Նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Տալլինում մասնակցում է էլեկտրոնային կառավարման 5-րդ միջազգային համաժողովին

21-05-2019 18:13:26   | Էստոնիա  |  Մամլո հաղորդագրություն
 


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 21-22-ը Տալլինում մասնակցում է էլեկտրոնային կառավարման 5-րդ միջազգային համաժողովին։ 
 
Համաժողովի հանդիսավոր բացման ընթացքում ելույթներով հանդես են եկել Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդը, ՄԱԿ-ի փոխքարտուղար Ֆաբրիսիո Հոսչիլդը, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Անդրուս Անսիպը։ 
 
Բացման արարողությունից հետո Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլադի հետ հանդիպման ընթացքում նախարար Արշակյանը նախագահին և մասնակից բարձրաստիճան պաշտոնյաներին է ներկայացրել
Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները,  նորաստեղծ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջնահերթությունները։ 
 
Ներկայացուցչական այս համաժողովը առանձնահատուկ մի հարթակ է էլեկտրոնային կառավարման ոլորտի մասնագետների և փորձագետների հանդիպման, փորձի փոխանակման համար։ Համաժողովի ընթացքում հնարավոր կլինի ոչ միայն ծանոթանալու թվային տնտեսության ռազմավարությունների համաշխարհային առաջատար փորձին՝ հետագայում այն կիրառելով Հայաստանի թվայնացման օրակարգում, այլև ներկայացնելու Հայաստանի կառավարության տեսլականը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման, տվյալների կառավարման ռազմավարության՝ թվային օրակարգի մշակման գործընթացների վերաբերյալ, ինչպես նաև գործընկերներին ներկայացնելու հայկական ընկերությունների հնարավորությունները։ 
 
Երկօրյա համաժողովի շրջանակներում մասնակիցները կներկայացնեն իրենց երկրների թվայնացված պրոդուկտներն ու մոդելները։ 
 
էլեկտրոնային կառավարման 5-րդ միջազգային համաժողովի շրջանակներում տեղի կունենա նաև նախարարական նիստ, որտեղ ելույթ կունենա ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։ 
 
Նախարարը երկկողմ հանդիպումներ կունենա տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների, ոլորտի պատասխանատուների հետ։ Միջազգային խոշոր այս համաժողովին մասնակցում են 110 երկրների 450-ից ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ, հեղինակավոր ընկերությունների ղեկավարներ, ոլորտի մասնագետներ։
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 393 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար