Ֆելիքս Ցոլակյանը հյուրընկալել է ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Մուհամմադ Ալ Զաաբիին

22-05-2019 14:56:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Մայիսի 22-ին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամմադ Ալ Զաաբիին:
 
Հանդիպման նպատակն էր քննարկել արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-արաբական համագործակցության հեռանկարները:
 
Ողջունելով հյուրերին՝ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հիշատակեց 2016 թ. նոյեմբերի 10-ին Դուբայում ԱԻՆ և ԱՄԷ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի արտակարգ իրավիճակների, ճգնաժամերի և աղետների կառավարման ազգային վարչության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, որի արդյունավետ իրագործման համար
առաջարկեց երկու կողմերից նշանակել համակարգող պատասխանատուներ: 
 
Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ երկու երկրներում տեղի ունեցող աղետները տարբերվում են իրարից, մասնավորապես՝ ՀՀ-ին բնորոշ են անտառային հրդեհները, տեղումների հետևանքով առաջացող աղետները:
 
Նախարարը հետաքրքրվեց ԱՄԷ-ում կիրառվող փորձով, հատկապես, բարձրահարկ շենքերի հրդեհների մարման և բնակչության տարհանման ժամանակ կատարվող աշխատանքներով:
 
Մուհամմադ Ալ Զաաբին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշեց, որ որպես երիտասարդ պետություն, ԱՄԷ-ն կարևորում է ավելի հին պետությունների փորձը:
 
Նա կարևորեց, իրենց երկրի կառուցման և կայացման գործում մեր հայրենակիցների ավանդը:
 
Դեսպանն ուրախությամբ փաստեց, որ մեր երկու երկրները նման են անվտանգության և ապահովության առումով:
 
Նա նշեց, որ ԱՄԷ-ն հնարավորինս օժանդակում է բարեկամ երկրներին՝ շեշտելով, որ ունի իր երկրի արտգործնախարարի հանձնարարությունը՝ մանրակրկիտ և արդյունավետ աշխատանք իրականացնել հայաստանյան կառույցների հետ:
 
Այս առումով՝ դեսպանն առանձնապես կարևորեց հումանիտար առաքելություն ստանձնած ԱԻ նախարարության հետ կատարվող աշխատանքը:
 
Նախարար Ցոլակյանը և դեսպան Ալ Զաաբին պայմանավորվեցին պարբերաբար հանդիպել և գործնական լուծումներ տալ առկա մարտահրավերներին:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 411 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար