխատաժողովը։ Այն համատեղ կազմակերպել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Մտավոր սեփականության գործակալությունը և Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը/ՄՍՀԿ (նստավայրը՝ Ժնև)։  
Միջոցառմանը մասնակցել են ոլորտը համակարգող պետական կառույցների պաշտոնյաներ, ոլորտի միջազգային և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ Հայաստանից, Բելառուսից, Բուլղարիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Լեհաստանից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից։  
 
Միջոցառման պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը և  Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության անցումային և զարգացած երկրների վարչության աջակցության ծրագրի պատասխանատու Ալեքսանդր Շևչենկոն։
 
Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին և շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին՝ Ավագ Ավանեսյանը նշել է, որ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության հետ համատեղ բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել՝ նվիրված մտավոր սեփականության իրազեկման բարձրացման, իրավունքների պաշտպանության և ոլորտի զարգացման այլ խնդիրներին։ «Տեխնիկայի և տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ ներկայումս աշխարհում ընդլայնվում են ստեղծագործությունների օգտագործման և տարածման հետ կապված հնարավորությունները, ինչն իր հերթին հանգեցնում է նոր և չիրագործված իրավահարաբերությունների առաջացմանը։ Այսօր թվային միջավայրում և գլոբալ ցանցերում ստեղծագործությունների օրինական օգտագործումն ապահովելու նպատակով անհրաժեշտ են պահպանության հուսալի միջոցներ։ Ստեղծագործության օգտագործման նոր ձևերի առաջացումը, ինտերնետը և թվային տեխնիկան հանգեցրեցին հեղինակային իրավունքի օրենսդրության վերանայմանը։ Անցյալ տարի մշակվել և այս տարի կառավարության քննարկմանն է ներկայացվել «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» նոր օրենքի նախագիծը», որը լիովին համապատասխանեցված է միջազգային նորմերին և եվրոպական ստանդարտներին։ Չնայած օրենսդրական դաշտի կարգավորումներին և բնագավառի բարեփոխումներին, մեր երկրում դեռևս մի շարք խնդիրներ կան», - ասել է նախարարի տեղակալը  և համոզմունք հայտնել, որ աշխատաժողովը լավ հարթակ կհանդիսանա ոլորտի արդիական խնդիրները քննարկելու և դրանց լուծման համար արդյունավետ ուղիներ գտնելու համար։ 
 
Ալեքսանդր Շևչենկոն իր հերթին ողջունել է միջոցառման մասնակիցներին, հատուկ շնորհակալություն հայտնել Մտավոր սեփականության գործակալության պետ Երեմ Չախոյանին՝ աշխատաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար, նաև հույս է հայտնել, որ միջոցառումն արդյունավետ կանցնի
փորձի և տեղեկատվության փոխանակման, ոլորտի օրենսդրական բացերը հայտնաբերելու և խնդիրները միասնական մոտեցումներով լուծելու առումով։ Նա նաև հակիրճ ներկայացրել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության գործունեությունը, հայտնելով կազմակերպության պատրաստակամությունն աջակցելու ոլորտի բարեփոխումների իրականացմանը։  
 
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են հեղինակային իրավունքի ոլորտում արդիական խնդիրները (ստեղծագործությունների հրապարակային օգտագործումը, օնլայն օգտագործման լիցենզավորման հետ կապված կարգավորումները, հեղինակների գույքային իրավունքները, կոլեկտիվ հիմունքներով կառավարվող կազմակերպությունների դերն ու նշանակությունը և այլն), մարտահրավերները և միջազգային զարգացումները:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 303 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար